Տարրական տրամաբանությունն ասում է՝ թուրքական կողմը աջակցություն է հայտնում իրենց համար լիովին բավարարող Հայաստանի իշխանություններին. Դեմոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Հայկ Դեմոյանը

Պարո՛ն Դեմոյան, Թուրքիան թերևս առաջին անգամ արձագանքեց Հայաստանի ներքին քաղաքական իրադարձություններին և նույնիսկ դատապարտեց «ռազմական հեղաշրջման փորձը»: Ըստ ձեզ՝ ի՞նչ է սա նշանակում:

– Այո՛, կար էսպիսի մի չգրված կանոն՝ երբ հայկական կողմը շնորհավորում էր նախագահ-վարչապետների նշանակումների դեպքում, թուրքական կողմից այդ ժեստը համարժեք էր: Կամ հակառակը: Պետական մակարդակով հայկական կողմից ՀՀ առաջին նախագահը առաջին անգամ այցելել էր Թուրքիա Օզալի հուղարկավորությանը, հոկտեմբերի 27-ից հետո թուրք պետնախարարը եկավ արարողությանը և նաև եղավ ցավակցություն: Որևէ այլ արձագանք երկու պետությունների միջև չի եղել, բացի հակահայ ագրեսիվ հայտարարություններից:

Այս հայտարարությունը որակական նոր բան է ազդարարում: Նախ՝ արձանագրենք, որ թուրքական կողմը առաջին անգամ հայաստանյան ներքին քաղաքական իրադարձությանն է արձագանքում: Երկրորդ արձանագրումը՝ Թուրքիան այն պետությունն է, որն ունի ռազմական հեղաշրջումներ իրականացնելու բավական հարուստ փորձ և ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաև Ադրբեջանի տարածքում: Երրորդ արձանագրումը՝ այս հայտարարությամբ Թուրքիան ի ցույց է դնում որոշակի շահագրգռվածություն, որովհետև դա ինչ-որ չեզոք հայտարարություն չէ:

– Հնարավո՞ր է նաև աջակցություն դիտարկել այս հայտարարությունը:

– Հիմա, հերթով գանք: Այս հայտարարությունը բացառիկ երևույթ է, հատկապես այն դեպքում, երբ երկու երկրների միջև չկան միջպետական հարաբերություններ: Այդպիսի հայտարարության բնույթը ի ցույց է դնում որոշակի շահագրգռվածություն: Այսինքն՝ թուրքական կողմը ոչ ուղղակի տեքստով աջակցություն է հայտնում իրենց համար լիովին բավարարող իշխանություններին, որ այսօր կան Հայաստանում: Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ բերած ուժի, քաղաքական առաջնորդի անուղղակի աջակցություն: Դա ես չեմ ասում, դա ասում է տարրական տրամաբանությունը:

Ինձ համար դավադրական տեսություններն այս դեպքում ընդունելի չեն, այլ ընդունելի է փաստը՝ եղել է հայտարարություն, որը, այո՛, պնդում եմ՝ նման առաջին դեպքն է: Այդպիսով, այդ երկիրը ոչ ուղղակի աջակցություն է հայտնում այն

իշխանություններին, որոնց քաղաքականությունը լիովին բավարարում է թուրքական արտաքին հետաքրքրություններին:

Պարո՛ն Դեմոյան, երեկվանից գերակշռում է տեսակետ, որի համաձայն Թուքիայի նման արձագանքը փորձ էր նվազեցնել այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, քանի որ առանց ՌԴ-ի մասնակցության գլխավոր շտաբի կողմից նման հայտարարություն չէր կարող լինել: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես ձեռնպահ եմ մնում նման գնահատականներ տալուց: Ես հարցը դիտում եմ տեսանելիության սահմաններում, իսկ տեսանելի է, որ այս իշխանությունները ինչ-որ առումով հրահրեցին պատերազմը, նպաստեցին, որ հայկական կողմը չհաղթի, ինչը բերեց կատաստրոֆիկ ծանր կորուստների: Բայց գործող իշխանությունները այդ հարցում իրենց բացարձակ պատասխանատու չեն համարում, ավելին՝ երեկվա հայտարարություններն էլ ապացուցեցին դա. հայտարարվեց, թե՝ եթե ես դավաճան լինեի, հրապարակում այսքան մարդ չէր հավաքվի: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ լեզվական ծրագրավորում է: Այդ նույն շարքից էր նաև պատերազմի առաջին օրերին վարչապետի շուրթերով հնչած հայտարարությունը՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի: Դա նշանակում է վարչապետը գլխանց, ի սկզբանե պարտության է տանում հայկական բանակը: Իսկ բանակը իրավասու է պարտության տարած վարչապետին դնել սահմանների և ժամկետների մեջ:

Բայց այդուհանդերձ, դուք տեսնո՞ւմ եք ռուսական հետք կատարվածի մեջ:

– Գիտեք, գլխավոր շտաբը մաս է մի կառույցի, որը կոչվում է ՀԱՊԿ, և մեր գլխավոր շտաբը, ինչքան էլ անկախ պետության մարմին է, չի կարող անկախ գործել, որովհետև անվտանգության շատ-շատ հարցերով ունի նաև պարտավորություններ և երկկողմ պարտավորություններ իր գլխավոր դաշնակցի հետ: Հիմա բոլորս էլ միամիտ չենք, որ հենց այնպես, այդ մակարդակով հայտարարություններ չեն արվում: Հայտարարությունը կարող է լինել տեղին կամ անտեղին: Ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ այդ հայտարարությունն ուշացած էր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am