Հիմա ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան հետ մղել ազերիներին, բայց ինչ-որ մի բան այն չէ. Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

– Պարո՛ն Հյուսնունց, ի՞նչ իրավիճակ է Արցախում։ Երեկ թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն տեղի ունեցող զարգացումներից։

– Երեկ դիրքային մարտեր են ընթացել, ազերիները հարձակվել են դիրքերի վրա, և հիմա փաստորեն ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան հետ մղել ազերիներին, տանել նրանց նախնական դիրքերը։ Սա կապված է նրա հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվից հետո Երևան են ժամանելու։

Եվ հիմա ազերիները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից առաջ ակտիվացել են, ախորժակները լավ բացել են։ 

Իսկ ինչ վերաբերում է Հին Թաղերին և Խծաբերդին, այս գյուղերում գրեթե մարդիկ չեն բնակվում, և այդ գործողությունները միտված են բանակցությունների ֆոնին իրենց ագրեսիվ դրսևորումները ցույց տալուն։

– Ռուս խաղաղապահների հե՞տ են այս պահին բանակցում։ Ստացվում է՝ ստորագրված հայտարարությունը կյանքի չի՞ կոչվում։

– Այդ աշխատանքները մի քանի ամիս պետք է տևեն, մինչև մեր սահմանային կետերը ի մի բերենք։ Սրանք մեկ օրվա աշխատանքներ չեն, այլ ծավալուն և տևական աշխատանքներ են, պետք է այդ ընթացքում Արցախի կարգավիճակը որոշվի։ Սա մեկ օրում չի լինում, մեր աշխատանքները պետք է իրականացնենք, մաքսիմալ մեր քաղաքական դիրքորոշումներն առաջ տանենք։ Սա շարունակական գործընթաց է։ 

– Պաշտոնական որևէ պարզաբանում տեղի ունեցածին դեռ մինչ այս պահը չկա։ Ինչո՞ւ։

– Հիմա այն, ինչ մենք անում ենք, պետք է աներ Ղարաբաղի և Հայաստանի ԱԳՆ-ն։ Չեմ ուզում մեղադրել, բայց իրենք պետք է մանրամասներ ներկայացնեն։ 

– Քանի՞ վիրավոր ունենք։

– Վեց վիրավոր ունենք։ Մենք մեր դիրքերում ենք, պարզապես նրանց հաջողվել է մտնել այդ տարածքները, հիմա ռուսները բանակցում են ադրբեջանցիների հետ, որ ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքից։

– Իրավիճակը մտահոգի՞չ է:

Մտահոգիչ է, թե ոչ, մե՛նք պետք է կառուցենք մեր երկիրը, մեզնից է կախված, թե ի՛նչ Արցախ պետք է ունենանք վաղը։ Եվ կոչ ենք անում բոլոր կարող ուժերին, պրոգրեսիվ ուժերին՝ կանգնել Արցախի կողքին միասին՝ այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Իրավիճակը սա է, այս իրավիճակից պետք է դուրս գալ։

– Հայաստանի իշխանությունների քայլերը բավարա՞ր են։

– Ճիշտն ասած, ՀՀ իշխանությունների քայլերը մենք չենք տեսնում, ներքին խնդիրներ են, մեր իրավասությունների շրջանակում մենք աշխատում ենք այդ խնդիրները լուծել, և իրենց միջամտությունը ավելի գլոբալ խնդիրներին է վերաբերում։

– Ըստ էության՝ արձանագրվեց առաջին խախտո՞ւմը հայտարարությունից հետո։

– Փաստն այն է, որ ինչ-որ մի բան այն չէ, ռուս խաղաղապահների ոչ բավարար միջամտություն… Այս իրավիճակը եթե ունենք, այն չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, որ մեր ժողովուրդը մտահոգություն չունենա։

– Ռուս խաղաղապահների հետ երե՞կ հանդիպեցիք։

– Այո՛, ավելի շատ դժգոհություն ներկայացրեց մեր ժողովուրդը։ 

Մանե Հարությունյան 

MediaLab.am