Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ
Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձեւաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր  է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելեւէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:

Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսեւորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաեւ հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը եւ դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը:

Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երեւանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետեւողական մագլցողականություն:

Հայաստանի Հանրապետության երկու ռազմավարական գործընկերների նկատմամբ կիրառման ընթացքի մեջ է հակոտնյա քաղաքականություն: Մեկի ուղղությամբ պատժամիջոցների որդեգրում, մյուսի ուղղությամբ պատժամիջոցների հետզհետե վերացման միտված դրսեվորումներ:

Մի պահ կենտրոնանաք ապամեկուսացվող Թեհրանի եւ Երեւանի միջեւ կայացած վերջին համաձայնության վրա:

Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: «Ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ-ում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, եւ այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով պիտի սկսեն աշխատանքները», հայտարարել  է Իրանի էներգետիկայի նախարարը:

Բայց նաեւ` այս տեղեկության վրա.

Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, Բայահանլի գյուղի մոտ. իսկ փոխհրաձգությանը մասնակցել  են ադրբեջանցի սահմանապահները եւ թմրավաճառները: Այդուհանդերձ ադրբեջանական պետական մարմինները չեն հաստատել այս տեղեկությունները:

Վերլուծական ամփոփ հայացք նետելուց առաջ, անտեղի չի լինի հիշել նաեւ Իրանի նախագահի Բաքու այցը, որի օրերին համընկաւ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը: Ռոհանին կարեւոր հայտարարություն էր արել Բաքվում` ասելով, որ ղարաբաղյան խնդիրը զինվորական լուծում չունի: Այլ խոսքով, նա հակադրվել էր Բաքվի ռազմատենչ պաշտոնական դիրքորոշմանը։

Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված իրավիճակում է: Սակայն, այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի եւ Բաքվի միջեւ, դա ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազերի բազմամիլիոնանոց ազգաբնակչությունը երկու պետություններին համար զսպիչ գործոնի հանգամանք ունի:

Իրանի ապամեկուսացման նախադրյալները, Թեհրան-Երեւան էներգետիկ  բնույթի համաձայնության կնքումը, Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպը, նախագահ Ռոհանիի հատկանշականությամբ չառանձնացող այցելությունը Բաքու եւ հայտարարությունը` Արցախի հարցի լուծման զինվորական միջոցը բացառելու:

Վաշինգտոն-Թեհրան բնականոնացման  եւ Վաշինգտոն-Մոսկվա խզման երեւացող միտումի նախադրյալները իրենց ազդեցությունը կթողնեն տարբեր տարածաշրջանների վրա: Սկսելով Միջին Արեւելքից, հասնելով Կովկաս: Երեւանը սուր հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու հարկադրանքի դիմաց է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր