«Պատերազմից հետո ես չեմ էլ ուզում ապրեմ, սա անմոռանալի ցավ է». որդու զոհվելու հետ Նվարդը չի հաշտվում

«Պատերազմից հետո ես չեմ էլ ուզում ապրեմ, անկեղծ՝ չեմ ուզում ապրել, սա անմոռանալի ցավ է»,- արցունքները կոկորդում խեղդելով ասում է 65-ամյա Նվարդ Պողոսյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է տղային։

Նվարդի որդին՝ 37-ամյա Միքայել Պողոսյանը, արդեն երկրորդ պատերազմին էր մասնակցում, Ապրիլյանին ևս եղել է առաջնագծում։ 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ մարտնչել է Ջրականում, որտեղ էլ զոհվել է։

Մայրն ասում է՝ վերջին անգամ տղայի հետ խոսել են հոկտեմբերի 2-ին, որից հետո հինգ ամիս շարունակ որևէ տեղեկություն չեն ունեցել, տղան համարվել է անհետ կորած։ Սպասման ու անորոշության մեջ ընտանիքը հույս ուներ, թե տղան ողջ-առողջ կգտնվի, սակայն մարտ ամսին ստանում են բոթը, որ գտնվել է տղայի մարմինը:

«Հոկտեմբերի 2-ին է վերջին անգամ խոսել իր հետ… Ամսի 3-ին կնոջ ծննդյան օրն էր, զանգեցի կնոջը, ասեցի՝ կարո՞ղ ա Միքայելը խոսել ա, ծնունդդ ա, ասեց՝ չէ։ Հոկտեմբերի 2-ից լուր չի եղել մինչև մարտի 15-ը, երբ լուր ա եկել, որ ճարել ենք»,- կսկիծով ասում է մայրը։

Նվարդը հիշում է, որ ամուսնու քույրը եկել էր իրենց տուն, հարցրել՝ Միքայելից արդյոք տեղեկություն կա, այնուհետև սկսել է լաց լինել․ «Էդ ժամանակ հասկացա՝ ինչ ա եղել։ Գոռացի, սաղ հարևանները հավաքվեցին»։

Նվարդն ասում է, որ լուրն իմանալը շոկային էր, մինչև հիմա էլ չի կարողանում հավատալ, որ տղան չկա․ «Ես մինչև հիմա էլ սպասում եմ իրեն։ Հիմա էլ հույս ունենք, ես չգիտեմ, ինձ թվում ա՝ գալու ա»։

Միքայել Պողոսյանը կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ ապրել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, որպես վարորդ է աշխատել Ստեփանակերտում։ Մայրն ասում է՝ տղան երազում էր սեփական տուն ունենալ ընտանիքի համար, լավ աշխատանք, երեխաների համար լավ ապագա ապահովել: «Նպատակները տղայիս սրտումը մնացին»,- ասում է նա ու կրկին հուզվում։

Միքայել Պողոսյանը կնոջ և երեխաների հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Նվարդը դառնությամբ պատմում է, որ տղայից լուր չունենալու ամիսներին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, սթրեսային ապրումները սրել են ունեցած հիվանդությունը, և նոյեմբեր ամսին նա մահացել է: «Ամուսնուս էլ, տղայիս էլ Կարմիր Շուկայում ենք հուղարկավորել։ Էս վիշտը միշտ ինձ հետ կլինի՝ մինչև կյանքիս վերջը»,- ասում է Նվարդը։

Մայրն ասում է՝ ցավի ու սգի մեջ անընդհատ տղայի խոսքերն ու գործերն է հիշում: «Ասում էր՝ մա՛մ, սաղ լավ կլինի»,- հուզվում է Նվարդն ու ասում՝ ամբողջ օրը տղայի նկարների առաջ նստում է ու լացում։

«Ես հիմա տղայիս զավակների համար եմ ապրում, ինձ համար կյանք չկա, կյանքն ինձ համար այլևս գոյություն չունի»,- ասում է նա ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am