«Կոռուպցիոն ռիսկ, բնականաբար, կա և, վստահ, կա»․ մասնագետները արձագանքում են Սուրեն Պապիկյանին

«Կոռուպցիոն ռիսկ, բնականաբար, կա և, վստահ, կա»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան կազմակերպության հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ արձագանքելով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։ 

Պաշտոնյան, հիշեցնենք, «Ազատության» եթերում հայտարարել էր, թե կոռուպցիոն որևէ ռիսկ չի տեսնում, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ընկերությունը շահել է Հայաստանում մի քանի խոշոր ճանապարհների ասֆալտապատման համար հայտարարված մրցույթներում, որի ընդհանուր բյուջեն 500 մլն դրամից ավելի է կազմել։ 

«Այստեղ բանալի բառերն են՝ մրցույթ, հաղթել, ու դրանով ամեն ինչ ասված է: Ալեն Սիմոնյանի եղբայրը, եթե ես չեմ սխալվում, սեփականատեր չէ: Այսինքն՝ եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ»,- ասել է Պապիկյանը:

Հոկտանյանի պնդմամբ՝ ասել, որ կոռուպցիոն ռիսկ չէ, բացարձակ սխալ է, այլ հարց է՝ արդյոք կա՞ կոռուպցիա, թե՞ ոչ։ 

«Դա արդեն այլ թեմա է, պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչո՞ւ է հենց այդ պաշտոնյայի հարազատի կազմակերպությունը հաղթել այդ մրցույթում»,- նշում է Հոկտանյանը։

Նկատենք՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ1» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է այս տարվա փետրվարի 19-ին՝ 140 մլն կանոնադրական կապիտալով։ 

Կոռուպցիայի գծով փորձագետն ասում է՝ կասկածելի է, որ նորաստեղծ կազմակերպությանը վստահվում են խոշորամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ։ 

«Ե՛վ մինչև հեղափոխությունը, և՛ հիմա արատավոր պրակտիկա է դարձել, որ այդպիսի ազդեցիկ մարդկանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները, որպես կանոն, շատ հաջողակ են լինում։ Այսինքն՝ նման բաները ինչպես եղել են նախկինում, այդպես էլ մնացել են»,- ասում է Հոկտանյանը։

Գնումների մասնագետ Արտակ Քյուրումյանը նկատում է՝ 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ գնումների գործընթացում անցկացվող մրցույթներում ազնիվ պայքարով չեն հաղթում։ 

«Հատկապես եթե կազմակերպությունը բոլորովին վերջերս է գրանցում ստացել, ստեղծվել, ապա մտահոգությունների տեղիք կարող է տալ, որովհետև սովորաբար նման դեպքում մրցույթներում ակնկալվում է, որ այդ ոլորտում ընկերությունը փորձառու լինի, բանկերի հետ պատմություն ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Քյուրումյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է այդպես ստացվում, որ Հայաստանում ամենատարբեր պաշտոնյաներին առնչվող ընկերությունները գնումների գործընթացում մշտապես հաղթում են, մասնագետն արձագանքում է․ 

«Հայաստանում շուկան փոքր է, մարդիկ միմյանց ճանաչում են, և բնական է՝ ինչ-որ հարաբերություններ գոյություն ունեն, և մարդիկ պատրաստ չեն փչացնել։ Բազմաթիվ հարցեր կան»։

Նրա խոսքով՝ գնումների գործընթացում սովորաբար առաջին և վերջին փուլերում է խնդիրն առաջանում ու բացատրում է՝ ինչպես․ 

«Օրինակ՝ առաջին փուլում տեխնիկական առաջադրանքն այնպես են գրում, որ տվյալ ընկերությանը հարմար լինի, իսկ վերջին փուլում խնդիրը կարող է առաջանալ, երբ արդեն աշխատանքի ընդունում-հանձնում է կատարվում, և պարզ է, որ այն ընկերությունը, որը կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, խոչընդոտներ չի ունենա»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am