«ՍԴ-ն կատարեց իր ավանդական առաքելությունը՝ կայացրեց գործադիր իշխանության քիմքին հաճո որոշում». Գևորգ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը, և խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր չճանաչվեցին: Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ այս որոշումը:

– Սահմանադրական դատարանն այլ անակնկալ չէր էլ կարող մատուցել, որովհետև, փաստորեն, ինքը ևս նվաճված է վարչապետի աթոռին գամված անձի կողմից: Սպասելի որոշում էր: Բայց ՍԴ-ն այս որոշմամբ իրականում վարչապետի աթոռին գամված անձին զրկեց նրա վերջին խաղաքարտից, որի վրա նա խաղում էր, թե դատական համակարգը խոչընդոտում է իր ծրագրերի իրականացումը:

Հիմա դատական համակարգի բարձրագույն ատյանն իրեն ասեց՝ խնդրեմ, էս դու, էս պետությունը: Հիմա նա մնաց մենակ, եթե նախկինում իր անհաջողությունները փաթաթում էր դատական համակարգի վզին, հիմա  թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական համակարգերն իր բացարձակ տիրապետության տակ են, և հիմա իր ձախողումների համար չունի որևէ թիրախ, որին մեղադրի:

Միակ թիրախը ՍԴ-ն էր, որը կարողացավ իրենով անել: Այսինքն՝ ՍԴ-ն, թվում է թե, հօգուտ իրեն քայլ արեց, բայց, ըստ էության, ՍԴ-ն՝ չգիտեմ գիտակցված, թե ոչ, բայց նրան թողեց միայնակ իր առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դեմ: Հիմա կտեսնենք, թե մեղավորների բացակայության դեպքում ինչպես է գործում այդ անձնավորությունը, չնայած ես վստահ եմ, որ տապալելու է ամեն ինչ:

Եթե ՍԴ-ն, ինչպես ասում եք, գործող իշխանության ազդեցությունից դուրս լիներ, ներկայացված փաստերը բավարա՞ր էին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար:

– Անշուշտ բավարար էին: Ներկայացված փաստերը, որքանով ես հասցրեցի հետևել, այո՛, բավարար էին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար:

Ես չեմ կիսում այն իրավաբանների թեզը, որ պետք է անպայման խախտումներն այնքան լինեին, որ ընտրությունների արդյունք փոխեին հօգուտ մեկ այլ ուժի, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ենթադրենք՝ ստացել է 600 հազար ձայն, ուրեմն անպայման պետք է 301 հազար խախտո՞ւմ հայտնաբերվեր, որ արդյունքները անվավեր ճանաչվեին:

Նման պահանջ որևէ օրենքով, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում և ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում նախատեսված չէ, ընդամենը կա այսպիսի արտահայտություն, որ խախտումները, եթե պարզվում է, եղել են կազմակերպված, համատարած և ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ապա դա բավարար է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Բայց ՍԴ-ն փաստորեն կատարեց իր ավանդական առաքելությունը՝ կայացնել գործադիր իշխանության քիմքին հաճո որոշում, բայց նորից եմ ասում՝ այս որոշումն ավելի վտանգավոր է վարչապետի աթոռը զավթած անձի համար, քան եթե հակառակ որոշումը լիներ:

Այս որոշմամբ նա իրեն ավելի մեծ փորձանքի մեջ գցեց, ՍԴ-ի վերջին որոշումից հետո՝ 300.1 հոդվածի մասով, սահմանադրական կարգի տապալում, իրենց պատգամավորներից մեկն ասաց, որ ՍԴ-ն կատարել է ընդդիմության պատվերը: Իհարկե, սա անգրագիտության մեկ այլ ժանրից է, որ ՍԴ-ն ընդդիմության պատվեր կատարի, բայց նրանք զրկվեցին նաև այս փրկօղակից, հիմա չկա որևէ ուժ, սուբյեկտ, որին կարողանան իրենց ունեցած ձախողումների համար մեղադրել:

