Մասնագետներն ասում են, որ այս նախագիծը հենց Ամուլսարի համար է. սա հակաժողովրդավարական նախագիծ է. Դուլգարյան

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը հակաժողովրդավարական է համարում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ամեն գնով ԱԺ-ում անցկացնելը:

«Նախարարությունում փակ քննարկում տեղի ունեցավ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առաջարկեցին որոշ փոփոխություններ կատարել առաջարկվող նախագծում: Համաձայնություն, թվում էր թե, կայացավ, բայց երեկ խորհրդարանում նախագիծը հաստատվեց, և նախարարության այդ քննարկումը աչքկապոցի էր, ֆորմալ բնույթ էր կրում»,- «Մեդիալաբին» ասում է Դուլգարյանը:

Հիշեցնենք, խոսքը վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին է, որով Կառավարությունը մի շարք խնդրահարույց պահանջներ է ներմուծում:

Մասնավորապես, ներդրվում է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով: Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։ Իսկ նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ 

Քաղաքացիական հասարակությունը վստահ է, որ այս դրույթը կանաչ լույս է վառելու Ամուլսարի հանքի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության համար:

Հիշեցնենք՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունը քաղաքացիական ակտիվիստների հետ միասին բողոքի ակցիաներ էր իրականացնում, փակել էր հանք տանող ճանապարհը և թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ իրականացնել:

Օլեգ Դուլգարյանն ասում է՝ շուրջ 40 կազմակերպություններից կազմված քաղաքացիական հասարակությունը պահանջում է առաջարկվող փոփոխություններից հանել «քաղաքացիական անկարգություններ» արտահայտությունը և վերացնել հետադարձ ուժի հնարավորությունը: Հակառակ դեպքում կասկածները հիմնավորվում են, որ այս նախագիծը ներկայացվում է հենց Ամուլսարի հանքին շահագործելու հնարավորություն տալու համար:

Բացի այդ, նրա խոսքով՝ բազմաթիվ հանքարդյունաբերողների հետ քննարկումները ցույց են տվել, որ հանքարդյունաբերողները մշտապես ունեցել են պահանջ, որպեսզի քաղհասարակության նման ակցիաները լինեն օրենքով կարգավորվող, կառավարելի:

«Նախագծի տեքստը, բովանդակությունը հուշում են, որ այն հենց Ամուլսարի հանքը շահագործելու համար է: Տարբեր քննարկումներում էլ մասնագետներն ասում են, որ այս նախագիծը հենց Ամուլսարի համար է: Բացի այդ, «քաղաքացիական անհնազանդություն» արտահայտության տակ մեկնաբանվում են քաղաքացիական ակցիաները, և ստացվում է այնպես, որ մեր օրենսդրությունը, ինչպես միշտ, բխեցվում է միայն ընդերքօգտագործողների ու հանքարդյունաբերողների շահերից, որպեսզի քաղաքացու պայքարը դառնա անիմաստ: Այդ դրույթով ժողովրդին, համայնքին զրկում են պայքարելու գործիքից»,- բացատրում է Օլեգ Դուլգարյանը:

Նախագիծը ապրիլի 6-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել, ինչը նշանակում է, որ այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հանձնաժողովում քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասել էր, որ 4 տարի ժամանակահատվածի համար հետադարձ ուժ տալու մասին Կառավարության նախաձեռնությունը «բարի կամքի դրսևորում է», ու հավելել էր. «Մենք վերցրել ենք այդ ժամանակահատվածը, որի ժամանակ հնարավոր է դիտարկել՝ ինչ է տեղի ունեցել դաշտում: Սա ընդամենը բարի կամքի դրսևորում է այս պահին ընդերքօգտագործողների հանդեպ: Օրենքի կարգավորումը կարող է ազդել նրանց վրա, եթե նման դեպքեր եղել են: Բայց այս կարգավորումը հիմնականում ապագայի համար է, որպեսզի խթանենք ներդրումները Հայաստան բերելը, կանխատեսելիություն ապահովենք»:

Օլեգ Դուլգարյանը, սակայն հակադարձում է՝ ցանկացած նախաձեռնություն պետք է գրավիչ լինի նախևառաջ Հայաստանի քաղաքացու համար, և որպեսզի քաղաքացու շահերը պաշտպանված լինեն: «Այն երկիրը, որտեղ քաղաքացին իրեն ապահով է զգում, գրավիչ է ներդրումային միջավայրի համար: Հակառակը՝ եթե մի օրինագիծ, որ ընդունվելու է, սոցիալական լարվածություն է առաջացնում երկրում, գրավիչ չի դարձնում ներդրումային միջավայրը»,- հավելում է Դուլգարյանը:

Այդուհանդերձ, եթե մինչև երկրորդ ընթերցում պահանջվող փոփոխությունները չկատարվեն, Դուլգարյանն ասում է՝ կդիմեն Հայաստանի նախագահին՝ պահանջելով չստորագրել խնդրահարույց փաստաթուղթը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am