էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ
էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ. Ըստ մասնագետների, շատերը կհայտնվեն անելանելի դրության մեջ

Չնայած հանրային ընդվզմանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային,  այսօրվա նիստում սպառողներին մատակարարվող մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 3.85 դրամով:  Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»: Ըստ աղբյուրի, հանձնաժողովի անդամներն այս որոշմանը միաձայն կողմ քվեարկեցին:

Սա նշանակում է, որ օգոստոսի մեկից սպառողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 10 տոկոսով` 3.85 դրամով՝ կազմելով 41.85 դրամ:

Հիշեցնենք, որ սակագնի թանկացման նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝  հաշվի առնելով էներգետիկ համակարգի 11 ընկերություններից ստացված հայտերը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, սակագնի վերանայման պատճառն այն է, որ ոլորտում ներկայումս առաջացել է 17.9 մլրդ դրամ ֆինանսական ճեղք, որն էլ ծածկելու համար սակագինը բարձրացվել է: Ֆինանսական ճեղքվածք ունեն ինչպես էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Հայկական ատոմակայանը, այնպես էլ ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը, որը Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության կառավարիչն է:

Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ավելի վաղ ասել էր, որ ֆինանսական խնդիրների առաջացման պատճառները երկուսն են. ատոմակայանը նախորդ տարի նախատեսվածից երկար ժամանակով է կանգնեցվել վերալիցքավորման, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի բացը լրացվել է ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է: Երկրորդ պատճառն, ըստ նրա,  այն է, որ վերջին տարիները սակավաջուր են, ՀԷԿ-երը էլեկտրաէներգիա քիչ են արտադրում:

Նազարյանը նշել էր, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, Ռոբերտ Նազարյանի խոսքով, ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրները չեն լուծվի, Երևան ՋԷԿ-ը վարկային  պարտավորությունների մարման խնդիրների առաջ կկանգի, համակարգը կպարալիզացվի:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել:

«Դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունն բողոքի ակցիաներով պայքարում է թանկացման դեմ: Այսօր եւս նախաձեռնության անդամները փողոց էին դուրս եկել` բողոքի ձայնը բարձրացնելու:

«Ամեն մի թանկացում ազդում է ժողովրդի տրամադրությունների վրա: Մենք ունենք հասարակության 10-12 տոկոս, որի համար նշանակություն չունի թանկացումը, կապ չունի՝ լեքսուսն ինչ արժե, գազն ինչ արժե, բայց մյուսների վրա դա էական ազդեցություն կունենա»,- անդարդառնալով խնդրին «Մեդիալաբին» ասել է «Հայաստանի սպառողների միությունը», որի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե թանկացումները դիտարկենք երկարատև ժամանակահատվածում, օրինակ, երեք տարվա կտրվածքով, ապա կտեսնենք, որ հայ ժողովուրդը հայտնվել է անելանելի իրավիճակում: Սպառողների միությունը հաշվարկել է՝ սնունդն ու հանրային ծառայություններն այսօր Հայաստանում նվազագույն սպառողական զաբյուղում մոտ 90 տոկոս են կազմում:

© Medialab.am