Ի՞նչ են հուշում եւ ում են ուղղված նախընտրական կարգախոսները. սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ուղերձների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած գրեթե բոլոր քաղաքական ուժերն ունեն անցած ճանապարհ, մարդիկ գիտեն՝ ով ինչ է արել: Այս պարագայում ի՞նչ ընտրություն պետք է կատարեն մարդիկ, ընտրության հնարավորություն կա՞:

– Խնդիրը բևեռվելու է մի ձևակերպման շուրջ՝ ինչքանո՛վ են լավ հիշում, այսինքն՝ ի՛նչն են հիշելու և ինչի՛ հիման վրա են ընտրություն կատարելու՝ էմոցիաների՞, թե՞ այսօրվա իրավիճակից ելնելով: Սրանք բավականին դժվար հարցեր են, որոնց հնարավոր կլինի պատասխանել քարոզարշավի ընթացքում, որովհետև, չնայած հայտնի են քաղաքական ուժերը, բայց հայտնի չէ, թե ինչ ծրագիր են առաջարկում, ի վերջո՝ ընտրում ես ոչ թե անձին, այլ՝ ծրագիրը:

– Բայց մեր հասարակությունը մինչ այս ընտրել է անձերի՞ն, թե՞ առաջարկվող ծրագիրը:

– Ո՛չ, մինչ այս շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, իրականում, նույնիսկ 2019 թվականին, առանձնապես ընտրության հնարավորություն չի եղել: Տարօրինակ բան եմ ասում, բայց սա առաջին ընտրությունն է, որ մարդ կարող է իրոք ընտրություն անել, որովհետև հեղափոխությունից հետո եղած ընտրություններում պարզ է, որ ընտրել են մեծ էմոցիաների հիման վրա, իսկ սա առաջին ընտրությունն է, որ մարդիկ իսկապես ընտրելու են: 

Սա մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ, որովհետև եթե մասնակիցները քիչ թե շատ հավասար ձայներ ստանան, Ազգային ժողովն իրոք կդառնա Խնկո-Ապոր «Մկների ժողովը»՝ ճառ ասող կլինի, զանգ կախող չի լինի, եթե նորմալ մեծամասնություն չձևավորվի: Չեմ կարող հիմա ասել՝ ոնց կընտրեն, որովհետև մարդկանց որոշումներն սովորաբար կայացվում են վերջին օրերի ընթացքում: 

Բացի այս, դեռ ժամանակ կա, որ քաղաքական ուժերն իրենց վարկանիշը այլանդակեն: Հայաստանում միշտ այդպես է լինում, ինչ-որ բազային վարկանիշ կա, որը նախընտրական ժամանակահատվածում կուսակցությունները փորձում են ապականել: Գրեթե երբեք նախապես գնահատված վարկանիշները չեն բարելավվել՝ միշտ ապականվել են, որովհետև այն ուժը, որ զգում է՝ գործերը լավ են գնում, մի քիչ թուլանում է ու սկսում է այնպիսի բաներ ասել, որոնք ակնհայտորեն վանում են մարդկանց: 

Ամենավառ օրինակը Սերժ Սարգսյանի «Ըտենց եք անում, որ խիյարը թարս է աճում, ինչքան ուզենք, էնքան խփենք» արտահայտություններն են, որոնցից հետո վարկանիշի կտրուկ անկում եղավ:

– Կխնդրեմ՝ մանրամասնեք, թե ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ մարդիկ այս անգամ հնարավորություն ունեն իսկապես ընտրություն կատարելու:

– Նախևառաջ՝ բոլորն են ներկա՝ առաջին իշխանությունից սկսած մինչև գործողը, երկրորդ՝ ամբողջ սպեկտրը կա, և ոչ մի քաղաքական ուժ ճնշող բան չունի, այսինքն՝ ՀՀԿ-ի ժամանակ էլ կարող էին շատերը մասնակցել, բայց բոլորին պարզ էր, որ կա մի զանգված, որը միշտ կայունության կողմնակից է եղել և միշտ ընտրել է իշխանությանը: 

Ստեղծված իրավիճակում կայունություն չկա, ցանկացած մարդ, որը գնալու է ընտրության, ստիպված է լինելու այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ ընտրել:

– Պարո՛ն Սարգսյան, քաղաքական ուժերի հայտարարությունները, ելույթները, կարգախոսները որքանո՞վ են գրավիչ, համոզիչ մարդկանց համար:

– Խնդիրն այն է, թե որ ուժն ի՛նչ ռազմավարություն է ընտրել: Ուժեր կան, որ ընտրել են իրենց էլեկտորատին պահելու ռազմավարություն, ինչը նշանակում է՝ իրենց էլեկտորատին հաճո բաներ պետք է ասեն: Ուժ կա, որ փորձում է ձևավորել էլեկտորատ, ուժ կա՝ ուրիշի էլեկտորատն է ուզում փախցնել, ըստ դրա էլ կազմում են իրենց կարգախոսներն ու ելույթները: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» կարգախոսը «Ելք կա»-ի նմանությամբ է ստեղծված, քանի որ իրենք «Ելք կա»-ով սկսեցին իշխանության գալ, սա իրենց էլեկտորատինն է, և քանի որ իրենց վերջին էլեկտորատը եղել է 80%, իրենք դիմում են այդ էլեկտորատին, որը լրիվ բավարար է, առանձնապես տեխնոլոգիա էլ չի կիրառվել:

«Պատիվ ունեմ» դաշինքի «Ուղղի՛ր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրե՛նք» կարգախոսն ուղեղ եռացնելու համար է, որովհետև շատ բարդ է, ինչով էլ ՀՀԿ-ն միշտ աչքի է ընկել, նրանց գաղափարները միշտ էլ լավն են եղել, բայց իրականացումը՝ վատ: Այս եռաբաղադրիչ կոչը ցույց է տալիս, որ նրանք ավելի շուտ խոսում են իրենք իրենց հետ, քան էլեկտորատի:

«Հայաստան» դաշինքի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսը դաշնակցական չէ, և այս կարգախոսն ավելի շուտ գնում է ինչ-որ էլեկտորատ տանելու, ու դա նորմալ է, որովհետև Դաշնակցությունն ինքն իրենով երբեք 6%-ից ավել չի հավաքի:

Ընդունենք, որ երեք ուժի կարգախոսն էլ նորմալ է, բայց պետք է կարողանալ էլեկտորատի հետ լեզու գտնել: Մեծ հաշվով, կուսակցություններում խոսնակ չկա, որին կլսեն միայն նրա համար, որ ինքն է խոսում: Միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել լեզու գտնել էլեկտորատի հետ, խոսքը ոչ թե իրենց էլեկտորատի, այլ տատանվող զանգվածի մասին է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am