«Անցած ամիսներին մահվան դեպքերի բարձր ցուցանիշը պայմանավորված էր բացառապես դելտա շտամով». Նաիրա Ստեփանյան

Լուսանկարը՝ Սպուտնիկ Armenia-ի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը

Տիկի՛ն Ստեփանյան, Հայաստանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քովիդի հետեւանքով արձանագրվող մահերի ամենօրյա բարձր ցուցանիշն ինչո՞վ եք բացատրում:

-Քանի որ Հայաստանում արդեն ապացուցված շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը, որի մասին տեղեկություններն ի սկզբանե մենք ստանում էինք տարբեր երկրներից, որ այս շտամը, ի տարբերություն նախորդների, ունի ավելի արագ տարածվելու հատկություն, եւ այս շտամի առաջացրած բարդություններն ավելի շատ են, բնական է, որ մեր երկիրը չէր կարող բացառություն լինել:

Եվ եթե դելտա շտամը շրջանառվում էր մեր երկրում, ապա բուժհաստատությունները պետք է հաշվի նստեին հենց այդ շտամի առաջացրած կլինիկական առանձնահատկությունների ու դեպքերի ծանրության հետ:


Շտամի մասին շրջանառվող լուրերը կարճ ժամանակում ապացուցվեցին, երբ հիվանդանոց էինք ընդունում բավականին արագ զարգացած ախտանշաններով պացիենտների, ունեինք հիվանդներ, որոնց մոտ ախտանշանները աճում էին ժամերի ընթացքում: Բնական էր, որ այս պարագայում, շտամի առանձնահատկություններով պայմանավորված, մահացության դեպքերը պետք է շատ լինեին:

Կա՞ վիճակագրություն թե հիմնականում ո՛ր տարիքային խմբի մարդիկ էին մահանում:

Որպես այդպիսին վիճակագրություն ներկայացնել չեմ կարող, բայց կարող եմ մեր հիվանդանոցի ու, ընդհանրապես, իմ դիտարկումների օրինակով ասել, որ դելտա շտամով պայմանավորված՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էին հատկապես երիտասարդները:

Հոսպիտալացվում ու ինտենսիվ թերապիայի կարիք ունենում էին ավելի երիտասարդ տարիքի պացիենտները, քան նախորդ ալիքների ժամանակ էր: Օրինակ՝ եթե նախորդ ալիքների ժամանակ 20-40 տարեկան պացիենտներ հազվադեպ էին հանդիպում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ու հոսպիտալացվում, ապա այս ալիքի ժամանակ բավականին մեծ թիվ կազմեցին հենց այդ տարիքային խմբի մարդիկ:

Իսկ մահվան դեպքերը տարիքային ո՞ր խմբին էին հիմնականում բաժին ընկնում, տիկի՛ն Ստեփանյան:

Մահվան ելքով դեպքեր երիտասարդների մոտ եւս գրանցվել են, բայց կորոնավիրուսային վարակը, միանշանակ, բոլոր ալիքների ժամանակ ու մշտապես խոցելի է որոշակի տարիքային խմբի, մասնավորապես, 60 տարեկանից բարձր եւ ուղեկցող խնդիրներ ունեցող պացիենտների մոտ: Այդ խնդիրները կարող են լինել շաքարային դիաբետն ու ճարպակալումը. եթե պացիենտն ունի այս հիվանդությունները, ապա բարդություններից խուսափելն անհնար է, ու շատ հաճախ հենց այս հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ են դիտվում մահվան ելք:

Միանշանակ, ուղեկցող հիվանդությունները մեծ նշանակություն ունեն, իսկ եթե դրանք համընկնում են նաեւ խոցելի տարիքային շեմի հետ, ապա դրանց բարդությունների ու մահվան ելքի հաճախակիությունն ավելի մեծ է:


Երիտասարդների մահվան դեպքեր եղել են 20, 22, 30 տարիքային խմբում, որոնք ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Ես սա կապում եմ բացառապես դելտա շտամի հետ:

Եթե նայում ենք վիճակագրությունը ամբողջ աշխարհում, ապա նույն բարդությունները, կլինիկական դրսեւորումներն ունեցող ու նույն տարիքային խմբերի ներկայացուցիչներն են լինում մահացողները նաեւ Հայաստանում:

Կոնկրետ ձեր հիվանդանոցում գրանցվե՞լ է դեպք, երբ մահացողը եղել է կորոնավիրուսի դեմ պատվաստված:

Կոնկրետ մեր հիվանդանոցում պատվաստված պացիենտի մահվան դեպք չի գրանցվել, բայց Հայաստանում եղել է, սակայն այդ դեպքերն են արձանագրվել են բացառապես մեծ տարիքի մարդկանց մոտ, որոնք ունեցել են բավականին լուրջ ուղեկցող հիվանդություններ:


Միանշանակ է, որ պատվաստումը ոչ միայն օգնում է, որ հիվանդության ընթացքը թեթեւ լինի, այլ նաեւ կանխարգելում է մահացությունն ու հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքը:

Ես պատվաստված բազմաթիվ պացիենտներ եմ ամբուլատոր պայմաններում ընդունել, եւ նրանցից միայն մեկի մոտ է զարգացել 20% թոքաբորբ, մյուսներն առանց թոքաբորբի են անցկացրել անգամ կրկնավարակը: Այս մարդիկ անգամ հոսպիտալացման չեն գնացել, ամբուլատոր պայմաններում նրանք բավականին արագ հաղթահարել են վարակը:

Մահվան ցուցանիշների նվազման միտում է նկատվում վերջին օրերին, ըստ ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

-Մահվան դեպքերի նվազումից ընդամենը մեկ շաբաթ առաջ հիվանդացության ընդհանուր դեպքերի թիվն էլ էր իջել, այսինքն՝ ընդհանուր թվի նվազմանը զուգահեռ՝ նվազում է նաեւ ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերի թիվը, ինչն էլ, բնականաբար, հանգեցնում է մահվան դեպքերի ցուցանիշի նվազման, իսկ մահացության ցուցանիշն իջնում է հայտնաբերելիության ցածր ցուցանիշներից միայն երկու շաբաթ հետո, դա նորմա է:

Տիկի՛ն Ստեփանյան, այս պահին հիվանդանոցում ինչպիսի՞ իրավիճակ է, կրկին աշխատո՞ւմ եք ծանրաբեռնված գրաֆիկով:

Աշխատանքը կրկին նույն լարվածությունն ունի, ինչ մեկ-երկու շաբաթ առաջ էր: Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ դեպքերի նվազմամբ պայմանավորված՝ քովիդ սպասարկող մի շարք կլինիկաներ փակվեցին, եւ պացիենտները հոսպիտալացվեցին որոշակի փոքր թվով կլինիկաներում:

Այդ պատճառով էլ մեզ մոտ հոսպիտալացումների թիվը պահպանվում է, ու մեզ մոտ հիվանդներ ընդունվում են ամեն օր:


Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am