Վիգեն Սարգսյան. Բոլորը դեպի մսաղաց: Այսինքն՝ գիտելիքդ կտրեմ տանկով

Վիգեն Սարգսյան. Բոլորը դեպի մսաղաց: Այսինքն՝ գիտելիքդ կտրեմ տանկով
Վիգեն Սարգսյան. Բոլորը դեպի մսաղաց: Այսինքն՝ գիտելիքդ կտրեմ տանկով

Զինծառայության մասին Վիգեն Սարգսյանի օրինագծին ծանոթանալիս միայն մեկ զգացում ունեմ՝այդ մարդն իր մտքում փակել է Հայաստանը: Այդ մարդու Հայաստանին պակասում է միայն Արմագեդոնը, հիմա դա էլ կվիճակվի մեզ: Օրինագծով բանակ պետք է գնան բոլոր տղաները, անկախ նրանից՟ տան մինուճարն են, հայր, մայր, քույր կամ եղբայր են կորցրել պատերազմական պայմաններում:

Բոլորն են, չէ՞, հասկանում, որ խոսքը պարզապես զինվորական պարտադիր ծառայության մասին չէ, խոսքը առաջին գծում զոհվելու մասին է, որովհետև ծառայության համար այս նախկին երիտասարդը պետք է մտածեր պրոֆեսիոնալ բանակի մասին:

Պաշտպանության նախարարը հայաստանցի պատանուն ընկալում է որպես մսաղացի միս: Որովհետև բանակը բարենորոգելու այլ քաղաքականություն չկա: Որպես մխիթարանք առաջարկում է 1000 դրամանոցների օրենքը, որ մայրերը ողբալիս ապրելու փրկօղակ ունենան:

Օրենքի հրեշավորությունը աչք է ծակում ոչ միայն արտագաղթի տեմպերի, այլև 2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ֆոնին:

Ովքե՞ր են այս մարդուն և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանին մանուկ հասակում հեքիաթ կարդացել:

Եվ ինչի՞ անունն են կարդացողները դրել հեքիաթ: Եվ արդյո՞ք այդ հեքիաթներում մարդիկ եղել են: Թե՞ էդ հեքիաթներում բոլոր հերոսները չարագործներ էին ու իրար միս են կերել:

Այս երկուսը Հայաստանին բանակի փոխարեն առաջարկում են մահապարտների գունդ: Որովհետև Արցախում սահմանային լարվածության վերջը չի երևում: Այնքան մանրախնդիր են բոլորին զոհաբերելու մեջ, որ հասել են ուսանողներին:

ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի պատին մի գրաֆիտի կա՝ պատկերված է ապրիլյան քառօրյայում զոհված մի զինվոր, որի նկարի տակ գրած է՝ նրա զենքը տանկն էր, քո զենքը գիտելիքն է:

Սա ուսանողին են հիշեցնում: Հիշենք՝ տանկով տղան զոհվել է: Գիտելիքով տղան համալսարանում է: Գրողը հասկացնում է՝ նրա զենքը տանկն էր ու ինքն այսօր չկա, քո զենքը գիտելիքն է, ու դու կարող ես լինել: Նույնիսկ եթե գրողը գրելիս հենց այս անհեթեթությունը նկատի ուներ, Վիգեն Սարգսյանի օրինագծով սա էլ չի աշխատելու՝ գիտելիքը միշտ տանկն է:

Այսինքն՝բոլորը դեպի մսաղաց: Այսինքն՝ գիտելիքդ կտրեմ տանկով: Քանի որ հենց դա էլ ակնարկում են օրինագծով՝խաղաղության հույս չունենաք, հիմա գիտելիքի ժամանակը չէ:

Ու էս օրինագծի օգտին քվեարկելու են նրանք, որոնք բանակում չեն ծառայել:

Իսկ ի՞նչ է նշանակում ծառայել բանակում: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում գնալ կրակի բերան: Սա նշանակում է, որ մայրերի մոտ սրվում է որդու զգացումը: Երբ քվեարկում ես, հիշի՛ր այդ մայրերի մասին:

Մենք լավագույն բուհերը չունենք, բայց երբ նրանք որդիներին ուղարկում են համալսարան, նկատի են ունեցել, որ գիտելիքի հանդեպ ծարավը պետք է հագեցվի օր առաջ: Իսկ դու ասում ես՝ չէ՛, ընկե՛ր, մի երկու տարի «ստոպ» տուր:

Բանակում ծառայելու դեմ ոչինչ չունեմ:

Բայց օրինագիծը սարսափելի է:

Այն Հայաստանը զրկում է ապագայից: Այն տղա ծնվածներին անվտանգության ոչ մի օր չի առաջարկում: Նախագահի պաշտոնն զբաղեցնողը Ալիևի հետ պայմանավորվում է սահմանին զոհեր չտալ, անմիջապես հաջորդ օրը հայկական կողմը զոհ է ունենում:

Այսինքն՝ երաշխավորի խոսքը գրոշի արժեք չունի: Վիգեն Սարգսյանը Հայաստանը դրել է ազգ-բանակի զոհասեղանին: Ես համաձայն եմ լինել այդ զոհասեղանի մսացուն՝ պայմանով, որ ինձ հետ ազնիվ լինեն, ցույց տան, որ Հայաստանից դուրս իրենք ոչ մի բիզնես, ունեցվածք և ակտիվ չունեն: Հատկապես քվեարկողները:

Իրականում ես չեմ ուզում մսացու լինել, բայց խաղի ամենահրեշավոր կանոնն անգամ խաղի կանոն է:

Վիգեն Սարգսյանը մսացու չէ:

Նա չի զոհվելու:

Մարդը, որն առաջարկում է հերոսաբար թափել արյունը, արյուն չունի թափելու: Այդ նախկին երիտասարդին պետք է հեռու պահել բանակից: Գոնե հանուն այն մոր, որը հենց այսօր որդի ունեցավ, ասենք, Վարդենիսի ծննդատանը: Որովհետևայդ օրենքը, ի վերջո, այնքան կարող է սեղմել մեր տղաների կոկորդը, որ բոլոր հնարավոր ճանապարհներով տնով-տեղով որոշեն չքվել այս երկրից:

Կա նաև ամենասարսափելին՝ տղա ունենալը կարող է այլևս ձեռք չտալ այդպես էլ պտղի սեռից վեր չկանգնած մեր մայրերի մի մեծ հատվածին: Ինչպես աղջիկ ունենալն այսօր ձեռք չի տալիս:

Մհեր Արշակյան

MediaLab.am