«Քովիդի հետ կապված խնդիրը դեռ կա, և մասնագիտական հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի». ինչո՞ւ են Հայաստանում ավելացել մահվան դեպքերը

Թեպետ այս տարեսկզբին կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը, մասնագետների գնահատմամբ, Հայաստանում այնքան մեծ չի եղել և նույնիսկ աստիճանաբար նվազում էր, սակայն անհամեմատ շատ են մահացության դեպքերը: Հանրային առողջության մասնագետները կասկածում են՝ քովիդը իր սև գործը շարունակում է անել:

 «Վերջին երկու տարիներին մենք ունենք մահացության զգալի աճ նախորդ երեք տարիների համեմատ, այսինքն՝ նախորդ տարիներին գրանցված մահվան միջին ցուցանիշի համեմատությամբ 2020-ին 30 տոկոս աճ ենք ունեցել: Այդ միտումը պահպանվել է նաև 2021 թվականին, այն դեպքում, երբ այդ տարի մենք ռազմական գործողություններ չենք ունեցել: Սա Հայաստանի համար մեծ թիվ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Հանրային առողջապահության մասնագետն ասում է՝ 2020-2021 թվականներին գրանցված մահերի մեծ մասը բաժին էր ընկնում կորոնավիրուսային հիվանդությանը:

Մահվան դեպքերի աճը, սակայն, նկատելի է նաև այս տարվա առաջին երկու ամիսներին. եթե հունվարին մահացել է 2789 մարդ, ապա փետրվարին այդ թիվը կազմել է 3241, այսինքն՝ փետրվարին 452-ով ավելի մարդ է մեր երկրում մահացել:

«Հերացի» վերլուծական կենտրոնը վերլուծել է այս մահվան պատճառները և եզրակացրել. մտահոգիչ է համեմատաբար ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում սոցիալական մեծ կարևորություն ունեցող հիվանդություններից մահացության ցուցանիշների զգալի աճը: 

Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն ավելացել են 13.3%-ով, իսկ 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ՝ 17%-ով: 

Շնչառության օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաև մահերը նորագոյացություններից:

«Օմիկրոնի հարուցած քովիդի հինգերորդ ալիքը, որը սկսվեց հունվարին և ավարտվեց մարտին, ուներ թեթև ընթացք և, որպես այդպիսին, չպետք է ծանր հետևանքների հանգեցներ, հետևաբար ենթադրվում էր, որ մահացության ցուցանիշը պետք է աստիճանաբար վերադառնար 2018-19 թվականների ցուցանիշներին: Սակայն խնդիրն այն է, որ ոչ միայն չի նվազել, այլև այս տարվա երկու ամիսների ընթացքում մահվան ցուցանիշը զգալի ավելացել է»,- նշում է Մելիք-Նուբարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է շնչառության օրգանների հիվանդություններից մահերի 41 տոկոս աճը, այդուհանդերձ, պայմանավորված լինի քովիդով և դրանից առաջացող բարդություններով, մասնագետն արձագանքում է. «Այդ ցուցանիշը մեզ հիմք տվեց նախնական վարկած առաջ քաշելու այն մասին, որ այս դեպքում խոսքը քովիդի հեռահար բարդությունների մասին է»:

Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է՝ կորոնավիրուսի հետ կապված խնդիրը դեռ շարունակվում է, և համավարակի ալիքների նվազումը չի նշանակում, թե այս վտանգավոր հիվանդության հետ կապված հարցերը վերացել են: Նրա խոսքով՝ կորոնավիրուսային երկարատև հիվանդությունը, որը պատահում է հիվանդներից մեկ երրորդի մոտ, կարող է հանգեցնել այլ օրգան-համակարգերի, այդ թվում՝ շնչառության, խնդիրների առաջացմանը: Այդ դեպքում անհրաժեշտ է երկար վերականգնողական բուժում:

Օրինակ, մասնագետի ներկայացմամբ՝ ամենահաճախ հանդիպող բարդությունը թոքերի ֆիբրոզն է, այսինքն՝ թոքաբորբից հետո թոքի հյուսվածքն ամբողջությամբ չի վերականգնվում և փոխարինվում է ֆիբրոտիկ հյուսվածքով: Դրա կլինիկական արտահայտությունը մարդու մոտ հևոցի առաջացումն է, իսկ ֆիբրոզն էլ նպաստում է, որ մարդու մոտ սրտի անբավարարություն առաջանա: 

«Պատահական չէ, որ սիրտանոթային հիվանդությունների հետևանքով ևս մահացությունը շատացել է, փոխկապակցված խնդիրների կոմպլեքս կարող է լինել: Միգուցե փորձագետներից աշխատանքային խումբ ստեղծել, որ խորությամբ սկսեն ուսումնասիրել: Այս ցուցանիշները վախեցնելու համար չեն, այլ զգոն լինելու, որ քովիդի հետ կապված խնդիրը դեռ կա, և մասնագիտական հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Հավանաբար պետք է քովիդի երկարատև բուժման ինչ-որ կենտրոններ ստեղծել, վերականգնողական բուժումներ իրականացնել: Քովիդի երկարատև բարդությունները շարունակում են մեր հասարակության վրա շատ ծանր նստել»,- նշում է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նա անհրաժեշտ է համարում մահվան ցուցանիշների ու դրանց պատճառների մշտադիտարկում, որպեսզի պարզվի՝ արդյոք կայունանո՞ւմ են դրանք, և արդյոք հնարավո՞ր է վերադառնալ նախաքովիդյան ժամանակաշրջանի վիճակագրությանը:

Հասմիկ Համբարձումյան
MediaLab