Հայաստանին գործնականորեն ներքաշեցին ավտորիտարիզմի անդունդը, որտեղից դուրս գալը Հայաստանի համար կլինի բավականին բարդ, եթե ոչ՝ անհնարին. Էմիլ Օրդուխանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարո՛ն Օրդուխանյան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան մեկնելու հանգամանքը միանշանակ չընդունվեց Հայաստանի ներսում։ Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ։

– Այս գործընթացին Հայաստանի մասնակցությունը, բնականաբար, դրական չեմ համարում, իսկ դրա պատճառները շատ են։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ոչ թե պետությունների անվտանգությունը պաշտպանող կառույց է, ինչը բացահայտվեց Հայաստանի դեպքում, երբ խախտվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և որևէ գործողություն չեղավ ի պատասխան դրան, ու հակառակը՝ Ղազախստանի դեպքերով ապացուցվում է, որ ՀԱՊԿ-ը ավտորիտար ռեժիմները պաշտպանող կառույց է, և այսպես արագորեն մոբիլիզացվում է միայն այսպիսի դեպքերում ու առավելապես միջամտելով պետությունների ներքին գործերին ու ոչ թե նրանց պաշտպանելով արտաքին սպառնալիքներից։

Հայաստանն այս գործընթացին կարող էր մասնակցել երկու տարբերակով․ ֆորմալ առումով՝ որպես նախագահող այդ կառույցում, որտեղ կարելի էր գործընթացը ըստ էության շատ նրբանկատորեն կազմակերպել, բայց Հայաստանը չմասնակցեր դրան, այսինքն՝ որևէ «խաղաղապահ» զորք չուղարկեր։ Չակերտներով եմ ասում, որովհետև այստեղ խաղաղարարության մասին խոսք լինել չի կարող, խաղաղապահ ուժեր լինում են, եթե պետությունների միջև կան լարումներ։ Հայաստանը կարող էր կազմակերպել գործընթացն ու չմասնակցեր դրան, դա կլիներ չարյաց փոքրագույնը մեզ համար։

Ղազախստանի լավագույն ընկերը Ադրբեջանն էր, ու նա կարող էր Ադրբեջանից այդ օգնությունը պահանջել, բայց տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ին է դիմում, ինչը միանգամից ի ցույց է դնում այն, որ սա կանխամտածված գործընթաց է: Ըստ իս՝ Ռուսաստանի մատը խառն է այդ ներքին լարումներում, որովհետև, նախ՝ չկա քաղաքական իմաստով առաջնորդ, այսինքն՝ չկան արտաքին քաղաքական պահանջներ, ընդդիմադիրներ, սա սոցիալական հիմքից բխող ընդվզում է։ Կարծում եմ՝ Ղազախստանը դիմադրել է միութենական պետությունների շարքում ներգրավվելու առաջարկին ու փոխարենը ստացել է այս ներքին հուզումները։

Ըստ էության, ՀԱՊԿ-ը ինտերվենցիա է անում, որովհետև եթե Ղազախստանը դիմեր Ռուսաստանին, կամ Ռուսաստանն ինքը միջամտեր, սա կդիտվեր որպես ինտերվենցիոն գործողություն, բայց քանի որ դիմել է ՀԱՊԿ-ին, այդ պատասխանատվությունը բաժանվում է անդամ պետությունների միջև։

Ղազախստանում պետք է նախ ապալեգիտիմացնել իշխանություններին, ինչպես արվեց Բելառուսում, երբ Լուկաշենկոյին թվում էր, թե կարող է վերահսկել իշխանությունը, բայց հետո դիմեց Ռուսաստանին ու փոխարենը ստացավ միութենական պետություններին անդամակցելու առաջարկը: Նույնը, կարծում եմ՝ կլինի Ղազախստանում, ճնշվելու են այս գործընթացները, ապալեգիտիմանալու են իշխանությունները, ինչի դիմաց Ղազախստանի իշխանությունն այն պահելու համար պետք է գնա այն ճանապարհով, որն իր համար որոշել է Ռուսաստանը։ Կարծում եմ՝ Ղազախստանում այս խնդիրն է այսօր ու ոչ թե դեմոկրատականության։

– Հայաստանի մասնակցությունն այս գործընթացին ի՞նչ հետևանքներ է ունենալու։

– Այս ամենին Հայաստանի չմասնակցելը կբխեր միայն ՀՀ շահերից, բայց տեսանք, որ ներքաշվեց դրա մեջ, ու, բնականաբար, սա շատ բացասական է անդրադառնալու մեր պետության ժողովրդավարական իմիջի վրա, որովհետև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կազմում միակ պետությունը Հայաստանն էր, որը այդ իմիջը ձևավորելու շնորհիվ էր, որ հրավիրվեց ժողովրդավարության գագաթնաժողովին։ Այս քայլով սև բիծ կքաշվի այդ իմիջին, ինչը կրկին ձեռնտու կլինի Ռուսաստանին, որովհետև ստացվում է, որ Հայաստանին գործնականորեն ներքաշեցին ավտորիտարիզմի անդունդը, որտեղից դուրս գալը Հայաստանի համար կլինի բավականին բարդ, եթե ոչ՝ անհնարին։

