«Երբ Վահանի մարմինը գտանք, երեխեքը սկսեցին Աստծուն մեղադրել, որ իրանց աղոթքները տեղ չհասան»․ կինն ասում է՝ ապրում են ամուսնու «արյան գնի հաշվին»

Պատերազմում զոհված 33-ամյա Վահան Տոնոյանի կինը՝ 30-ամյա Մերի Ղազարյանը, ասում է, որ իր կյանքի նպատակը 9-ամյա դստերը և 8-ամյա որդուն իրենց նպատակին հասցնելն է, հետո ամուսնուն միանալը։ Ասում է՝ Վահանին միանալու ցանկություն եղել է, կա ու միշտ կլինի։ 

«Իմ ու Վահանի սերը ունիկալ էր՝ սկսած մեր ծանոթության պահից։ Ես թատերականի ուսանող էի, իսկ Վահանը էն տրանսպորտի վարորդն էր, որով դասի էի գնում-գալիս։ Սկզբում գումարը չէր վերցնում, բայց ես, իհարկե, միշտ գումար էի թողնում, հաճախ ստիպված էի լինում նույնիսկ ավելի շատ թողնել, քան պետք էր, ու էդպես տակ էի տալիս»,- ժպիտով հիշում է Մերին։ 

Ասում է՝ իր ընտրությունը Վահանի վրա է կանգ առել այն ժամանակ, երբ նրան հարցրել է՝ ինչ կանես, եթե երեխեդ որևէ բանի կարիք ունենա, պատասխանել է՝ ամեն ինչ։

«Ինքը մասնագիտությամբ ամեն ինչ ա եղել՝ արհեստավոր, վարորդ և այլն։ Ինքն իրոք արել ա անհնարինը, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Վահանը շատ էր աշխատում, կարար իրան շոր ու կոշիկ չառներ, բայց երեխեքն ու ես ոչ մի բանի կարիք չունենայինք: Մի անգամ կոշիկ չուներ, ասեցի՝ Վահա՛ն, նայի՝ կոշիկ եմ տեսել, արի քո համար առնենք, ասեց՝ գժվե՞լ ես, Մեր, ի՞նչ կոշիկ իմ համար: Ասեցի՝ բա որ հիմա ես ուզեմ, կառնե՞ս, չէ, ասեց՝ հա՛, դու չգիտե՞ս, որ քո ու երեխեքի համար ես ամեն ինչ կանեմ, ես ձեր համար եմ ապրում»։

Մերիի խոսքով՝ Վահանը միշտ բողոքում էր, որ էդքան աշխատում էր, բայց ոչ մի բանի չէր հասնում։

«Ոչ մի բանի չէր հասնում, որովհետև նույնիսկ իրա քիչ աշխատածով էլ բոլորին օգնում էր, հասնում էր, ու կապ չուներ՝ ծանոթ էր թե անծանոթ: Ինքը օգնում էր, իրա ունեցած վերջինը հանում, տալիս էր ու կյանքում երեսով չէր տալիս, չէր էլ մտածում՝ ով հիշեց իրա արածը, ով՝ չէ: Իրեն գնահատել-չգնահատելը թողում էր էդ մարդու խղճին, բայց չէին գնահատում։ Իրա ազնվությունը, նվիրվածությունը իրան կործանեցին, նույնիսկ հայրենիքի հանդեպ էր էդքան ազնիվ»,- ասում է կինը։

«Ամսի 27-ի առավոտ մամաս զանգեց, ասեց՝ պատերազմ ա… Առաջին բանը, որը մտքովս անցավ, եղել ա՝ Վահանը կգնա, որովհետև Ապրիլյանի ժամանակ հազիվ էի գնալուց հետ պահել։ Երբ իմացա, որ արդեն ուզում էր գնար, արագ-արագ հելա, որ զինգրքույկը պահեմ, որովհետև մեր բարեկամներից մեկին առանց զինգրքույկի չէին տարել։ Մեկ էլ տեսնեմ՝ ծիծաղելով եկավ՝ զինգրքույկը ձեռքին, ասեց՝ է՞ս ես ման գալիս, արդեն ուշացել ես, մոտս ա»։

Վահանը որպես կամավոր մեկնել է Հադրութ հոկտեմբերի 3-ին։ Դա էլ այն պարագայում, երբ մինչ այդ  Արցախում երբեք չէր եղել։ 

«Հոկտեմբերի 3-ին զանգեց, ասեց՝ տուր երեխեքի հետ խոսեմ, միացրի, տվեցի երեխեքին, ասեց՝ մամային չջղայնացնեք, խելոք կմնաք, գնում եմ պատերազմ։ Հեռախոսը վերցրի, սկսեցի լացել, ասում էի՝ չէ, էլի, ո՛նց ենք մենք ապրելու, առանց քեզ չենք կարա, ասեց՝ ես գնում եմ մեռնելու, դու ապրելո՞ւց ես խոսում»։

Ամսի 6-ին Վահանը երկու օրով եկել էր տուն։ Կինն ասում է՝ շատ էր ուրախացել ամուսնու վերադարձից, փաթաթվել ու ասել է՝ ինչ լավ ա, որ հետ է եկել:

