Վանո Սիրադեղյան. Կծուլեզու լռողը

Մհեր Արշակյան

Վանո Սիրադեղյանը մահացավ: Մարդ, որն ըստ էության անցավ Կոմիտասի ուղին, լռեցվեց առանց սպանվելու: 

Մարդ, որին առաջադրվեց մի մեղադրանք, որն ավելորդ դարձրեց լինելու որևէ իրավունք: 

Մարդ, որը կարծես թե վերջին երեք տարում գոնե խնդիր չուներ վերադառնալու: Բայց ոչ մի մեղադրանք նրա վրայից չհանվեց: 

Ըստ էության ինչու՞մ էր մեղադրվում նա: Սա ասելը հեշտ չէ, բայց նա մեղադրվում էր այն բանում, որ թույլ չի տալիս մանրամասնորեն ոչնչացնել անկախ Հայաստանը: Նա մեղադրվում էր իր «կծուլեզու ներկայությամբ» ուրիշների անասնական բնազդների շնչին նստելու մեջ: 

Նա Հայաստանից վտարվեց 2000 թվականի մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո կրկին իշխանությունն ամբողջությամբ վերցրեց իր ձեռքը: Հենց Քոչարյանն էլ պատրաստվում էր վերջնականապես լուծել բազմաթիվ սպանությունների կազմակերպման մեջ մեղադրվող Վանո Սիրադեղյանի հարցերը: 

Առաջին անգամ Վանո Սիրադեղյանը մեղադրվեց դեռևս իր լավագույն ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, երբ անկախ Հայաստանի ամենագլխավոր թշնամին՝ Ռոբերտ Քոչարյանը հենց Հայաստանի նախագահն էր: 

Գրողը չի մահացել, իսկ քաղաքական գործիչը դեռ նույնիսկ անկախ հայաստանի կայացման իր առաջին քայլը չէր արել: Դա այսօր մենք արդեն գիտենք, երբ Ղարաբաղը չկա, իսկ Հայաստանի բերանում շունչ չկա: Հետևաբար երեկ մահացավ ոչ գրողը, երեկ մահացավ ոչ քաղաքական գործիչը:

Եվ, ընդհանրապես, հարց է, թե ով մահացավ, քանի որ վերջին 21 տարին ըստ էության կոմայի մեջ գտնվելու տարիներ էին:

Հենց այդտեղ է խնդիրը՝ ո՞վ էր կոմայի մեջ, մենք, որ այդպես էլ չենք իմանա, թե ինչու այդքան հեշտ հանձնեցինք Վանոյին, Հայաստանը, որը 21 տարի ապրում էր պոռոտախոսի ջերմեռանդությամբ, որն այս աշխարհից չէր, թե՞ Վանոն, որ արդեն չկար: 

Գրականությունը ոչինչ չկորցրեց Վանոյի մահով, քանի որ գրի դեմն առնողները բնության մեջ դեռ չեն ծնվել:

Հայաստանը կորցրեց մարդուն, որը պոռոտախոսության 20 տարիներին պատասխանեց կծուլեզու լռությամբ:

Նա ասել էր՝ Հայաստանը դեռ չի արել իր անկախության առաջին քայլը:

Մեզ՝ ապրողներիս, մնում է վերծանել այս միտքը հետագա տարիներին: Որովհետև Հայաստանը Վանոյից հետո խոսքի դեմ ժխորով ու անականջ կանգնած մի երկիր էր:

Հայաստանը Խոսքին հակադրողներն այսօր այս երկրի մեջ ամենուր են, նրանք դեռ երկար մեզ կհամոզեն, որ իրենք Փրկիչ են:

Իսկ նա, ով Խոսքն էր, ով ուղղակի խոսքն էր նույնիսկ ոչ իր որդու անունից, ով Խոսքն էր ՝ բոլորովին ուրիշ հաճույքների սովածների առջև, դուրս շպրտվեց այս երկրից, որի այլընտրանքը սպանությունն էր:

Վանոն Ընտրյալ էր, որն այդպես էլ չկանչվեց:

«Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով, էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»:

Ո՞վ է տեսել, որ այսպես գրողը պատասխան չտա հենց նույն ինքն իրեն չհերիքող ոհմակին իր ամբողջականությամբ: 

Մհեր Արշակյան

MediaLab.am