«Ազատ խոսքը ռեժիմի գերեզմանափորն է, Սերժիկն ու իր մանկլավիկները սարսափում են դրանից»». Բռնությունները լրագրողների հանդեպ շարունակվում են

«Ազատ խոսքը ռեժիմի գերեզմանափորն է, Սերժիկն ու իր մանկլավիկները սարսափում են դրանից»». Բռնությունները լրագրողների հանդեպ շարունակվում են
«Ազատ խոսքը ռեժիմի գերեզմանափորն է, Սերժիկն ու իր մանկլավիկները սարսափում են դրանից»». Բռնությունները լրագրողների հանդեպ շարունակվում են

Հայաստանում լրագրողների նկատմամբ իրավապահ մարմիների գործելաոճը և բռնությունների ավելացումը հիմնականում կապված են անպատժելիության հետ:  «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով` խոսքի ազատության առումով Հայաստանում երբեք էլ էական առաջընթաց չի եղել:

«Առանձին տարիների արձանագրել ենք հետընթաց, հաջորդ տարի կարող էր մի փոքր առաջընթաց լինել, բայց հիմնականում Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որոնք լուրջ խնդիրներ ունեն խոսքի ազատության հետ կապված: Եվ եթե նույնիսկ որոշակի առաջընթաց գրանցվում է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ապա դա ավելի շատ ոչ թե Հայաստանում իրավիճակի բարելավման արդյունք է, այլ նշանակում է, որ մյուս երկրներում նույնպես կան լուրջ խնդիրներ»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս  Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ տեղեկություններ ու վկայություններ՝ լրագրողների դեմ իրավապահ մարմինների կողմից կազմակերպված բռնությունների մի շարք դեպքերի, այդ թվում նաև` պրոֆեսիոնալ գործունեությունը կոպտորեն խոչընդոտելու վերաբերյալ: Եվ բնական է, որ եթե այդ անպատժելիության մթնոլորտը շարունակվի, ապա բռնության դեպքերն ավելի հաճախակի կլինեն, նաև` ավելի դաժան:

Նշենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ այս և նախորդ տարի կտրուկ ավելացել են լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ բռնություններն ու ճնշումները: Նախորդ տարի դա պայմանավորված էր ՊՊԾ գնդի գրավման շրջանակներում Սարի թաղի դեպքերի, իսկ այս այս տարի՝ խորհրդարանական ու Երևանի անվագանու ընտրությունների հետ:

Անցյալ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների գործողությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով, բռնության են ենթարկվել 21 լրագրող ու օպերատոր: Այս դեպքերով մինչ օրս Հատուկ քննչական ծառայության քննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 մարդու, որից 4-ն են ոստիկան:
Իսկ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել 8 լրագրող: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ առաջին կիսամյակում գրանցվել է ճնշումների 89 դեպք, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքը խախտվել է 15 դեպքում:

«Պետք է լինի օբյեկտիվ հետաքննություն բոլոր այդ դեպքերով, և մարդիկ, ովքեր մեղավոր են, պետք է պարտադիր պատժվեն՝ անկախ նրանից, թե ինչ դիրք են գրավում իրավապահ մարմինների շարքերում: Եվ պատժաչափերը պետք է այնպիսին լինեն, որ դրանից հետևություններ անեն ամբողջ համակարգի ներկայացուցիչները, այլ ոչ թե ծիծաղելի պատիժներ սահմանվեն, որոնք կարող են միայն խրախուսում համարվել  դաժանությանը հակված ոստիկանության համար»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չկա պատիժ, իշխանությունները չե՞ն ցանկանում ազատ մամուլ ունենալ, Նավասարդյանը պատասխանեց, որ ամեն դեպքում իշխանությունները շահագրգռված են, որ իրավապահ մարմիններում ունենան իրենց կամակատարներ, ովքեր հակված կլինեն կատարելու ցանկացած հրահանգ, որքան էլ դա ապօրինի լինի:

«Եվ եթե այդ մարդիկ պատժվեն, դա ինչ-որ տեղ ազդանշան կլինի մյուսների համար, որ միգուցե ոչ բոլոր դեպքերում պետք է այդ հրահանգները կատարել: Բնականաբար, իշխանությունը չէր ուզենա, որ այդպիսի կասկածներ մտնեն մեր իրավապահ մարմինների գիտակցության մեջ»,- նկատում է Բորիս Նավասարյանը:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ ճշումները բաժանվում են երկու հիմնական խմբերի:

