Մորթվող գառան հեզությամբ չպետք է ամեն ինչ կուլ տանք, ի վերջո գոյություն ունի ազգային շահ. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական կողմից Հակարի կամրջի փակումն ու Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն ի՞նչ իրական վտանգներ են ստեղծել Արցախի ու Հայաստանի համար։

– Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա, ադրբեջանցիների տեղակայած անցակետն Արցախն ուղղակիորեն կտրում է Հայաստանի հետ անմիջական կապից, հնարավորություն են ստանում ընդհուպ անձնագրային ռեժիմով ստուգել մեր քաղաքացիների ինքնությունը, ստուգել ցանկացած բեռ, որն իր մեջ բավական մեծ սպառնալիքներ է պարունակում։ 

Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններում գոյություն ունի ինչ-որ ցուցակ, որում ընդգրկված են հայազգի այն գործիչները, որոնք, ըստ ադրբեջանական օրենսդրության, համարվում են պետական հանցագործներ, ու ցանկացած քաղաքացի այդ անցակետով անցնելու դեպքում կարող է ուղղակիորեն հայտնվել Բաքվի բանտերում՝ որպես պետական հանցագործ։ 

Այս ամենում վատթարագույնն այն է, որ Ադրբեջանի համապատասխան լրատվական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ այս մասին տեղյակ են պահվել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ու Ակնայում տեղակայված թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնը, ինչը թույլ է տալիս հետևություն անել, որ այս գործողության մասին ուղղակիորեն տեղյակ են եղել թե՛ ռուսական կողմը և թե՛ մոնիթորինգի կենտրոնը։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի երաշխավորը ռուսական կողմն է, փաստորեն արհամարհվում է վերջնականորեն, ու խիստ վտանգավոր է դառնում անցակետով անցնել դեպի Հայաստան կամ հակառակը։ Այս պահին դեռևս փակ է նաև Շուշիի Քարին Տակ հատվածը, որտեղ «էկոակտիվիստներն» իրենց ակցիան են իրականացնում, բայց ենթադրելի է, որ Հակարի կամրջի վրա տեղադրված մեկ անցակետը ուղղակիորեն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել Արցախը, ու Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ հնարավորություններն ուղղակիորեն ի չիք են դառնում, և Արցախի Հանրապետությունում ազգաբնակչությունն այլևս ամբողջությամբ գտնվում է ծանրագույն շրջափակման մեջ։

– Այսինքն՝ հույսեր ունենալ, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները, կամ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ ինչ-որ բան կփոխվի, անիմա՞ստ է։

– Այն, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի անմիջապես քթի տակ մի ամբողջ օր աշխատանք է տարվել, որ Լաչինի միջանցք տեխնիկա է մուտք գործել անմիջապես ռուսական խաղաղապահ զորքի հսկողության տակ, հուշում է, որ ռուսական կողմն ուղղակիորեն ի վիճակի չէ կատարելու իր վրա վերցրած պարտավորությունները՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

– Այդ դեպքում ի՞նչ է պետք անել։

– Մնում է այն, որ, վերջիվերջո, մենք ՄԱԿ-ի անդամ ենք, անդամ է Ադրբեջանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմաթիվ առաքելություններ է իրականացրել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, այսինքն՝ ՄԱԿ-ը՝ որպես այն միակ միջազգային կառույցը, որը իր վրա լիազորություն է վերցնում տարբեր հակամարտությունների գոտում բազմազգ խաղաղապահներ տեղակայելու և բացառելու ցեղասպան գործողությունները, Արցախում ևս գնա այդ քայլին։ 

Մեր հույսն այս պահին ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից ակտիվ գործողություններն են ու միջոցների ձեռնարկելը, ինչպես նաև մեր հույսը միանշանակ մենք ենք, չեմ զլանա կրկնելուց, որ միայն հայ մայրերը չէ, որ պիտի լացեն, կարող է գա այնպիսի իրավիճակ, որ ադրբեջանցի մայրերն էլ սկսեն լացել։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ոմանք նշում են, որ Ադրբեջանի այս գործողություններն ուղիղ հետևանք են Հայաստանից հնչող հայտարարությունների: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ադրբեջանի գործողությունները բացարձակապես չեմ կապում Հայաստանում հնչող արտահայտությունների հետ։ Ադրբեջանն ունի իր հստակ պլանավորած ռազմավարությունը, նրա համար լրիվ մեկ է՝ Հայաստանի խորհրդարանում կամ ղեկավար կազմում ինչ են հայտարարում, լրիվ մեկ է, թե Արցախի Հանրապետության իշխանություններն ինչ են աում։ Ինքն այսօր օգտագործում է իր ուժեղ լինելու գործոնը ու փորձում է ուժով իր շահն առաջ տանել՝ ի վնաս մեր ազգային շահերի։ 

