Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին
Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան  95 տոկոսը հաջողության է հասել:

Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:

Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները՝ նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ՝ սենատոր Ռոբերետ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ Դատի հանձնախմբի կողմից, այլևս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորկերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄակՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ Դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄակՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ:

Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում՝ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բոեները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ Դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄակՔարտին (B-), որն ստացել է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար և սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը ևս վայելում է Հայ Դատի հանձնախմբի  աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարևոր հանձնաժողովում:

Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային», այսպիսին էր թուրքական «Սաբահ» թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար և թույլ դիրքին»: Լրագրողը շարունակեց՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունը անվանելով «ևս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ  Ջոն Բոեներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թ. ապրիլին»:

«Սաբահ» թերթի մեկ այլ հոդվածում, Իլնուր Չևիկը մեծամտորեն գրել է. «Թուրքիայի ճակատագիրն այնքան էլ վատ չէ», ի դեմս «հավանական խնդիրների՝ Օսմանյան ժամանակաշրջանում հայերի հետ կապված 1915-ի իրադարձությունների  100-ամյակի առթիվ»: Չևիկը հանրապետականներին ներկայացնում է որպես ոչ այնքան «կռվարար» Հայկական հարցի վերաբերյալ, որքան դեմոկրատները, «որոնք իրենց կոտորում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին գոհացնելու համար, հետևաբար ավելի ընդունակ կլինեին հայերի վերաբերյալ կոշտ ձևակերպումներին, հատկապես 2015 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակն է, երբ  Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերը սպանվեցին և այս վիճահարույց հարցը հայերն անվանում են ցեղասպանություն»:

Մեկ այլ թուրքական պարբերական՝  World Bulletin-ը, իր հոդվածը հրճվանքով վերնագրել է. «Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ Կոնգրեսում նպաստավոր է Թուրքիայի համար»: Հոդվածում նշվում է, որ «դեմոկրատի գլխավորությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մղձավանջ կլիներ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ այն հանդես էր գալու օրինագծերով՝ ցեղասպանության հայկական պահանջներով արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ»: Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրերի տնօրեն Սոներ Չագափթայը հաստատեց նոր Սենատի թուրքամետ կողմնորոշումը, քանի որ «հանրապետականներն են, որոնք կանխել են Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջներով օրինագծերը»: Մեկ այլ թուրք վերլուծաբան՝ Քադիր Ուսթունը, նկատել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի անցկացման հնարավորությունը «երբեք այսքան ցածր չի եղել, քանի որ Կոնգրեսը հանրապետականների վերահսկողության տակ է»:

Այժմ Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ամերիկահայերի պարտքն է՝ համոզել նրանց պահպանելու հայկական  նախաձեռնությունները, միաժամանակ բացահայտելով Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային շահերին Մերձավոր Արևելքում:

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com