Նախարարը պետք է լինի մեզանից մեկը

Նախարարը պետք է լինի մեզանից մեկը
Նախարարը պետք է լինի մեզանից մեկը

Հայաստանն ունի նոր կառավարություն: Դեմքերը հիմնականում այնքան նոր են, որ թվում է, թե հեռուստախաղ է: Ու էդ խաղից հետո ամեն ինչ կվերադառնա նույն իրականությանը, որը գիտեինք:

Հեղափոխությունն ավելի արագ է մտնում մեր կյանք: Կարելի է ասել՝ առաջ է ընկել: 20 տարի բոլորովին այլ սկզբունքների էինք սովոր:

Մեզ սովորեցնում էին, որ իշխանություն ձևավորում են անփոխարինելիները: Իշխանություն մտնողն արդեն մեխվում էր իր աթոռին, կամ տեղափոխվում այլ աթոռ: Ու խնդիրը մեխվելը կամ տեղափոխվելը չէր: Խնդիրն աթոռի բարձրությունն էր: Նստողի աչքին պետությունը չէր երևում: Նստողը մյուսների աչքն էր մտցնում վայելքի զգացումը:

Ահա ինչու, մինչև այսօր բնազդաբար շնորհավորում ենք նախարար դարձողին՝ չհասկանալով, որ նախարար դառնալը պարգև չէ. որ գործի բերումով նա կարող է դառնալ հանցագործ, որ գործի բերումով նա կդադարի մարդ լինել: Պաշտոնի «կառուցվածքն» է այդպիսին: Իր «ամբողջականության» համար այն «պետք» է ընդգծի պաշտոն չունեցողի թշվառությունը:

Մենք շնորհավորում ենք, որովհետև արդեն տեսնում ենք նրա վայելելիքը, բարձր աշխատավարձը, ծառայողական շքեղ մեքենան:

Մենք էս գլխից շնորհավորում ենք նրա մեզանից մեկը չլինելու հնարավորությունը: Որովհետև հոգու խորքում երազում ենք լինել նրա փոխարեն:

Մենք մեր երազանքն ենք մատնում մեր շնորհավորանքով: Որովհետև 20 տարի նրանց վայելքի մեջ եղունգ ենք կրծել՝ անիծելով բախտ բաժանողին: Շնորհավորում են մրցանակակրին:

Շնորհավորում են աղետից փրկվածին: Իսկ այս մարդիկ գալիս են ծառայելու: Նրանց պետք է հաջողություն մաղթել: Որովհետև նրանց տեղը կարող էինք լինել մենք:

Նախարարը պետք է լինի մեզանից մեկը: Մարդ, որը Ֆեյսբուքում կիսահայհոյանքով պատասխանել է «Գարդասիլի» հակառակորդներին, մարդ, որն անգլերենի դասատու է:

Այսինքն` համարյա մենք ենք նախարար: Հատկապես, երբ նշանակվածը երթևեկում է մետրոյով: Ես չգիտեմ, թե դա ինչքան կտևի: Բայց դա արդեն խնայողություն է:

Այսինքն` մարդը հասկանում է, կամ գոնե տպավորությունն է այդպիսին, որ հասկանում է, թե պետության փողերն իր սեփականությունը չեն, դրանք կարող են դառնալ ինչ-որ մեկի թոշակը կամ ինչ-որ մեկի վիրահատության պակասող գումարը:

Ես չգիտեմ:

Կարևոր է, որ եկողներն աթոռներն այնքան չբարձրացնեն, որ բարձրում մնալը դառնա պատվի հարց: Հիմա նրանք ավերակներ են ժառանգել: Այսինքն` գայթակղության ավելի մեծ դաշտ, որ հնարավորինս արագ պոկվեն մեզանից:

Ամենակարևորը մեզանից մեկը լինելը չդառնա անհարմարավետություն: Որովհետև այդ պահից սկսվում է սեփական «ներաշխարհը» ծառայեցնել ոչ թե ժողովրդին, այլ նրան, ումից կախված է բարձունքը:

Հենց դա է եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման ոգին: Հենց դա է ծնել Լևոն Երանոսյանին և Հրայր Թովմասյանին: Ինչպես նաև ԱԺ հանրապետականներին:

Նոր կառավարությունն ունի ժողովուրդ: Առաջին անգամ վերջին 20 տարում: Սակայն չափազանց ծանր ժառանգություն: Նախկինները պետությունը ծնննդյան տորթի նման բաժանել էին միմյանց միջև:

Նորերը զրոյից պետք է պետություն հավաքեն: Նրանք երիտասարդ են: Մեծ մասը բիզնես չունի և գիտի, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում պաշտոնը սեփական բարեկեցությանը ծառայեցնողներին:

Պետությունն ունի վերքեր, որոնք նա ստացել է անպատասխան բռնություններից: Թերևս կառավարության ծրագիրն ավելի լավ կասի, թե ինչպես են բժշկելու այդ վերքերը: Բայց գլխավոր խաղաքարտը ժողովուրդը տվել է նորերին՝ իր հույսը: Տվել է իմանալով, թե ինչպես վարվել, եթե հանկարծ հույսը հայտնվի խաղից դուրս վիճակում:

Մհեր Արշակյան

MediaLab.am