«Մենք շատ ենք հարգում, շատ ենք սիրում բոլոր հայերին». «Ինդիան Մեհակ» ռեստորանից և հնդիկ ժողովրդից Հայաստանին՝ սիրով

Երևանում գործող «Ինդիան Մեհակ» հնդկական ռեստորանը արցախա-ադրբեջանական շփման գոտում տիրող լարված իրավիճակից դրդված իր օգնության ձեռքն է մեկնել Արցախից Հայաստան ժամանած մարդկանց՝ պատրաստի սնունդ տրամադրելով դրա կարիքն ունեցողներին:

«Ինդիան Մեհակ» ռեստորանի բաժնետեր Աքսա Խանը «Մեդիալաբին» ասում է, որ հետևելով իրադարձություններին՝ որոշել են իրենց մասնակցությամբ օգնել՝ ինչով կարող են:

«Մենք նայում էինք, որ այս քանի օրը շատ օգնում էին՝ դրամահավաքություն էր կազմակերպվում, չոր սնունդ էր տրամադրվում և այլն, մենք որոշեցինք պատրաստի սնունդ տալ, որն ավելի լավ ու հարմար կլինի էնտեղից եկած մարդկանց համար, որովհետև չոր սնունդը հետո պիտի պատրաստեն, տեղ չունեն պատրաստելու կամ հարմար չի:

Այսօր 30 մարդու համար էինք պատրաստել, կամավորներից եկան տարան, իրենք էին խնդրել, որ պատրաստենք, հետո մտածեցինք շատերին օգնել, դրա համար հայտարարություն տեղադրեցինք մեր Ֆեյսբուքի էջում, հիմա էլ զանգեր ենք ստանում, ու արդեն 100 հոգուց ավելի մարդկանց համար պատրաստում ենք, ու էլի հերթի մեջ կան, զանգում են»,- ասում է Աքսա Խանը:

Աքսա Խանը և իր ընտանիքը 6 տարի առաջ են Հայաստան տեղափոխվել, հոր կողմից հիմնադրվել է «Ինդիան Մեհակ» ռեստորանը:

«Մենք 6 տարի այստեղ ենք ապրում, ու, օրինակ, ես էլ կես հայ եմ արդեն ու շատ վատ եմ զգում, որ սահմանին էս վիճակն է, ու էս ընտանիքները չեն կարողանում իրենց տներում ապրել, էստեղ են գալիս, ահավոր է ուղղակի:

Մենք 6 տարի է՝ Հայաստանում ենք ապրում, ու ընդհանրապես կասկածելի չի, որ էստեղի ժողովուրդը էնքան լավն է, հյուրասեր, բարի, ու մենք շատ ենք հարգում, շատ ենք սիրում բոլոր հայերին ու մենակ էդ ենք ուզում, որ էս ամեն ինչը ինչքան շուտ վերջանա, էնքան լավ բոլորիս համար, չենք ուզում, որ ավելի շատ զինվորներին վտանգ լինի, կամ մեկի կյանքը վտանգ տակ լինի: Ուզում ենք, որ էս ամեն ինչը շուտ վերջանա, ու բոլոր երկրները միանան ու օգնեն Հայաստանին»,- ասում է Խանը:

Խանը նշում է, որ Արցախից եկած մարդկանց համար հնդկական սնունդ չեն պատրաստում, այլ էնպիսի, որ բոլորին հարմար լինի:

«Մենք կոնկրետ հնդկական չենք պատրաստում, էնպես որ, բոլորին հարմար լինի՝ ոչ կծու, հաց լինի, ճաշ լինի՝ բրինձ, կարտոֆիլ, բանջարեղենով ուտեստներ, որ բոլորը կարողանան ուտել»,- նշում է նա:

Խանը նշում է, որ չնայած աշխատանքը քիչ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, համավարակը, և ֆինանսական առումով դժվարություններ կան, բայց միայն օգնելով են իրենց լավ զգում:

«Եկամուտները, բնականաբար, էնքան լավ չեն, բայց ինչքան օգնում ենք, էնքան լավ ենք մեզ զգում, մեր մտածելակերպը էսպիսին է՝ ինչքան մենք օգնենք, Աստված էլ մեզ կօգնի: Էս պահին մեզնից ավելի դժվար է ուրիշների կյանքը, մենք որ մի քիչ տալիս ենք, էդ մեզ համար էդքան մեծ բան չի, բայց որ իրենց օգնենք, իրենց համար մեծ նշանակություն ունի»,- ընդգծում է Աքսա Խանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am