«38 հաստատված գերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում, իսկ առնվազն 80 գերեվարվածի հրաժարվում են հաստատել». Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը

Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն այսօր ի՞նչ փուլում է, ի՞նչ նոր տեղեկություններ կարող եք հաղորդել:

– Այսօր Ադրբեջանում շարունակում են պահվել 38 հաստատված գերիներ, ընդ որում՝ այստեղ ներառված են դեպքեր, որոնք տեղի են ունեցել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո:

Ադրբեջանը շուրջ 150 գերեվարվածների հայրենադարձրել է Հայաստան, իսկ այսօր առնվազն 80 գերեվարվածի հրաժարվում է հաստատելուց՝ նրանց դարձնելով բռնի անհետացածներ, այն պարագայում, երբ այդ 80 դեպքերն անհերքելի ապացույցներով հիմնավորված են, այսինքն՝ կան տեսաձայնագրություններ, լուսանկարներ կամ ականատեսների վկայություններ, որոնք գերեվարման ժամանակ ողջ են տեսել այդ անձանց:

Չլուծված է մնում անհետ կորածների հարցը. շուրջ երկու տասնյակ անձանց մասին տեղեկություններ չկան, և Բաքվի իշխանությունները հրաժարվում են պատշաճ հետաքննություն իրականացնելուց, ճշմարտությունը բացահայտելուց ու ընտանիքներին հայտնելուց, այն պարագայում, երբ միջազգայնորեն գոյություն ունի ճշմարտությունն իմանալու իրավունքը, ու, անկախ նրանից, այդ մարդիկ զոհվել են, թե ոչ, միևնույն է, ընտանիքի անդամները այդ բոլոր հանգամանքների մասին պետք է տեղեկացված լինեն:

Ինչ վերաբերում է այսօր հայրենադարձման գործընթացին, զարգացումներ ու դրական տեղաշարժեր չկան, և հետաքրքիր համադրություն կա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների բարելավման դրական ընկալումների ու իրականության միջև:

Թեև եռակողմ կոմպլիմենտներ են հնչեցվում ու գոհունակություն են հայտնում հարաբերությունների որակից, սակայն մինչ օրս անհապաղ լուծման ենթակա մարդասիրական խնդիրները մնում են չլուծված: Քանի դեռ այս խնդիրները լուծված չեն, այդ բոլոր հայտարարությունները չեն կարող անգամ ճշմարտանման թվալ, որովհետև հարաբերությունների իրական բնութագրիչն ու կարևորագույն ցուցանիշը մարդասիրական խնդիրների լուծումն է:

– Այսինքն՝ բացի այդ 37 ռազմագերուց, որոնց մասին հայտարարել էր նաև ադրբեջանական կողմը, Ադրբեջանում գտնվում է և՞ս 80 ռազմագերի:

– Այո՛, 38 հաստատված գերիներ ու ևս 80 գերի, որոնց Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դեռևս դեկտեմբերի սկզբին ստեղծվել է գերիների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Տիկի՛ն Սահակյան, համագործակցո՞ւմ եք այս հանձնաժողովի հետ և, ընդհանրապես, տեղյա՞կ եք այս կառույցի աշխատանքներից ու գրանցած արդյունքներից:

– Անկեղծ ասած, այդ հանձնաժողովից մենք որևէ հրավեր կամ համագործակցության առաջարկ չենք ստացել ու նաև հանրային տեղեկատվության հիման վրա էլ չենք հասկանում, թե ինչ խնդիրներ են լուծել, հետևաբար դժվար կլինի հասկանալ այս հանձնաժողովի արդյունավետությունը:

Ինքս չեմ կարող գնահատել կամ գնահատելիս էլ այն անարդյունավետ կգնահատեմ, որովհետև առկա հաշվետվողականության և թափանցիկության պայմաններում մենք չգիտենք՝ ի՛նչ նկատելի արդյունք է տվել այս հանձնաժողովի աշխատանքը: Միգուցե տեղեկատվության հավաքման առումով փորձել են լրացնել, սակայն հայրենադարձությունն ապահովելու մասով դերակատար չեն, ու մենք տեսնում ենք, որ անգամ հայրենադարձված ռազմագերիների առնչությամբ հայտարարություններ կարող են անել վարչապետը, փոխվարչապետը, այլք, բայց ոչ այս կառույցը:

– Անգամ այդ տեղեկատվության հավաքման մասո՞վ էլ չեն դիմել ձեզ, որպեսզի պատկերն առավել ամբողջական ու փաստարկված լինի:

– Ո՛չ, մեզ հետ որևէ շփում չի եղել, և կարող եմ ասել, որ մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար: Դաշտում լինելով կարևորագույն դերակատար և տիրապետելով տեղեկատվության, լինելով իրավական գործընթացի ակունքներում՝ մենք որևէ շփում չենք ունեցել այդ գերատեսչության հետ:

