Առանց ՌԴ նախագահի թույլտվության, առանց ռուսական կողմից անվտանգության հստակ երաշխիքներ ստանալու, Իլհամ Ալիևը չէր մտնի Շուշի․ արցախցի վերլուծաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը 

– Պարո՛ն Աթանեսյան, այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը այց է կատարել Շուշի։ Ի՞նչ է նշանակում նրա այցը՝ ըստ ձեզ։

– Ես կարծում եմ, որ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտին-Ալիև առանձնազրույցի ժամանակ։ Առանց ՌԴ նախագահի թույլտվության, առանց ռուսական կողմից անվտանգության հստակ երաշխիքներ ստանալու, Իլհամ Ալիևը չէր մտնի Շուշի։ Հակառակ դեպքում նա այնտեղ կգնար 2020 թվականի նոյեմբերի 15-ին և ոչ թե 2021 թվականի հունվարի 15-ին։ 

– Եթե Շուշի մտնելու թույլտվություն կամ երաշխիք է ստացել, ի՞նչ է դա նշանակում, արդյոք ադրբեջանական կողմը բավարար վերահսկողություն չունի՞ Շուշիի նկատմամբ։

– Չեմ կարող ասել, բայց դեպքերի տրամաբանությունը դա է հուշում։ Կրկնում եմ՝ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է նոյեմբերի 9-ից, և Իլհամ Ալիևը շատ կցանկանար նոյեմբերի 10-ին, 11-ին, 15-ին լիներ Շուշիում։

Երբ նա Շուշի է այցելում Մոսկվա այցելությունից հետո, ապա մնում է եզրակացնել, որ այդ այցելությունը համաձայնեցված է Մոսկվայի հետ։ Այսօր տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում ռուսական կողմը։

Ամեն ինչից զատ, Շուշի մուտքը թշնամի երկրի նախագահի համար նաև անձնական անվտանգության խնդիր է։

Այո՛, դա տեղի է ունեցել միայն ու միայն ռուսական կողմի համաձայնությամբ, որը ձեռք է բերվել եռակողմ հանդիպումից հետո՝ Պուտին-Ալիև երկկողմ առանձնազրույցի ժամանակ։

– Ընդհանրապես, պարո՛ն Աթանեսյան, եթե գնահատենք այդ եռակողմ հանդիպման արդյունքները, ի՞նչ դիրքավորում ունի հայկական կողմը։ Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի դիրքերը վատ են, և մեր երկիրը ներկայացնող ղեկավարը մղված է մի անկյուն։

– Ռուսական փորձագիտական հանրության մակարդակում շրջանառվում է տեղեկություն, որ եռակողմ հանդիպմանը Հայաստանը Ադրբեջան-Նախիջևան կապի այլընտրանքային երթուղի է առաջարկել՝ Բաքու-Աղստաֆա-Իջևան-Երևան-Նախիջևան-Թուրքիա, այսինքն՝ շրջանցելով Մեղրին։

Ես չգիտեմ՝ որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց ռուսական կողմը նման տեղեկություն տարածել է։

Ես չեմ կարող ասել՝ ռուսական կողմը պաշտպանո՞ւմ է հայկական կողմի դիրքորոշումը, թե՞ մնում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը։ Կան նաև տեղեկություններ, որ ռուսական կողմը քննարկումից դուրս է բերել «միջանցք» հասկացությունը։ Այսինքն՝ ասվում է, որ Մեղրիով կլինի միայն ճանապարհ, ոչ թե միջանցք։

– Վարչապետն էլ կարծես հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցքի» մասին հիշատակում չկա։

– Այո՛, հայտարարության տեքստում ընդհանրապես միջանցք հասկացություն չկա, այնտեղ գրված չէ, որ այդ ճանապարհը պետք է անպայման լինի Մեղրիով։ Այնտեղ ընդհանուր ձևակերպումներ են՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովման մասին։ Ադրբեջանը Նախիջևանի հետ կարող է հաղորդակցվել նաև իմ ասած՝ Բաքու-Աղստաֆա-Իջևան-Երևան-Նախիջևան երկաթուղային գծով։ 

– Պարո՛ն Աթանեսյան, ի՞նչ եք կարծում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի հոդվածը բանակցային գործընթացի մասին նույնպե՞ս այդ եռակողմ հանդիպման արդյունք էր, թե՞ այդուհանդերձ արձագանք էր վարչապետի հոդվածին։

– Քանի որ հարցրիք Պոպովի հոդվածի մասին, ասեմ՝ ես անկեղծորեն զարմանում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ոչ դիվանագիտական, ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի վրա։

Նա երեկ Ազգային ժողովում միանշանակորեն պետք է հայտարարեր, որ ռուսաստանցի համանախագահի ասածը վերաբերում է, հասցեագրված է Ադրբեջանին։

Ո՞վ է ասել, որ Ղարաբաղի հարցի լուծումը փակված է, ասել է Ադրբեջանի նախագահը, բայց Պոպովն ասում է՝ ո՛չ, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի նրա վերջնական կարգավիճակը ճշտելուց հետո։ Այսինքն՝ կարգավիճակի հարց գոյություն ունի։

Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել, ինչպե՞ս են ընթանում բանակցությունները, ինչի՞ հետևանքով է տեղի ունեցել պատերազմը՝ սա քաղաքագիտական խոր վերլուծության թեմա է։

Հայաստանում կան քաղաքագիտական ինստիտուտներ, կենտրոններ, որոնք երկար տարիներ ուղեղներ են լվացել՝ պնդելով, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի երաշխավորն է։

Հիմա դա, այդ միֆը փլուզվել է, քանդվել է, չկա։ Այսօր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում միայն խաղաղապահ առաքելություն է իրականացնում, և ռուսաստանցի համանախագահը հայտարարում է, որ հարցի լուծումը փակված չէ։

Ես զարմանում եմ՝ ինչու է ՀՀ ԱԳ նախարարը ռուսաստանցի համանախագահի ասածը մեկնաբանում այնպես, ինչպես Հայաստանի ընդդիմությունը։

– Բայց ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածի և Պոպովի հայտարարության միջև հակասություններ էր տեսել․․․

– Ընդդիմության խնդիրը ընդդիմությանն է։ Նրանք հայտարարում են՝ վարչապետը կոմպետենտ չէ, վարչապետը ձախողել է բանակցությունները, հող է նախապատրաստել պատերազմի համար, նա դավաճան է և այլն։

Իսկ ո՞րն է ՀՀ գործող կառավարության արտաքին գործերի նախարարի կոչումը՝ ծանրության կենտրոնը Հայաստանից տեղափոխել Ադրբեջան և ասել, որ Պոպովի հայտարարության հասցեատերը Իլհամ Ալիևն է։ 

– Լավ, ի՞նչ կարելի է սպասել այս բանակցություններում, շատերը պնդում են՝ պարտված ղեկավարը չի կարող բանակցել։

– Եթե վարչապետի որևէ թեկնածու՝ 17 կուսակցություններից, «Լուսավոր Հայաստանից» կամ այլ ուժից, կհրապարակի իր ճանապարհային քարտեզը՝ ինչ կարելի է անել հետագա բանակցություններում, այդ դեպքում կարելի է ասել՝ ինչ կլինի։

Հիմա ընդդիմությունը հայտարարում է, թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն ընդունելի է, փոխել հնարավոր չէ։

Եթե ընդունում ես այդ հայտարարությունը, ապա ինչպե՞ս ես փոխելու բանակցությունների տրամաբանությունը։ Երեկ մամուլի ակումբներից մեկում ընդդիմության գրագետ քարոզիչներից մեկը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանանշումը իրականացվում է ոչ թե բանավոր պայմանավորվածության հիման վրա, այլ՝ Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներով։

Այսինքն՝ իրենք նույնպես ընդունում են, որ Շուռնուխը պետք է բաժանվի երկու մասի՝ մի մասը հայկական, մյուս մասը՝ ադրբեջանական։ Հասկանում ենք՝ հոգեբանորեն պարտված երկրի վարչապետի համար ծանր են բանակցությունները։

Բայց ո՞վ է փոխարինում և ի՞նչ է առաջարկում։ 17-ի վարչապետի թեկնածուն պաշտոնապես հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վատն է, բայց փոխել հնարավոր չէ։ Հիմա ի՞նչ տարբերություն՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ համար վարչապետ, թե՞ Վազգեն Մանուկյանը։

– Դե, հանրության մի հատված չի վստահում Փաշինյանին, և համոզված են, որ նա զիջումների գնացող է։

– Ի՞նչ զիջումներ, զիջումների խնդիր չկա։ Ընդամենը իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանազատում, գծվում է պետական սահման։ 

– Պարո՛ն Աթանեսյան, նախօրեին նաև զինադադարը խախտվեց՝ ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել։ Դա ինչի՞ նշան էր։ 

– Դա նշան էր, որ Մոսկվայում բանակցությունները հարթ չեն ընթացել։ Այլ բացատրություն դա չունի։ Ալիևի՝ Շուշի այցելությունն էլ ըստ երևույթին այդ ենթատեքստն ունի։ 

– Այսինքն՝ հայ-ռուսական հակասություններ, այդուհանդերձ, կա՞ն։

– Իսկ ո՞վ է ասում, որ չկան և չպետք է լինեն։ 

– Հնարավո՞ր է դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի անձով։

– Չեմ կարող ասել՝ ո՛ւմ անձով է պայմանավորված։ Ի վերջո, Ռուսաստանը, եթե շատ շահագրգռված լիներ, հինգ րոպեում կլուծեր Նիկոլ Փաշինյանի հարցը։ Ընդ որում՝ դեռևս 2018 թվականի մայիսին։

Եթե չի լուծել, ուրեմն եկեք ենթադրություն անենք․ եթե ընդդիմադիր մամուլը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Մոսկվայում է քաղաքական ապաստարանի համար, դա էլ ինչ-որ բան ասում է։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am