– Պարո՛ն Օրդուխանյան, իսկ Հայաստանը կարո՞ղ էր անմիջական մասնակցություն չունենալ այս գործընթացին։

– Իհարկե՛, միանշանակորեն կարող էր, առավելևս, երբ խոսքը Ղազախստանի մասին է, որը մշտապես հակահայկական դիրքորոշում է ունեցել, ու այդքան տարիներ նախագահ լինելով՝ Նազարբաևը, կարծեմ, մեկ անգամ է եղել Հայաստանում։

– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Հայաստանի կողմից այսքան օպերատիվ գործելու փաստն ու անմիջական մասնակցությունը։

– Ինձ համար բարդ է հասկանալ այդ տրամաբանությունը, հետևապես նաև մեկնաբանել Հայաստանի քայլը, որն ընդհանրապես չի բխում մեր պետության շահերից։ Կարծում եմ՝ արտաքին ճնշումների հանգամանքը կա, բայց եթե մենք բոլոր ճնշումներին ենթարկվենք, մեզ ավելի շատ են ճնշելու, հետևաբար դա ինձ համար արդարացում կամ պատասխան չէ։

– Կարծում եք՝ այս քայլը ճնշմա՞ն հետևանք է։

– Կարծում եմ այդպես կմեկնաբանվի, բայց դրանց պետք է հակազդել։ Կրկնում եմ՝  կարող էինք չանել այս քայլը, որովհետև կային շատ ծանրակշիռ փաստարկներ ու հիմքեր դրա համար, մինչ օրս որևէ բան չի արվել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի դեմ։

– Պարո՛ն Օրդուխանյան, շատերն այս դեպքը համեմատում են 2018-ին Հայաստանում տեղի ունեցածի հետ։ Կարծում եք՝ եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը ևս դիմեր ՀԱՊԿ-ին, միջամտություն կլինե՞ր։

– Համեմատությունը համարժեք չէ, որովհետև Հայաստանի դեպքերը բացառապես առանց բռնության էին, ունեին հստակ քաղաքական պահանջ, ունեին քաղաքական առաջնորդ, այն ամենը, ինչը բացակայում է այսօր Ղազախստանում, փոխարենը՝ այդ ամենն ուղեկցվում է բռնությամբ։ Հետևաբար Սերժ Սարգսյանը դիմելու որևէ հնարավորություն չուներ։

– Ղազախստանի նախագահի խոսքը, որ երկրում կան ահաբեկչական ուժեր, ինչի համար էլ նա դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը, ձեզ համար համոզի՞չ են։

– Քանի որ սկզբում ասացի, որ այստեղ արտաքին միջամտություն ու կազմակերպում եմ տեսնում, հետևաբար այդ ամենը կարող է լինել սցենարի մի մաս, որովհետև պետք է ստեղծվեր պատշաճ հիմնավորում՝ ՀԱՊԿ-ին դիմելու համար։ Չգիտեմ՝ իրականում կա այդ հիմքը, թե չէ, բայց քաղաքականությունը հնարավորինի արվեստն է։

– Պարո՛ն Օրդուխանյան, կատարվողը, ընդհանուր առմամբ, ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի վրա, բացի արդեն ձեր նշած ժողովրդավարության մասից։

– Եթե մենք արդեն ներքաշվեցինք այս գործընթացում, չեմ բացառի, որ նման մի սցենար էլ, հարմար մի ժամանակ, կազմակերպվի նաև Հայաստանում։

– Որպեսզի միութենական պետությանն անդամակցելու առաջարկ արվի՞։

– Այո՛, բայց այսպիսի բռնի ձևով, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը հակված չէ նման ձևաչափին մասնակցելու, կրկնում եմ՝ ժողովուրդը, այսինքն՝ պետք է ժողովրդական հուզումներ մտցնել, ու Ռուսաստանը շատ արագ գործում է։ Ռուսաստանը ստեղծեց մի վահան իր համար արևմուտքում՝ ի դեմս Բելառուսի, ստեղծում է մի վահան արևելքից՝ ի դեմս Ղազախստանի, հյուսիսից վահանի կարիք չունի, որովհետև այնտեղ ամբողջությամբ ինքն է, մնում է մի հատ էլ հարավից ստեղծի, որպեսզի պաշտպանվի։

Չեմ բացառում, որ հերթը մեզ էլ կհասնի, բայց մեր դեպքում այդպես հեշտ չի լինի, որովհետև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը շատ ավելի նման քաղաքակրթական արեալի մեջ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am