«Ասեց՝ մի՛ ուրախացի, էլի եմ գնալու: Ամսի 8-ին եկավ, ասեց՝ Մերիկո, շորերս դիր, լողանամ գնամ, մարդ կա տենալու։ Չէր ուզում ասեր, որ գնում էր։ Էդ օրը շատ ամուր փաթաթվեց, պաչեց։ Գնալուց հետո տղես ասեց՝ մամա՛, սիրտս մի տեսակ անհանգիստ ա, պապան ոնց որ պատերազմ գնաց։ Գառնիկի էդ խոսքից ես էլ ընկա տագնապի մեջ, ու ավելի ուշ հասկացա, որ էդ իրոք վերջն էր»,- պատմում է Մերին։

Հոկտեմբերի 15-ին ընտանիքը Վահանից վերջին հեռախոսազանգն է ստացել, ասել է՝ ուզում եմ ձագերիս տեսնեմ։ Երեխաների հետ խոսել է ու խնդրել մորը չբարկացնել, մինչև ինքը կգա։

«Էդ գիշեր երազ տեսա, որ ես ու տղես կանգնած էինք մեր խաչմերուկում, ու Վահանը, հրացանը ուսին, թրաշով, մեր կողքով անցավ, մեզ չտեսավ, հետո նստեց մեքենան։ Մեկին հարցրի՝ Վահա՞նն էր, ասեց՝ հա, մենք սկսեցինք իրա հետևից գոռալ, ու որ հետ դարձավ, իրա ոտքերի տեղում քարերն արյունոտվում էին։ Մենք իրա զոհվելու մանրամասները չգիտենք, ես ենթադրում եմ, որ վիրավոր ա եղել, օգնություն չեն տվել։

Երազիս երկրորդ մասում մենք մի հատ տանն էինք, ինքը սպիտակ էր ու թրաշված, փող էր բաժանում մեզ՝ էդ էլ իրա արյան գինն էր երևի․․․»- պատմում է կինը։

Հոկտեմբերի 16-ից մինչև հունվարի 7-ը Վահանն անհետ կորած է եղել, և ընտանիքը նրան փնտրել է բոլոր հնարավոր վայրերում։

«Երեխեքի հետ ամեն օր աղոթում էինք, ու երբ Վահանի մարմինը գտանք, երեխեքը սկսեցին Աստծուն մեղադրել, որ իրանց աղոթքները տեղ չհասան»։ 

Մերիի խոսքով՝ երեխաները շատ կապված էին հոր հետ, որովհետև Վահանն արտակարգ հայր էր, ամեն ինչ անում էր երեխաների համար ու 2-3 տարեկանից հաշվի էր նստում նրանց հետ։ Վահանը հատկապես կապված էր 8-ամյա որդու՝ Գառնիկի հետ, որի երազից երկու ժամ անց էլ հայտնել են, որ հոր մարմինը գտել են։ Ասում է՝ էլի որդու միջոցով հայտնվեց։

«Գառնիկն էդ օրը երազ էր տեսել, եկավ, ասեց՝ մամա՛, պապան եկել էր, աստիճանների ներքևը կանգնած էր, ձեն տվեցի, ասեց՝ տղե՛ս, իջի՛, եկել եմ։ Էդ ընթացքում անընդհատ ասում էր՝ պապաս սոված ա, պապաս ջուր ա ուզում, կտաներ ջուրը կդներ նկարի առաջ, մինչև հիմա որ հաց ենք ուտում, ինքը անպայման իրա պապայի բաժինը պիտի լցնի, դնի նկարի դեմը։ 

Վերջերս էլ Վահանի մեքենան ծախել էինք, տեսել էր ուրիշին քշելուց, դուռը բացեց, ներս մտավ, պատի գույնի էր, ասեց՝ պապայի ավտոն տեսա, ինձ թվաց՝ պապան ա, ուզում էի՝ վազեի, փաթաթվեի, հե՛տ բեր էդ ավտոն, մամա՛, ուզում ես իմ սիրտը կանգնի՞»։

Իսկ 9-ամյա Անին չի խոսում հոր մասին, որովհետև մտածում է, որ մայրը լաց կլինի։ Մերիի խոսքով՝ իրեն է պահում էդ 9 տարեկան մարդուկը։ 

«Ես իմ թևն ու թիկունքն եմ կորցրել, ես հիմա չեմ կարա զանգեմ, ասեմ՝ Վահա՛ն, ինձ նեղացրել են, արի ինձ տար, չկա էլ էդ Վահանը, ինքը տեսնում ա, բայց էլ չի կարում օգնի: Մենք էսօր ապրում ենք լրիվ օտար մարդկանց օգնությամբ, Վահանի թողած արյան գնի հաշվին»,- ասում է Մերին ու լռում։ 

Ամուսնու մահվանից հետո երեխաների հոգսը Մերիի ուսերին է։ Մերին երեխաների հետ բնակվում է Սիլիկյան թաղամասում գտնվող անմխիթար վիճակում գտնվող երկու սենյականոց տանը, որի սեփականատերն ինքը չէ։ Պետության՝ զոհվածի ընտանիքին հատկացրած գումարը կիսվում է Վահանի ծնողների և երեխաների միջև։

Մերին ասում է, որ փորձում է նոր մասնագիտոթյուն ձեռք բերել, քանի որ ամուսնությունից հետո կիսատ է թողել կրթությունը Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում։

«Հիմա էլ եմ ցանկանում շարունակել ուսումս, դիպլոմ վերցնել և ինչ-որ մի օր աշխատել նաև իմ մասնագիտությամբ։ Շուկայագիտություն նաև մատնահարդարում եմ սովորում, բայց աշխատանքի առաջարկների համար բաց եմ»-«Մեդիալաբին» ասում է նա։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am