Արծրուն Հովհաննիսյան․ Հակահերոսը

Մհեր Արշակյան

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երկու օր առաջ երկու հոգի հարձակվել են իր վրա։ Բարեբախտաբար, վնասել չեն կարողացել։

Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, November 17, 2020

Ո՞րն է իմաստը պարոն Հովհաննիսյանի վրա հարձակվելու։

Երբվանի՞ց են ձեզ չբավարարող տեղեկությունը, հույսերի ապականումը դարձել քրեական հանցանքի թիրախ։ 

Այո՛, պատերազմի առաջին օրերից բացի մնացած բոլոր օրերին Արծրուն Հովհաննիսյանի գործունեությունը լիքը հարցերի թեմա է դարձել։ Բայց որտեղի՞ց երաշխիք, որ այդ մարդու գլխին չեն սարքել։

Ու ինչո՞ւ դրանից հետո պետք է պատասխան տա Արծրուն Հովհաննիսյանը։

Այո՛, իշխանությունը նրա միջոցով 45 օր խաբել է բոլորին, որոնք որդի են ունեցել բանակում, հայր են ունեցել, բարեկամ են ունեցել։ Խաբել է նրանց, որոնք այս պատերազմին մասնակցում էին՝ իրենց շունչը պահելով, խաբել են այն արցախցիներին, որոնք իրենց տունն էին թողնում վերադարձի լուսավոր հույսով։ 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասում է, որ պատերազմի չորրորդ օրն արդեն գիտեին, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»։ 

Ի՞նչ էր ասում Արծրուն Հովհաննիսյանը։ Ասում էր՝ հաղթելու ենք։ Մի ամբողջ ազգ գուցե համաձայն էր, որ պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը միանգամից, դետալների ճշգրտությամբ ասել պետք չէ, բայց կարիք կա՞ր գրեթե մինչև վերջին օրը հավատացնել, որ հաղթելու ենք, երբ, պարզվում է, մեր վարչապետը արդեն քանի օր Պուտինի հետ բանակցում է միայն «կապիտուլյացիան» ավելի «հմայիչ» դարձնելու հարցով։ 

Պարզ է, որ Արծրունը չգիտի, թե ինչ է բանակցում Նիկոլը Պուտինի հետ, բայց վարչապետին տվյալները զինված ուժերն է տալիս։

Պատերազմի սկզբից մեկ շաբաթից ավելի ոչ մեկը տեղյակ չէր, թե ուր է հասել թշնամին, պարզվում է, որ դավաճանության դեպքեր են արձանագրվել (հա, էնպես չէ, որ էս մասին պետք է խոսվեր հենց պատերազմի ժամանակ), բայց պատկերացրեք էդ դավաճանությունների ու փախուստների հիմնական «զոհերի» տարակուսանքը, որոնք մի կերպ դուրս պրծնելով անհրամանատար կռվից՝ հանկարծ տեղեկանում են, որ թշնամու հերը պիտի անիծվի «Գյոռբագյոռ» օպերացիայով։

654 հազար 631 հետևորդ ունի Արծրուն Հովհաննիսյանը։ Այդ մարդը, հավատում եմ, քուն ու դադար չուներ, որպեսզի իրադարձությունները ներկայացներ այնպես, որպեսզի այստեղ՝ ոչ պատերազմական գոտում, կյանքը կանգ չառնի։ 

Բայց ինչո՞ւ հասարակությանը հնարավորություն չտալ դեպքերի «աչքերի մեջ» նայել ուղիղ, որպեսզի վարչապետն էլ կարողանա Պուտինի հետ զրուցելիս համաձայնվի Շուշիի ադրբեջանցիների վերադարձին, միայն թե քաղաքը մնա հայերի վերահսկողության տակ։

Բոլոր կողմերից իրար կերակրել են հեքիաթներով։ Ֆեյսբուքում արդեն երեխաներ էին «ծնվում» Արծրուն անունով (ընդ որում, սեռը կապ չունի), հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին անգամ է զգուշացնում խաղաղ բնակավայրերը ռմբակոծող թշնամուն՝ հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին։

Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը, երկու օր հետո Ադրբեջանն արդեն Շուշի է ռմբակոծում, մինչդեռ Հայաստանում և, հնարավոր է նաև՝ Ղարաբաղում, բնակչության մեծ մասը չգիտի էլ, թե հատկապես ո՞ւր է հասել թշնամին։ Ճակատից, ինչպես այսօր է պարզվում, մայրաքաղաք են հասնում պարտվողական տեղեկություններ, ասում են՝ թշնամին Ջաբրայիլը վերցրել է, Ֆիզուլին չկա, մեր զոհերի թիվը հազարն անցնում է, մտնում են Հադրութ, իսկ իշխանությունը, Ֆեյսբուքը և «նույնիսկ մի կին ատամնատեխնիկ» կոչ են անում ոչնչի չհավատալ, քանի դեռ «Արծրունն ու Շուշանը չեն ասել»։ 

Իսկ նրանք չեն ասում։ Երկիրը դեռ ցնծում է, պաշտոնական լուրերն օր օրի ավելացնում են լավատեսության դոզան, այստեղ՝ Երևանում, պաշտոնյաները խոսում են գրաված տարածքները չվերադարձնելու մասին, իսկ պարզվում է՝ հենց այդ ժամանակ դրանց կեսն արդեն վերցված է։

Ու ոչ մեկը պատասխան չի տալիս, հարձակվում են Արծրունի վրա։

Որ ի՞նչ։

Այդ մարդը չի խաբել կամ մոլորեցրել, նա փոխանցել է խաբեությունն ու մոլորությունը։ Եվ նույնիսկ եթե գիտեք, թե սա ում ձեռագիրն է, դա հիմք չէ, որ հարձակվեք մարդու վրա։

Արծրունին աճեցրել էին ճակատի պարտությունը թիկունքում հաղթանակ դարձնելու համար։ Նրանք չգիտեին, որ պատերազմն ավարտվում է իրական արդյունքներով կամ մեզ էին դրել մի մարդու տեղ, որը չի իմանալու։ Հնարավո՞ր է պարտությունը ծալել, դնել տակն ու նստել վրան։ Ո՛չ։

Մի ամբողջ երկիր աստվածացրեց այս մարդուն ու սրտի տագնապով ճանապարհեց հիվանդանոց։ Մեզ մնացին հաղթանակի հեշթեգերը, պարտության հերոսները և Ղարաբաղի մի մասը՝ իբրև «ոչ ոքի»։

Հանգի՛ստ թողեք այդ մարդուն։ Եվ հեռու՝ նոր պատերազմներից։ Որպեսզի մարդը առաջին օրերի հերոսից չդառնա վերջին օրերի հակահերոս։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am