«Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը տրամադրված է ապացուցելու, որ գույքն ապօրինի չէ». Խաչատրյանները ծանոթանում են ապօրինի գույքի մասին դատախազության նյութերին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարստացման պատմությունը իրավապահների դիտակետում է: Նախկին պաշտոնյայի փաստաբանն այս օրերին ուսումնասիրում է գլխավոր դատախազության ներկայացրած նյութերը:

«Խաչատրյանները դիմել են, որ ներկայացնեմ իրենց: Հազարավոր էջեր են՝ 7-8 հազար թերթ, շատ ծանր գործ է, հատ-հատ պետք է նայեմ, ուսումնասիրեմ բոլոր էջերը»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան ՄարտինԶիլֆուղարյանը:

Այդ հազարավոր էջերը վերաբերում են Սուրիկ Խաչատրյանի ունեցած անշարժ ու շարժական գույքերին և, առհասարակ, նախկին պաշտոնյայի հարստացմանը:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք փետրվարի 24-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ավելին, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն իր վստահորդ Խաչատրյանները ապօրինի հարստացման դեպքով հարուցված քրեական գործի վերաբերյալ, փաստաբանը արձագանքեց.

«Դեռ ուսումնասիրում ենք, հստակ ոչինչ չեմ կարող ասել, մեզ տվել են ժամանակ, հիմա մենք օգտագործում ենք այդ ժամանակը ուսումնասիրելու վրա: Ես կարող եմ ասել միայն, որ Խաչատրյանի ընտանիքը տրամադրված է հիմնավորելու, որ գույքը ապօրինի չէ»:

Հայաստանի գլխավոր դատախազությունը, ամփոփելով ապօրինի գույքի բռնագանձման գործերով քննության արդյունքները, տեղեկացրել էր, որ 2021-ինբացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ ՀՀ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց։

Ըստ դատախազության՝ այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021 թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ 2021 թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022-ին:

MediaLab.am