«Որքան էլ պատերազմի ժամանակ քարոզչությունը պետք է ոգևորիչ լինի, այն չպետք է ապատեղեկատվություն պարունակի». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պատերազմ 44 օրերի ընթացքում տեղեկատվությունը գնում էր այն ուղղությամբ, որ մենք հաղթելու ենք, և նշվում էր, որ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, և հանկարծ մեզ այդ հայտարարությունը հրամցրեցին: Արդյոք ճի՞շտ էր իրական փաստերը հանրությունից գաղտնի պահելը:

– Պատերազմի ժամանակ կան որոշ կանոններ, որոնք անվիճելի են: Կարծում եմ, որ եթե դու շարունակում ես պատերազմը, ապա հասարակության մեջ պետք է հույս պահպանվի, որ հաղթանակը մերն է լինելու: 

Հենց այդ խնդիրն էր իրականացնում պաշտպանական քարոզչությունը: Իսկ թե որքանով էին այդ տեղեկությունները, որոնք տարածվում էին, կեղծ, կարծում եմ՝ հատուկ ուսումնասիրության, հետաքննության կարիք ունի: 

Որովհետև որքան էլ պատերազմի ժամանակ քարոզչությունը պետք է ոգևորիչ լինի, այն չպետք է ապատեղեկատվություն պարունակի իր մեջ: Այդ առումով ես միանշանակ պատասխան չունեմ, թե որքանով էին իրավիճակները ներկայացվում իրականությանը մոտ:

– Իսկ եթե իրականությունը ներկայացվեր, մարդիկ ավելի անկումային տրամադրություն չէի՞ն ունենա, և դա որքանով կօգներ պատերազմի ժամանակ:

– Տեղեկություններ ներկայացնելն էր կարևոր, իսկ տրամադրելը միայն հաղթանակի օգտին պետք է լինեին, որովհետև մենք, ի վերջո, հասկանում ենք, որ ռազմաճակատի և թիկունքի միջև կա հաղորդակցություն, և եթե թիկունքին չեն համոզում, որ պատերազմում հաջողություն է լինելու, դա փոխանցվելու է նաև ռազմաճակատին, ինչն ուղղակի զրկելու է ռազմաճակատին կռվելու տրամադրվածությունից: Այնպես որ, պատերազմի ժամանակ քարոզչության իրականացման և տեղեկությունների տարածման խնդիրը բավականին բազմաշերտ ու բարդ է: Այսօր միանշանակ գնահատականներ տալ առանց լուրջ ուսումնասիրության, թե ինչ է տեղի ունեցել, ոնց է տեղի ունեցել, ով ինչ հրաման է արձակել, ով էր կատարում այդ հրամանները, ընդհանրապես շատ բարդ է: Ես տեսնում եմ, որ մեզ մոտ քաղաքական դրդապատճառներով միանշանակ ճշմարտություն տեսնելը և գնահատականներ տալը անընդունելի մասշտաբների են հասել, դա հաստատ օգտակար չէ հասարակության համար: 

– Հետպատերազմյան այս իրավիճակում տարբեր լուրեր հրապարակելը կամ դրանք մանիպուլացված ներկայացնելը ի՞նչ վտանգներով է հղի:

– Այն վտանգներով, որոնք մենք հիմա տեսնում ենք: Ի վերջո, պատերազմի ընթացքն ու դրա ավարտը այնպիսին էին, որ հասարակության բավականին մեծ մասի մոտ կային հաղթանակի ակնկալիքներ և ինչ-որ տեղ հագեցած չէր հասարակությունը թշնամու դեմ կռվելու հնարավորությունով: Երբ դու մնում ես այդքան ոչ հագեցած, և թշնամին այլևս չկա, քանի որ քո և թշնամու միջև այսօր կանգնած են ռուսական զորքերը, դու որևէ հնարավորություն չունես, եթե նույնիսկ ճիշտ ես համարում պատերազմը շարունակելը, դա անել: Բնականաբար, այն ագրեսիան, որը կուտակվել էր, կամ հաղթելու այն ծարավը, որը կար, ուղղվում է իրար դեմ: 

