«Ամուսինս երազում էր յոթ որդի ունենալ»․ Վանաձորի երկու ընտանիքում յոթերորդ երեխաներն են լույս աշխարհ եկել

Մեկ օր տարբերությամբ, 37-ամյա Լիլիթ Մոսինյանը՝ սեպտեմբերի 29-ին, 36-ամյա Արմենուհի Հովհաննիսյանը՝ սեպտեմբերի 30-ին, յոթերորդ երեխան են լույս աշխարհ բերել Վանաձորի բժշկական կենտրոնում։ 

Յոթերորդ որդուն լույս աշխարհ բերած Լիլիթ Մոսինյանը «Մեդիալաբին» ասում է, որ ամուսնու երազանքն էր յոթ որդի ունենալը։

«Առաջնեկի ծնունդից հետո միշտ ասում էր՝ յոթ տղա ու մեկ աղջիկ ունենանք»,- պատմում է Լիլիթն ու ժպտալով հավելում՝ յոթ որդի արդեն ունեցել են, իսկ աղջկա համար ժամանակը ցույց կտա՝ Աստծո կամոք։

Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով։

Լիլիթն ասում է՝ ներքին համոզմունք ուներ, որ կրկին տղա է լինելու, թեպետ հոգու խորքում հույս էր փայփայում, որ 6 տղայից հետո աղջիկ լինի։

Լիլիթը երեխայի սեռն իմանալուց հետո ամուսնու երազանքի կատարման մասին նրա 39-ամյակին է հայտնել՝ անակնկալ ձևով։

«Ամուսնուս ծննդյան տորթի վրա գրել էինք՝ 7-րդ հրաշալիքը ու տորթը կտրեցինք, հասկացավ, որ տղա է, տորթի միջուկը կապույտ գույնի էր»,- պատմում է Լիլիթն ու ասում, որ ինչպես ամուսինը, այնպես էլ մյուս վեց տղաները, բարեկամներն ու անգամ հարևանների երեխաները շատ ոգևորված են յոթերորդ երեխայի ծննդով։

«Անգամ հարևանների բալիկներն իրենց մամաներին համոզում են, որ շատ բալիկներ ունենան, համեմատություն են անում»,- ասում է յոթ որդիների մայրը ու նշում, որ այժմ միակ երազանքն է, որ որդիները մեծանան խաղաղ երկնքի ներքո։

«Ե՛վ մեր, և՛ բոլորի համար միայն խաղաղություն եմ ուզում։ Պատերազմից հետո ոչ մի այլ ցանկություն չունեմ, բացի խաղաղությունից»,- ասում է Լիլիթը։

Երեք աղջիկ և երեք տղա ունեցող Հովհաննիսյանները ևս յոթերորդ երեխան են ունեցել։

Արմենուհին ասում է՝ մի փոքր առողջական խնդիր է ունեցել, սակայն Աստծո կամոք ամեն ինչ բարեհաջող է ընթացել։

«Աստված տվել է, շնորհակալ եմ Աստծուն էլ, բժիշկներին էլ։ Ես մի փոքր նեղվում էի ֆինանսական հարցից, սակայն ամուսինս ասեց՝ որտեղ վեց, էնտեղ յոթ էրեխա, էրեխուն շատ չեն ասում, Աստված տվել ա, իրա ղսմաթը իրա հետ ա»,- ասում է յոթ երեխաների մայրը։

Հովհաննիսյանի յոթերորդ երեխան ծնվել է 2850 գրամ քաշով, 48 սմ հասակով։

Արմենուհին ասում է՝ տան վեց երեխաները անհամբեր սպասում են՝ տեսնելու իրենց նորածին եղբորը։

«էն կարգի են ուրախացել, որ չեն համբերում, 3 տարեկան Հովհաննեսս ասում է՝ մամա, արի տուն, բեր կուկուին, որ խաղամ»,- ժպտալով ասում է Արմենուհին։

Արմենուհին ասում է՝ երեխաների համար ցանկանում է, որ լավ ուսում ստանան, որևէ բանի կարիք չունենան և, ամենակարևորը՝ խաղաղ պայմաններում մեծանան։

«Ամենակարևոր մեծ ցանկությունս էն ա, որ խաղաղություն լինի, ինչպես նաև կարողանանք երեխաներին լավ պահել»,- ասում է մայրն ու նշում՝ այժմ սուղ եկամուտ ունեն՝ ամուսինը բանվորությամբ է զբաղվում, 63000 դրամ նպաստ են ստանում, որը բավարար չէ երեխաների բոլոր կարիքների լուծման համար։

Արփինե Արզումանյան

MediaLab.am