«Մեկը պայմանականորեն կոչենք ընթացիկ, որն ավտորիտար ռեժիմի այս պայմաններում պարտադիր բաղադրիչ է: Խոսքս գրաքննության և ինքնագրաքննության մասին է, որը վաղուց արմատացած է Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներում, մանավանդ` հեռարձակվող: Այդ ԶԼՄ-ներում վաղուց արդեն կարիք չկա ասելու լրագրողներին, թե ի´նչ կարելի է գրել, ինչ` ոչ, ո´ր խնդիրները շոշափել, իսկ որոնք անտեսել, ինչպե´ս գրել, իշխանության ո´ր օղակին կարելի է մի թեթև քննադատել, ում բացարձակ չի կարելի, որովհետև դա հղի է ԶԼՄ-ի սնանկացման, սեփականատերերի նվաստացման լուրջ ռիսկերով»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ սա հեշտությամբ ապացուցվում է այն հանգամանքով, որ, օրինակ` գրեթե բոլոր հեռարձակվող ԶԼՄ-ներում և մի շարք այլ լրատվամիջոցներում Սերժ Սարգսյանի, վարչապետի, դատավորների, նախարարների հասցեին որևէ քննադատություն խմբագրության կողմից չի լինում, մինչդեռ այս պաշտոնյաները բազմաթիվ խայտառակ ու սոսկալի սխալներ, ձախողումներ ու թերացումներ ունեն իրենց գործում և հանրային վարքում:

Երկրորդ փունջ ճնշումները Բարսեղյանը համարում է իրադրային կամ իրադարձային: Սրանք այն դեպքերն են, երբ հանրային կյանքում սրացումներ են լինում՝ ընտրություններ, զանգվածային ցույցեր, ինչպես նախորդ տարվա «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը:

Այդ ժամանակ, նրա խոսքով, պատասխանատվության ավելի բարձր մակարդակ ունեցող և անհամեմատ ազատ խմբագրական քաղաքականությամբ ԶԼՄ-ները ջանում են լինել իրադարձությունների կենտրոնում և լուսաբանել դրանք:

«Բայց պարզվում է՝ դա ամբողջությամբ հակասում է իշխանության՝ ԶԼՄ-ներին հնազանդ պահելու, ավելի հստակ՝ Բաղրամյան 26-ի քաղաքականությանը, և սկսում են զանազան ճնշումների ու բռնությունների ենթարկել այս լրագրողներին ու օպերատորներին: Հասկանալի է, որ այս ԶԼՄ-ների դեպքում իշխանության համար պարզ է, որ խմբագիրներին կամ սեփականատերերին անկարող են ճնշել, թե չէ կանեին, գուցե պարբերաբար փորձում են, չի ստացվում, մնում է Երանոսյաններին քսի տալ այս լրագրողների վրա: Ուսումնասիրեք ԽԱՊԿ և այլ կազմակերպությունների զեկույցները, նայեք ժամանակագրությունը և կտեսնեք, թե ովքե´ր և ո´ր ԶԼՄ ներկայացուցիչներն են ավելի շատ տուժել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերի, ընտրակեղծարարության լուսաբանումների ժամանակ, Սարի թաղում»,- ասում է նա:

Լևոն Բարսեղյանի կանխատեսումներով՝ «երկրում տիրող և զորացող ավտորիտար ռեժիմը բնականաբար շարունակելու և խորացնելու է ԶԼՄ-ների և ազատ խոսքի նկատմամբ ճնշումները», մանավանդ որ քաջալերվում և ուսուցանվում է իր մոսկովյան եղբոր վարքից: Սա, ըստ մասնագետի, Հայաստանի առաջ ծառացած լուրջ մարտահրավեր է և կարող է լուծվել միայն ավտորիտարիզմի վերացմամբ:

«Ազատ խոսքը, ի թիվս այլ ազատությունների, այսօրինակ ռեժիմի գերեզմանափորն է, այդ է պատճառը, որ Սերժիկն ու իր մանկլավիկները սարսափում են դրանից»,- ասում է Լևոն Բարսեղյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am