– Պատկան մարմիններից ովքե՞ր ու ի՞նչ պետք է անեն, որպեսզի նախ՝ Ադրբեջանը վերադարձնի իր մոտ պահվող այդ 38 ռազմագերուն, ապա հաստատի մնացած ռազմագերիների առկայության փաստը:

– Ամենամեծ խնդիրն այն է, որ միջազգային մարդասիրական իրավունքը խախտող ադրբեջանական կեցվածքից գոհունակություն է հայտնում Հայաստանի իշխանությունը, և նրանք ավելի քայլեր ձեռնարկելու կարիք պարզապես չեն տեսնում: Հայաստանի բավարարվածության պայմաններում՝ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությամբ, Ադրբեջանի իշխանություններին ճնշելու գործընթացն է չափազանց դանդաղած:

Հայաստանի իշխանությունները շարունակաբար լեգիտիմացնում են իրենց երկխոսությունը Բաքվի հետ, որը, միգուցե, քաղաքական օրակարգերի առումով արդյունավետ է, սակայն մարդու իրավունքների տեսանկյունից ձախողված է՝ ի վնաս Հայաստանի քաղաքացիների ու նրանց օրինական շահերի:

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները ոչ թե միջազգայնորեն ձևավորում են վատ գործընկերոջ իմիջ՝ փորձելով ճնշում գործադրել և միջազգային հանրության հետ համատեղ հասնել խնդիրների լուծմանը, այլ լռում են ու շարունակում աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Ադրբեջանական կողմը, հասկանալի պատճառներով, չի ցանկանում նոր հաստատումներ կատարել, որովհետև միևնույն է՝ իր վարքագծից դժգոհություն չկա, ու ինչո՞ւ պետք է ավելին տա հայկական կողմին, եթե այդքան բավարարված են ու միջազգային գործընկերներին ուղերձներ են հղում, որ, այո՛, հայ-ադրբեջանական հարաբերությունները կառուցողական են: Ադրբեջանը կփոխի իր վարքագիծը, եթե մենք պետության վարկանիշի առնչությամբ ստեղծենք սպառնալիքներ կամ ստեղծենք պատժամիջոցների կիրառման վտանգ:

– Տիկի՛ն Սահակյան, ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ եթե պետական մակարդակով ջանքեր գործադրվեին ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, հիմա բոլորովին այլ պատկեր կունենայինք:

– Այո՛, եթե պետական մակարդակով, այսպես կոչված, բոյկոտ լիներ բանակցային հարթակում, և Հայաստանի իշխանությունները սերտորեն աշխատեին եվրոպացի կամ ամերիկյան գործընկերների հետ, ու հասնեինք, օրինակ՝ որոշ պատժամիջոցների կիրառման, այս պարագայում Բաքուն շատ արագ կհամագործակցեր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում, իսկ այսօր միջազգային գործընկերների հետ նման աշխատանք չի իրականացվում, և Հայաստանի իշխանությունները գոհունակ դեմքով շփվում են Ադրբեջանի իշխանությունների հետ, կարծես ամեն ինչ նորմալ է, և որևէ անհարթ խնդիր անգամ գոյություն էլ չունի:

Իսկ դուք միջազգային ձեր գործընկեր կառույցների հետ աշխատանքներ տանո՞ւմ եք:

– Մենք այդ աշխատանքը տանում ենք, ու դա շատ ավելի հաջողված է իրավապաշտպան կառույցների կոնտեքստում: Մյուս պետությունների առումով՝ նրանք հետաքրքրությամբ արձանագրում են խնդիրները, սակայն կոշտ արձագանքների մասով զգուշավորություն են ցուցաբերում՝ հաճախ վկայակոչելով, որ այդ պատժամիջոցների կիրառման կամ հարցի միջազգայնացման անհրաժեշտության կարևորությունը չի գալիս Հայաստանի իշխանություններից, ինչը նշանակում է, որ արտաքին դիվանագիտության հարաբերություններում մեր միջամտությունն էլ ցանկալի չէ:

Նրանք ակնկալիք ունեն, որ այդ խնդրով զբաղվեն պետական մարմինները, ոչ թե միայն փորձագիտական ու հասարակական կառույցները:

Արձանագրո՞ւմ եք, որ այսօր ռազմագերիների վերադարձի հարցը, եթե չասենք՝ փակված է, ապա գոնե սառեցված է:

– Այսօր սառեցված է, բայց ես վստահ եմ, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների կոնտեքստում լինելու են լրջագույն զիջումներ, և դրանց փոխարեն լուծվելու է այս մարդասիրական խնդիրը, և Հայաստանի իշխանությունները շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին կառուցողական գտնվելու համար:

Այսինքն՝ այսօր չարաշահում են մեր տղաների իրավունքները, սպասում են բանակցություններում քաղաքական զիջումների, ու այս ֆոնին՝ ի պատիվ թուրք-ադրբեջանական իշխանությունների, կհայրենադարձվեն մեր ռազմագերիները, և հասարակության մեջ էլ կձևավորվի այդ կեղծ տպավորությունը, որ նրանց ջանքերի շնորհիվ հաջողվեց ռազմագերիների վերադարձը, և նրանք պետք է մինչև կյանքի վերջ շնորհակալ լինեն թուրք-ադրբեջանական «բարեգթությանն ու հումանիզմին»:

Նկատի ունեք, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է որպես ճնշման միջոց, որ Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզի, հետո՞ միայն վերադարձնի նրանց:

– Կարծում եմ՝ այդ զիջումներն արդեն իսկ կան, ուղղակի այդ զիջումների ֆոնին նրանք դրական քայլ կանեն հայ քաղաքացիների նկատմամբ: Վստահ եմ, որ այդ զիջումներն արդեն իսկ արվել են, պարզապես տղաներն ազատ կարձակվեն դրանց ֆոնին՝ որպես օրինակ, որ թուրքական ու ադրբեջանական կողմը կառուցողական է Հայաստանի հետ հարաբերություններում:

Տիկի՛ն Սահակյան, հայրենիք վերադարձած ռազմագերիների հետ հանդիպումներ ունեցե՞լ եք, ի՞նչ են նրանք պատմում առհասարակ:

– Բնականաբար ունեցել ենք շփումներ ու դեռ ունենում ենք: Շատ դեպքերում անձանց բազմակի հարցաքննությունների ենք ենթարկում, որովհետև տարբեր ժամանակահատվածում տարաբնույթ դրսևորումների մասին կարող են խոսել, և մեր, ինչպես նաև այլ իրավապաշտպան կառույցների գործունեությունը հիմնավոր կերպով հաստատում է, որ նրանց նկատմամբ կտտանքները, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքը վարվելակերպի օրինաչափ վարք է եղել:

Այլ հարց է, որ ինտենսիվության աստիճանը փոխվել է պատերազմի ընթացքում ու հետո: Սկզբնական փուլում սահմանափակված է եղել Կարմիր խաչի դերը, որի պայմաններում մարդիկ մեկուսի են պահվել ու ավելի դաժան վերաբերմունքի արժանացել, բայց հետագայում՝ մեր միջազգային գործընկերների հորդորով մեծացվել է համագործակցությունը Կարմիր խաչի հետ, և նրանց կանոնավոր այցելությունների պայմաններում դաժան վարվելակերպի որոշ դրսևորումներ վերացել են, կամ բարելավվել են կենցաղային պայմանները, սնունդը:

Վստահորեն կարող եմ ասել, սակայն, որ գերեվարման նախնական փուլերում խոշտանգումների պրակտիկան եղել է ընդհանուր և օրինաչափ բոլորի նկատմամբ, անկախ սեռից ու տարիքից: Այս հարցերն ընդգրկված են միջազգային դատական ատյանների առջև. հայրենադարձված ռազմագերիների գործերով դատական գործընթացները մենք շարունակում ենք վարել, ու նրանք էլ չեն հրաժարվում ընթացող դատական գործընթացներից:

Իսկ վերաինտեգրման խնդիրների առաջ կանգնո՞ւմ են հայրենիք վերադարձած ռազմագերիները:

– Այս առումով կարող եմ ասել, որ մեր հասարակությունը շատ առաջադեմ է իր մոտեցումներով, ու վերադարձված գերիները խտրականության կամ մեկուսացման չեն ենթարկվել, նրանց արարքներին փաստական գնահատականներ տալու միտում հասարակության մեջ չի նկատվել, ճիշտ հակառակը՝ ավելի մարդասիրական մոտեցումներով են փոխհարաբերվել հայրենադարձվածների հետ: Դրա համար, կարծում եմ, վերաինտեգրման խնդիրներ մենք չունենք, նրանց ջերմ են ընդունել և փորձել տարաբնույթ միջոցներով օգնել, որպեսզի հետվերականգնողական փուլն ավելի արագ ընթանա: Այդ աջակցությունը եղել է և՛ հասարակության, և՛ մասնագիտական խմբերի կողմից:

Միակ խնդիրը ռազմագերիների առողջական խնդիրներն են, բախվում են սոցիալական խնդիրների, ու այդ առումով լավ մշակված ու մտածված պետական քաղաքականություն չի իրականացվում, ինչի անհրաժեշտությունը, իմ համոզմամբ՝ կա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am