Սննդամթերքի անվտանգություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության պակասը ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը լուրջ և ցավալի է համարում:
Սակայն, նրա կարծիքով, խնդիրը խորքային է, երկար տարիների ընթացքում կուտակված, չլուծված հարցերը նման իրավիճակ են առաջացրել:
«Երկար տարիներ սննդի անվտանգության և, ընդհանրապես, հանրային առողջության հարցերին նայել են մատների արանքով ու երկարաժամկետ, հեռանկարային ծրագրեր, լուծումներ չեն առաջարկվել, ի հետևանք նման իրավիճակ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:
Հայաստանի ագրարային համալսարան դիմելիության ցուցանիշի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի կտրուկ նվազում է այս համալսարան դիմորդների թիվը: 2021-ին համալսարան դիմել է 256 դիմորդ, իսկ ահա 2022-ին՝ 192: 2021-ին ընդունվել են 89-ը, սակայն այս տարի արդեն 38 դիմորդ է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:
2022-2023 ուսումնական տարում Ագրարային համալսարանին հատկացվել է առկա ուսուցման 930 անվճար և վճարովի տեղ:
Այս համալսարան այս տարվա 192 դիմորդից 97-ը ցանկացել են ընդունվել տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներ: 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել: Օրինակ՝ կարևորագույն այնպիսի մասնագիտությունների բաժիններ, ինչպիսիք են անասնաբուժական-սանիտարական փորձաքննությունը, սննդամթերքի անվտանգությունը, զրո դիմորդ ունեն: Այսինքն՝ այս մասնագիտություններով Ագրարային համալսարանն այս տարի ուսանող չունի:
Զրո դիմորդ են ունեցել նաև «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Ագրոէկոլոգիա» և այլ մասնագիտացմամբ ֆակուլտետները:
35-ամյա Դավիթ Պիպոյանը հիշում է՝ երազում էր սննդամթերքի անվտանգության մասնագետ դառնալ, բայց դրա համար այն ժամանակ նախ պետք էր սովորել անասնաբուժական ֆակուլտետում, հետո միայն սովորելու ընթացքում մասնագիտանալ սննդամթերքի անվտանգության ոլորտում: «Ես միշտ ասում եմ՝ եթե կրթության հինգ հնարավորություն ունենայի, ապա հինգ անգամ էլ իմ կրթական գործունեությունը կսկսեի հենց Ագրարային համալսարանից»,- նշում է նա, որն իր կրթական գործունեությունը շարունակել է նաև արտերկրում, հետո տեղափոխվել Հայաստան:
Պիպոյանն ասում է՝ տարբեր բուհերից ուսանողները մեկ կիսամյակ իրենց կենտրոնում գործնական պարապմունքներ են անցնում, և երևում է, որ ամենևին էլ հետաքրքրված չեն այդ մասնագիտություններով:
Եվ դա նույնիսկ այն պարագայում, երբ, նրա խոսքով, վերջին տարիների ընթացքում սննդի անվտանգության ոլորտում ուսուցման ծրագրերն արդիականացվել են, կարողությունների զարգացում է կատարվել, որպեսզի մարդիկ Հայաստանում ժամանակակից կրթություն ստանան: Սակայն նման ցածր պահանջարկը, նրա պնդմամբ, ցավալի է:
«Ես որպես մասնագետ եմ ասում՝ խիստ մտահոգիչ է, որ այդքան ցածր հետաքրքրություն կա, այդքան քիչ դիմորդ կամ ընդհանրապես դիմորդ չկա: Գործուն քայլեր են պետք անել: Կներեք, բայց սա այնպիսի մասնագիտություն չէ, որ ինքնահոսի թողնենք: Ի վերջո, սա պետության համար անվտանգային հարցերում շատ կարևոր մասնագիտություն է, ամբողջ աշխարհում տեսնում եք պարենային խնդիրների հրատապությունը: Հայտնի խոսք կա, չէ՞, գյուղն է քաղաքը պահում: Առանց մասնագիտական բավարար գիտելիքների ինչպե՞ս կարող ենք այդ խնդիրները հաղթահարել»,- նշում է Դավիթ Պիպոյանը:
Նա ասում է՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ծերացում է գնում, և երիտասարդ մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: «Երիտասարդ, օտար լեզուներին տիրապետող մասնագետներ գտնելը դարձել է շատ դժվար: Ես հաճախ ասում եմ՝ գիշեր-ցերեկ վազվզում ենք, էնքան գործ կա անելու, ու դա իրականություն է, քանզի ոլորտում իսկապես պրակտիկ, գործ անող մասնագետների պակաս կա»,-ասում է մասնագետը:
Իրավիճակը շտկելու և լուծում գտնելու համար, Պիպոյանն աում է՝ պետք է ռազմավարություն մշակել, կետ առ կետ նախանշել խնդիրներն ու անելիքները ու շարժվել դրանց լուծման ուղղությամբ:
«Պետք է մշակել սննդամթերքի անվտանգության ռազմավարություն, որում պետք է հստակ մատնանշել հեռանկարային պլանավորումն ու մասնագետների պատրաստումը: Բայց ցավալի է, որ այս խնդիրը ոչ մեկը չի հասկանում, ու այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվում»,- ասում է նա:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am