Դա է պատերազմների այդպիսի ավարտի վտանգավորությունը առաջին հերթին: Մենք դա ցավոք, տեսնում ենք մեր հասարակությունում: Դրանից դուրս գալու միակ տարբերակը ամբողջ հասարակությանը այսօր լուրջ աշխատանքի կոչելն է, և այդ աշխատելու արդիական խնդիրները լուծելու տրամադրվածությունը կարող է միայն բուժել մեր հասարակությանը: 

Այստեղ, իհարկե, առաջնային դերակատարություն պետք է ունենա կառավարությունը, որը նախ ունի հստակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն, և փորձեն այդ ծրագրերին մասնակից դարձնել բոլորին: 

Քանի որ մենք դա չենք տեսնում, մարդիկ սկսում են իրար մեջ փնտրել թշնամիներ, անընդհատ հետ նայել, անընդհատ փորձել հասկանալ՝ ով է մեղավոր: Այդ մեղավորներին մատնացույց անելը դառնում է ներքին կայունության համար շատ լուրջ սպառնալիք:

– Ինչո՞ւ այսքան պահանջներից հետո վարչապետը կոնկրետ քայլեր չի անում: Ընդդիմությունը կոչ է անում «Իմ քայլին» ուրիշ վարչապետ ընտրել: Կարծում եք դա որոշակիորեն կկայունացնե՞ր իրավիճակը:

– Ցավոք, վարչապետի և իր կողմնակիցների վարքագծից մենք տեսնում ենք, որ նրանք էլ են իրենց հարցերի լուծումը տեսնում արդեն ներքին հակառակորդների դեմ ագրեսիայի տեսքով: 

Կարծես թե առաջնահերթայինը հենց դա է՝ հակառակորդին հնարավորինս վնաս հասցնել և պահպանել իշխանությունը: Եթե դա է առաջնահերթությունը, դա բերում է նրան, ինչ մենք այսօր ունենք: 

Կարծում եմ՝ պետք է թողնել մեղավորներ փնտրելը, և՛ ընդդիմությանը, և՛ այն մարդկանց, որոնք գուցե հիմքեր ունեն մեղավորներ փնտրելու, որևէ կերպ չպատասխանել կամ պատասխանել միայն կառուցողական աշխատանքով: 

Դիցուք, ասեն՝ ժողովուրդ ջան, ով մեքենա ունի՝ այսօր գնում ենք Քարվաճառ և օգնում ենք այնտեղի մարդկանց տեղափոխվելու: Այդ կարգի նախաձեռնություններ մենք տեսնում ենք կամավորների կողմից, բայց չենք տեսնում կառավարության կողմից, որ այդ կառուցողական ներուժը, որ կա հասարակության մեջ, կարողանա համախմբել ու կազմակերպել:

Դրանով միայն իշխանությունը կարող է իր նկատմամբ վստահություն առաջացնել: Դա միանգամից չի լինելու, բայց գոնե շանսը կա: 

Քանի որ կառավարությունը դա չի կարողանում անել, ուրեմն երկրորդ տարբերակը ուներ և պետք է իրականացներ՝ երկխոսության մեջ մտներ ընդդիմադիրների հետ և փորձեր արդեն նրանց հետ կազմակերպել կառուցողական աշխատանք՝ ինչ-ինչ փոխզիջումներով և ինչ-ինչ համաձայնությունների շնորհիվ: 

Փաստորեն, դա էլ չի արվում, և մենք ամեն օր կորցնում ենք մեր երկրում կայունություն հաստատելը՝ անելով հակառակը: 

Մենք տեսնում ենք հարաբերությունների թեժացում, և դա չի կանգնելու, որովհետև մենք թեժացման համար նորանոր ռեսուրսներ ենք ստանում՝ ի դեմս փախստականների, ի դեմս ռազմաճակատից վերադարձող զինվորների, ի դեմս լուրերի, որ զոհվածների նոր ցուցակներ կան:

Սա այն ռեսուրսն է, որ հասարակության մեջ հրահրելու է միայն հակասություններ և նույնիսկ ատելություն: Համարժեք քայլեր դա կանգնեցնելու համար, ինչպես նշեցի, առայժմ չենք տեսնում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am