«Տղուս սիրած տորթն եմ թխել, մոմ ու փուչիկներ եմ բերել»․ որդեկորույս մայրն ասում է՝ տղայի 20-ամյակը լրիվ այլ կերպ էր պատկերացրել

42-ամյա Ալյոնա Խանգալդյանը հուզմունքով ասում է՝ լրիվ այլ կերպ էր պատկերացնում որդու 20-ամյակը նշել՝ ռեստորանում, բարեկամների-ընկերների շրջապատում,  ուրախ երաժշտության ներքո, սակայն, ճակատագրի բերումով, Եռաբլուր է գնում ու այնտեղ տանում տորթն ու փուչիկները։

«Տղուս սիրած տորթն եմ թխել՝ մեջը լիքը բանան, մոմեր եմ դրել, որ երեխեքը փչեն մոմերը, ինչ անում եմ, էստեղ եմ անում։ Ինքը պետք ա մի քանի ամսից գար՝ բանակի քեֆն ու ծնունդը միասին մեծ նշեինք, բայց․․․»- արցունքների միջից ասում է Ալյոնան, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

Ալյոնայի որդին՝ 18-ամյա Արմեն Խանգալդյանը, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Արմենը կռվել է հակառակորդի դեմ մինչև հոկտեմբերի 20-ը։

Մայրն ասում է՝ որդին հոկտեմբերի 19-ին է վերջին անգամ զանգել, ասել, որ ամեն ինչ կարգին է, էլի կզանգի, սակայն այդպես էլ չի զանգել։ Խանգալդյանները այդ օրվանից որդուց լուր չեն ստացել, մարտին ԴՆԹ-ով պարզվել է, որ տղան զոհվել է։

«Ոչ մի լուր չենք ունեցել, ամեն տեղ գնացել ենք՝ մորգերով, հիվանդանոցներով, հույս ենք ունեցել, որ ինքը գերի ա կամ մի տեղ ա։ Չգիտեմ՝ մինչև հիմա հուսով եմ, որ ողջ ա, չեմ համակերպվում, չեմ հավատում»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Ալյոնան ասում է՝ հետո են իմացել, որ որդին զոհվել է ընկերոջը օգնության հասնելիս, ընկերը վիրավորվել է, ինքը մոտեցել է, դիպուկահարը հարվածել է, երկուսն էլ միասին զոհվել են։ 

Արմեն Խանգալդյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արմենը տարբերվում էր իր գիտելիքներով, վարքով, ուշադրությամբ և հոգատարությամբ՝ ասում է մայրը։

«Գերազանցիկ էր, պատմություն շատ էր սիրում, լավ պատմություն գիտեր, ուզում էր պատմաբան դառնալ»,- ասում է մայրը ու հավելում՝ որդին շատ աշխույժ էր, մասնակցել է դպրոցի բոլոր միջոցառումներին, սպորտով է զբաղվել, սիրել է ֆուտբոլ, կարատե, մասնակցել մրցումների, արժանացել բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի։ 

Ալյոնան ասում է՝ որդին շատ հոգատար էր տան անդամների՝ ծնողների, քույրերի նկատմամբ։ Մտադիր էր բանակից գալ և տունը վերակառուցել։ Սիրում էր տոներին մշտապես անակնկալներ մատուցել հարազատներին։

«Ամեն Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին նվերներ էր առնում, ծաղիկներ, ուրիշ ձևի երեխա էր։ Ուզում էր՝ քույրը պարի գծով շարունակեր, ընդունվեր, հիմա աղջիկս եղբոր թոշակով մասնակցում ա պարի դասերի»,- ասում է մայրը ու նշում՝ որդին շատ երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ, ուզում էր շուտ ամուսնանալ, մոր հորդորով որոշել էր սպասել, բանակից հետո ամուսնանալ:

Ալյոնան ասում է՝ որդու զոհվելուց հետո ամեն ինչ գլխիվայր է շրջվել:  Կյանքը դարձել է աննպատակ ու անիմաստ։

«Երկու աղջիկ ունեմ, ասում են՝ ինչի՞ ես տենց ասում, ապերի հետ մենք էլ կանք, ասում եմ՝ դուք ուրիշ եք, ապերը՝ ուրիշ»։

Ալյոնան ասում է՝ առավոտյան արթնանում է՝ որդուն է հիշում, քնում է՝ որդուն հիշում։ Օրն անցնում է որդու հետ զրուցելով, գերեզման գնալով։

«Առավոտը հելնում եմ, բարի լույս եմ տալիս, գիշերը՝ բարի գիշեր։ Աստծուց խնդրում եմ, որ ինքը գերի լինի ու գա, բաց եթե գերի լիներ, գոնե մի լուր կլիներ»,- հուզմունքով ասում է մայրն ու նշում՝ հոգու խորքում սպասում է հուլիսի 16-ին, այն օրվան, երբ որդին պետք է ծառայությունն ավարտեր ու տուն գար։

Արփինե Արզումանյան

MediaLab.am