Սա բոլորի համար է պարզ, ուզում է՝ Հայաստանի խորհրդարանում ոչինչ չխոսեն կամ ամենավատ հայհոյանքները տան, միևնույն է՝ Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու, ինքն առաջ է տանում իր ռազմավարությունը, ազգային պետական շահը, այլ խնդիր է, թե մենք ինչ կարող ենք հակադրել Ադրբեջանի այս գործողություններին։

– Ձեզ համար պա՞րզ է, թե մեր կողմից որն է այդ հակադրությունը։

– Ինձ համար պարզ է, հնարավոր է՝ մյուսների համար պարզ չէ։ Մենք պետք է աշխատենք, որ կարողանանք փակ դռների պայմաններում, առանց ինֆորմացիայի արտահոսքի մեր համապատասխան քայլերը պլանավորել ու կյանքի կոչել։ 

Արցախի ու Հայաստանի իշխանություները պետք է մեկ միասնական ռազմավարությամբ գործեն, այլ տարբերակ չկա։ Կարելի է ենթադրել, որ դա մեկ օրվա կամ ժամվա բան չէ, բայց այն աշխատանքը, որ պետք է կատարվի, որպեսզի կարողանանք չեզոքացնել Ադրբեջանից եկող սպառնալիքները, միանշանակ է։ Իշխանություններին պետք են վճռականություն ու պատասխանատվության տակ լիարժեք մտնելու համարձակություն։

– Արձանագրո՞ւմ եք, որ Ռուսաստանը՝ որպես երաշխավոր կողմ, չի կատարում իր պարտավորություններն Արցախում։

– Միանշանակ, ես ուղղակիորեն միշտ ասում եմ, որ ռուսական կողմը թերանում է իր պարտավորություններում, թե ինչո՛ւ է թերանում՝ հարցի մյուս կողմն է, բայց բազմաթիվ հարցերում ռուսական կողմը թերացել է, արձանագրված դեպքերը բազմաթիվ են՝ Խծաբերդից սկսած, Քարագլխից դուրս եկած, նաև Սարի Բաբայի դեպքերը, հիմա էլ՝ Հակարի կամուրջը։

– Հայկական կողմի իշխանությունների թերացումը կա՞ այս ամենում։

– Իհարկե կա, կարելի է մոդելավորել իրավիճակ, թե Ադրբեջանը վաղն ինչ է անելու, կարողանո՞ւմ ենք վերլուծելով հասկանալ, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Նայում ես ադրբեջանական լրահոսը՝ մարդիկ պարզ ասում են իրենց անելիքները ու այս կամ այն կառույցի արձագանքը, ադրբեջանցիները մեր ատամները հաշվել են, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ թուրքը մեզ մեզանից վաթսուն անգամ լավ է ճանաչում։ Եթե մենք չենք կարողանում մոդելավորել ու կանխարգելել ադրբեջանական հնարավոր գործողությունները, իհարկե դա թերացում է, թերացումն էլ ո՞նց է լինում։

– Պարո՛ն Հովհաննիսյան, չե՞նք կարողանում, թե՞ ցանկություն չկա։

– Չենք կարողանում, եկեք ճշմարտությանը պարզ նայենք, որովհետև ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չէ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումներով, բայց սա չի նշանակում, թե մորթվող գառան հեզությամբ պետք է ամեն ինչ կուլ տանք, դեպքեր կան, որ պետք է ավելի կոշտ լինենք։ 

Չպետք է թողնենք, որ մեզ ոտքի կոխան սարքեն, գոյություն ունեն ինքնասիրություն, ազգային շահ, ուղղակի պետք է համատեղ աշխատանքով կարողանանք կառուցել մեր անվտանգային նոր համակարգը, որովհետև հինն այլևս ամբողջովին փլուզվել է, իսկ նոր անվտանգային համակարգի կառուցման համար պետք են ոչ սովորական քայլեր, մենք պետք է կարողանանք Ադրբեջանի գործողություններից մեկ-երկու քայլ առաջ անցնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am