«Կարմիր» գոտում հայտնվելու գլխավոր պատճառը «Դելտա» շտամի առկայությունն է մեր երկրում. Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, COVID 19-ի տարածման ու դեպքերի թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Հայաստանը Եվրամիության չափանիշներով հայտնվել է համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում: Սրանով էլ պայմանավորված դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ Հայաստանի քաղաքացիները կարո՞ղ են մուտք գործել այդ երկիր, թե՞ ոչ: Կասե՞ք՝ խոսքն ինչ չափանիշների մասին է:

– Եվրամիության չափանիշները բավականին խիստ են, և ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ գտնվում «կարմիր» գոտում: Մոտ երկու ամիս առաջ «կանաչ» գոտում էինք, «նարնջագույն» գոտին շատ արագ անցանք, որովհետև դեպքերի կտրուկ աճ գրանցեցինք ու հայտնվեցինք «կարմիր» գոտում արդեն ամսից ավելի: Սա հիմնականում պայմանավորված է անվտանգության կանոնները չպահպանելով, նաև պատվաստումների հետ կապված բավականին ցածր ցուցանիշի արձանագրմամբ, ինչը բերում է հիվանդության տարածմանը: 

«Կարմիր» գոտում հայտնվելու գլխավոր չափանիշը կամ պատճառն այն է, որ բացահայտվեց, որ Հայաստանում արդեն կա «Դելտա»  շտամ, որն ի տարբերություն նախորդ շտամների, եթե նախորդ շտամների դեպքում մեկ անձը վարակում էր 2-3 անձի, «Դելտայի»  պարագայում մեկ անձը վարակում է 6-8 անձի, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ վարակը շատ տարածվեց, ու մենք ունեցանք կտրուկ աճ: 

Ընդհանուր թեստավորվածների մեջ ավելացավ նաև դրականի մասնաբաժինը, որը Եվրամիության չափանիշներից մեկն է: Եվրամիությունն ընդունում է 4 տոկոսը, մենք միջինում արդեն ունենք 8,8 տոկոս: 14 օրվա համեմատականներով՝ ավելացավ նաև հիվանդացության ցուցանիշը:

Այս պահին ունենք հիվանդացության աճ 21 տոկոսով՝ 14 օրերի համեմատականով, իսկ նախկինում շատ ավելի բարձր էր այդ տոկոսը, և ունենք վարակի վերարտադրողական ցուցանիշի նվազում, այսինքն՝ դեպքերի որոշակի բարձր թվերի վրա կարող ենք կայուն իրավիճակ արձանագրել:

Նշեմ, որ 0-10 տարեկան երեխաների շրջանում ունենք հիվանդացության աճ՝ 1,2-1,4 անգամ, գրեթե բոլոր մարզերում ունենք հիվանդացության աճ, բայց առավել շատ մշտապես Երևանն է եղել առաջինը, բայց կտրուկ աճ ունենք Արմավիրի ու Վայոց ձորի մարզերում: 

– Իսկ երեխաների մոտ հիվանդացության աճն ինչո՞վ եք պայմանավորում:

 – Եթե նախկին շտամների դեպքում երեխաներն առանց ախտանշանների էին տանում հիվանդությունը, ինչն ապացուցվում էր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված տարբեր հետազոտություններով, ապա այս դեպքում, փաստորեն, մենք արձանագրում ենք, որ երեխաները վարակվելիս ունենում են ախտանշաններ, որովհետև այս դեպքերը, որոնք մենք վիճակագրորեն հավաքում ենք, այն երեխաներն են, ովքեր ախտանշաններ ունենալիս դիմել են բժշկական կազմակերպություններին:

– Տիկի՛ն Աբովյան, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ Հայաստանը կարողանա դուրս գալ «կարմիր» գոտուց:

– Անկեղծ ասած, ոչինչ չեմ կարող ասել: Ամենը կախված է, թե ինչ պատվաստումային կարգավիճակ կունենա Հայաստանը, որովհետև ապացուցվել է, որ այն երկրները, որոնք ունեն պատվաստումային բարձր ցուցանիշներ, նրանց մոտ հիվանդացությունը կտրուկ նվազման միտում է ունեցել:

Կան երկրներ, որոնք սահմանափակումներն են հանել, քանի որ ունեն պատվաստումային բարձր ցուցանիշներ: Նաև անվտանգության կանոնների պահպանումից է կախված, թե ինչ կանխատեսում կարող ենք ունենալ, այսինքն՝ դա մեր բնակչության վարքագծից, տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների վարքագծից է կախված:

– Հայաստանի համաճարակային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Կայուն իրավիճակ է, բայց բարձր թվերով դեպքերի պարագայում: Մենք կտրուկ նվազում չունենք, մեր օրական միջին դեպքերի թիվը 550-580 է, ինչը բավականին լուրջ թիվ է: Այսինքն՝ կարող եմ ասել, որ վարակի տարածման տեմպը դանդաղել է, բայց մենք ունենք ռիսկային ևս 10 օր, քանի որ սեպտեմբերի 1-ից մեկնարկել է ուսումնական տարին, իսկ մենք պետք է իրականացնենք գնահատում առաջին գաղտնի շրջանի ժամանակահատվածը, երբ կանցնի ու ինչ կարձանագրենք այդ ժամանակ: Այս առումով ու նաև նրանով, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում, մտավախություն կա, որ կարող ենք դեպքերի աճ ունենալ:

– Տիկի՛ն Աբովյան, դեպքերի աճին կարող է նպաստել նաև եղանակի ցրտե՞լը:

– Այո՛, քանի որ ցուրտ եղանակը սուր շնչառական վարակների ակտիվությանը բնորոշ է, ու հիշենք, որ կորոնավիրուսը ևս սուր շնչառական վիրուս է: Իսկ դրանք ունեն սեզոնային բնույթ, այսինքն՝ ցուրտ եղանակին ավելի են ակտիվանում:

– Իսկ հիվանդանոցների ծանրաբեռնվածության աստիճանն ինչպե՞ս կգնահատեք:

– Բավականին ծանրաբեռնված են, վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին հիվանդանոցներ են վերաբացվել: Հոսպիտալացվածների թիվը միջինում 1,5 անգամ ավելացել է՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ: Չի բացառվում, որ այդ ծանրաբեռնվածությունը պայմանավորված է հենց «Դելտա»  շտամով, քանի որ այն առավել շատ ախտանշանային հիվանդություն է առաջացնում՝ ի տարբերություն նախորդ շտամի:

– Տիկի՛ն Աբովյան, եթե դեպքերի նման աճը շարունակվի, անհրաժեշտություն կլինի՞ վերադառնալ խիստ սահմանափակումների:

– Կարող եմ ասել, որ նախարարությունը յուրաքանչյուր խստացում կամ սահմանափակում իրականացնում է՝ ելնելով համաճարակային իրավիճակից, իսկ խստացումներն ու մեղմացումները կիրականացվեն՝ գնահատելով առկա իրավիճակը: Այս պահին ունենք այս իրավիճակն ու իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումների փոփոխություններ, եթե ունենանք ավելի բարվոք իրավիճակ, դրանք կմեղմացվեն, եթե՝ հակառակը, միանշանակ կլինեն նաև ավելի խիստ սահմանափակումներ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am