Պարո՛ն Պետրոսյան, լավ հիշեցրիք՝ «Մարտի 1»-ի գործի հետ կապված, եթե ՍԴ-ն, ինչպես ասում եք, գտնվում է իշխանության ազդեցության տակ՝ ինչո՞ւ 300.1-րդ հոդվածով մենք չտեսանք հակառակ որոշումը:

– Առաջին հայացքից է միայն, որ ՍԴ-ի այդ որոշումը եղել է հօգուտ Քոչարյանի, բացարձակ: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգ չի տապալել, և այդ մեղադրանքը շատ հեղհեղուկ ու սին է:

Իրականում այս որոշումն արվել է վարչապետի աթոռը զավթած անձի համար, ինչո՞ւ, որովհետև վարչապետի աթոռին գամված անձը իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում բազմիցս տապալել է սահմանադրական կարգը, և այդ հոդվածի առկայությունը Քրեական օրենսգրքում սպառնացել է իրեն, ոչ թե Քոչարյանին:

Ստացվում է, որ սա՞ էլ է քաղաքական որոշում եղել:

– Իհարկե, և այդ մասին առաջինն իրենք են ասել: Երբ ՍԴ-ի դատավոր կոչեցյալն իր ընտրության օրը խորհրդարանում հայտարարեց, որ իրենց իշխանության համար ՍԴ-ի խնդիրն ունի քաղաքական նշանակություն, դրանով թքեց ընդհանրապես անկախ դատական համակարգ հասկացության վրա և միանգամից խոստովանեց, որ իրենք լուծում են քաղաքական հարցեր:

Դրանից հետո մենք իրավունք ունենք պնդել, որ այսուհետ, քանի դեռ իրենք են իշխանության, ՍԴ-ի հետ լուրջ հույսեր կապել չի կարելի, որովհետև ՍԴ-ն, ինչպես իրենք էին նախատեսում, վերածվեց իրենց համար քաղաքական հարցեր լուծող մարմնի, այդ թվում նաև՝ այս ընտրությունների իրավական գնահատականը տալու հարցում:

Ավելի փնթի ու անկազմակերպ ձևով շարունակելով նախկին ավանդույթները՝ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանին դրեց շատ ավելի ծանր վիճակի մեջ, նա այլևս որևէ մեկին չի կարող մազաչափ անգամ մեղադրել իր ձախողումների համար:

– Պարո՛ն Պետրոսյան, անուամենայնիվ, ունենք նորընտիր խորհրդարան, որտեղ, գիտեք` որ քաղաքական ուժերն են ներկայացված: Այդ կազմով Ազգային ժողովը որքանո՞վ կկարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել:

– Որևէ լուրջ հույս չեմ կապում, որովհետև իրենք նորից մեծամասնություն են: Ճիշտ է, այնքան չէ, որքան 7-րդ գումարման խորհրդարանում, բայց իրենք ունեն 71 ձայն՝ 107-ի մեջ, ընդամենը մեկ ձայն է պակասում, որ կարողանան 2/3-ի մեծամասնություն ապահովել, որպեսզի Սահմանադրություն փոխեն, իսկ իրենք ունեն 3/5-րդը, որով իրավունք ունեն սահմանադրական օրենքներ ընդունել, դրանցում փոփոխություններ կատարել, առանձին պետական պաշտոնյաների նշանակել՝ գլխավոր դատախազ, Կենտրոնական բանկի նախագահ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, որոնք Սահմանադրության համաձայն ընտրվում կամ նշանակվում են ԱԺ-ի կողմից:

Իրենք միայն իրենցով բավարար ձայներ ունեն, այստեղ ընդամենը մեկ ձայն է պակասում, որ 2/3-րդ-ի մեծամասնություն ունենան, իսկ ո՞վ կարող է բացառել, որ այդ ընդդիմություն կոչվածից ընդամենը մեկ հոգի դուրս չի գա ու չի միանա իրենց:

Այսինքն՝ իրենք կարող են ապահովել նաև 2/3-րդ-ը և փոխել երկրի հիմնական օրենքի շատ դրույթներ, էլ չասած մնացած օրենքների մասին, որոնք ընդունվում են ընդամենը ձայների պարզ մեծամասնությամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am