Նեոբոլշևիկները «Խավարումից»

Նեոբոլշևիկները «Խավարումից»
Նեոբոլշևիկները «Խավարումից»

Մշակույթի նախարարությունը կասեցրել է Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով քաղաքական բռնադատվածների ենթարկվածներին նվիրված ցուցահանդեսը: Փոխնախարար Արև Սամուելյանի պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ցուցահանդեսը «մի քիչ քաղաքականացված էր»: Սա արդեն բռնություն է մտքի հանդեպ: Այստեղից սկսվում է հոգեբուժությունը:

Գալուստ Սահակյանն այդպես էլ ասում էր՝ մի՛ քաղաքականացրեք Ազգային ժողովի ամբիոնը: 2014-ի հոկտեմբերին իշխանափոխության շարժում սկսած ԲՀԿ-ականները լրագրողներին ասում էին՝ մի՛ քաղաքականացրեք իշխանափոխությունը: Հանրապետականները կոչ էին անում չքաղաքականացնել սահմանադրական հանրաքվեն: Սամուելյանն Արևն ամենայն անկեղծությամբ վստահ է, որ բռնաճնշումները մարդու քմահաճույքն են, քաղաքականությունը կապ չունի:

Սամուելյան Արևը բավարար կրթություն ունի «հասկանալու», որ մարդուն քաղաքական պատճառներով ոչնչացնելու մասին ցուցահանդեսն այլ բան է, քաղաքականությունը՝ այլ: Իր հոգու խորքում Սամուելյան Արևը և իր ղեկավարները մարդուն կարող են ոչնչացնել հենց այնպես, ամենասովորական վայրենու նման: Սամուելյան Արևը գիտի, որ Սարգսյան Սերժը մարդ է և կարծում է, որ եթե նա քաղաքականությունից Ծառուկյան Գագիկ է արտաքսել, ուրեմն քաղաքականություն չկա:

Ուրեմն դա արել է առանց քաղաքականության: Ուրեմն, մարդիկ բանտեր են նետվում առանց քաղաքականության, ուրեմն ընտրություններ են անցկացվում առանց քաղաքականության, ուրեմն ընդդիմություն է ոչնչացվում առանց քաղաքականության, ուրեմն Սամուել Արևյանի փոխարեն Արև Սամուելյանն է մշակույթի փոխնախարար նշանակվում առանց քաղաքականության: Հա, ի դեպ, մենք ԵՄ համապարփակ համաձայնագրին միանում ենք առանց քաղաքականության և առանց քաղաքականության հրաժարվում ենք Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց:

Հետաքրքիր ժամանակներ են, ի դեպ, շատ նման ստալինյան ժամանակներին՝ բոլոր իշխանավորներին թվում է, թե իրենք ողորմածության թիրախներ են: Սա այլ կերպ կարելի է անվանել ՍԱՍ-ի համախտանիշ: Ուղղակի ինչ-որ մեկը մարդկանց հավաքել ու սպառնում էր: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կապ չունեին: Լրիվ ինքնագործունեություն էր, խորհրդային դահիճ Անաստաս Միկոյանի ժառանգների բենեֆիսը: Քաղաքականություն այստեղ չկար, մարդիկ քվե են բերում, որպեսզի հաղթի ո՞վ՝ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Ճիշտ է, ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, բայց եթե Հայաստանը պետություն է, այն քաղաքական միավոր է, և եթե նույնիսկ ոչ ոք այս երկրում քաղաքականությամբ չի զբաղվում, ինքը մնում է քաղաքական միավոր:

Արև Սամուելյանին կարելի է հասկանալ՝ հայ գրողներն ամեն անկյունում ասում են, թե ատում են քաղաքականությունը, թե քաղաքականության զահլեն չունեն: Այսինքն` հասկացնում են, որ քաղաքականությունը մոտավորապես տականքի և թերմացքի զբաղմունք է: Հիմա եթե իշխան Համլետի «դեդուկցիայի» հետքերով գնանք, կստացվի, որ իրենք դա ասում են, որպեսզի չզայրացնեն Սերժ Սարգսյանին, ցույց տան, որ ոչնչով չեն սպառնում նրան, որը, ի դեպ, քաղաքականությամբ է զբաղվում, որի ողորմածության կռանի տակ են գոյատևում իրենք:

Հայ գրողները մոռանում են, որ այդ ողորմածության կռանը ճզմեց Թումանյանի երկու որդիներին, որոնք Ստալինի ուղղակի զոհերն են: Այսինքն` նրանք քաղաքականության հավես չունեն, որովհետև քաղաքականություն չեն իրենք իրենցով:

Այլ քաղաքականություն չկա:

Եթե կաս որպես մարդ, արդեն կաս կա՛մ ըստ քո, կա՛մ ըստ ուրիշի քաղաքականության: Քաղաքականության գոյությունն այն մասին է, որ երկու հոգի արդեն ի գիտություն են ընդունել միմյանց գոյությունը: Գյուղացին առանց քաղաքականության չի կարող ապրանք վաճառել, ատամնաբույժն առանց քաղաքականության չի կարող ատամնաբույժ լինել: Առանց քաղաքականության գրողը չի կարող նույնիսկ իր կերպարը շարադրել:

Նույնիսկ Աստվածաշունչը չի գրվել առանց քաղաքականության: Մատնիչը մատնում է քաղաքականությամբ, Յագոն առանց քաղաքականության Յագո չէ: Այո՛, քաղաքականությունը ենթադրում է նաև զոհեր: Նույնիսկ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի սպառնալիքներին տեղի ես տալիս քաղաքական նկատառումներով, այլապես հերոսաբար դիմում կգրեիր ու կմնայիր անտեր:

Ստրկամտության մեջ անգամ քաղաքականություն կա:

Նրանք, ովքեր արգելել են «Խավարում» ցուցահանդեսը, ակնհայտորեն Հայաստանը մաքրել են քարտեզից: Այսինքն` այլևս պետություն չկա: Այսինքն` էականն այն է, որ իրենք նախարար ու փոխնախարար են, պետությունն էական չէ: Ա՛յ այդպես էլ ԽՍՀՄ-ում կարևոր չէր` Ղարաբաղն ո՛ւմն է, կարևորը, որ Սերժ Սարգսյանը Կևորկովի օգնականն էր:

Մհեր Արշակյան

MediaLab.am