Ինչո՞ւ են փաստաբանները խոչընդոտել ՄԻՊ-ին. մասնագետները՝ Պաշտպանի կոչի մասին

Իրավաբանները վստահ են՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ անվստահություն չի կարող լինել, և եթե առանձին փաստաբաններ չեն ցանկացել, որ մարդիկ դիմեն Պաշտպանի աշխատակազմին, ապա դա չի կարող ինստիտուցիոնալ բնույթ կրել:

«Ես, ճիշտն ասած, չունեմ փաստ, որ որևէ փաստաբան կոչ անի անձանց չդիմել ՄԻՊ աշխատակազմ: Շատ հնարավոր է՝ ինչ-որ մեկը նման բան արած կամ ասած լինի, բայց դա չպետք է վերագրել ամբողջ համայնքին: Եթե մեկ-երկու դեպք եղել է, դա վերագրելի չէ բոլորին»,- «Մեդիալաբին» ասում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը:

Մեկ այլ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն առաջին անգամ է լսում, որ փաստաբանները կարող են նման բան անել: «Դա, կարծում եմ՝ փաստաբան-վստահորդ հարաբերության հարց է, և եթե վստահորդը համաձայն է, ապա դա չպետք է իրավունքի խախտում դիտարկել»,- ասում է Ղազարյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

«Մասնավորապես, որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներն են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Շատ կարևոր են Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից: Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա»,- հայտարարության մեջ նշել էր Պաշտպանը։

Տարոն Սիմոնյանն ասում է՝ ինքը Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է եղել, ճանաչում է գրեթե բոլոր փաստաբաններին, և նրանք դժվար թե նման բան ասած կամ արած լինեն:

«Կարող է մեկ-երկու փաստաբան ասած լինի, բայց ես կխուսափեի մեծ համայնքին վերագրելի հայտարարություն անելուց: Հնարավոր է այդ մեկ-երկու դեպքերում նոր նշանակված ՄԻՊ-ը այն հեղինակությունը չունի, որ կոչ անեն դիմել: Բայց ՄԻՊ ինստիտուտը բավական մեծ հեղինակություն ունի, և նոր Պաշտպանի համար ժամանակ է պետք հեղինակություն վաստակելու համար: Ես ամեն դեպքում չէի ֆիքսվի այդ երևույթի վրա»,- ասում է Սիմոնյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ Արա Ղազարյանի, կարող են լինել առանձին փաստաբաններ, որոնք քաղաքական որոշակի համոզմունքներ ունեն, ինչից դրդված նման վարքագիծ են դրսևորում: Սակայն, նրա խոսքով՝ դա չի կարող առնչվել փաստաբանական համայնքին, քանի որ Փաստաբանական պալատը անկախ կառույց է: «Եթե կան քաղաքականացված փաստաբաններ և իրենց վստահորդների հետ չեն համաձայնեցնում իրենց գործողությունները, կամ այդ քաղաքական հայացքները խոչընդոտում են իրենց պաշտպանությանը, ապա այդ առումով էթիկական լուրջ խնդիր է առաջանում»,- նշում է Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է ՄԻՊ կառույցի հեղինակությանը նախկին պաշտպանի պաշտոնավարման ավարտից հետո, Ղազարյանն ասում է՝ այդ մասին դեռ վաղ է խոսել: «Կառույցի հեղինակազրկման խնդիր չեմ տեսել: Հակառակը՝ ես կարծում էի՝ նոր օմբուդսմենը սահմանամերձ շրջանների և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ շատ ավելի զուսպ կլինի, բայց նույն գիծը ընդհանուր առմամբ շարունակվում է: Ես որևէ հիմք չունեմ նոր օմբուդսմենի անաչառությունը կասկածի տակ դնելու: Բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում, տեսնենք»,- ընդգծում է Ղազարյանը:

Ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին

Մայիսի 2-ից Երևանում և տեղ-տեղ՝ Հայաստանի մարզերում անցկացվող անհնազանդության ակցիաների մասնակիցներին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկելու գործողությունները շատերն անհամաչափ են գնահատել: Մինչդեռ իշխող ուժի ներկայացուցիչները գովաբանում են ոստիկանությանը, շնորհակալություն հայտնում ոստիկաններին կատարած աշխատանքի համար:

«Դա դասական երևույթ է, բոլոր իշխանություններն իրենց ժամանակի ոստիկանությանը գովերգել են, եթե նայեք անկախ Հայաստանի 30-ամյա պատմությանը, երբ քաղաքացիական հուզումներ են եղել, բոլոր իշխանությունները արդարացրել են ոստիկանության գործողությունները, հենց դարձել են ընդդիմադիր ուժ, սկսել են դատապարտել դրանք: Այսինքն՝ երևում է, որ ոչ մեկն անկեղծ չի եղել: Դրա համար պետք է երևույթին նայել մասնագիտական աչքով: Համաչափության սկզբունքը հենց այնպես, օդում գրված սկզբունք չէ, դա չափանիշներ ունի: Ոստիկանության ակադեմիայում այդ չափանիշները դասավանդվում են, կա՛մ լավ չեն սովորում ընթացքում, կա՛մ էլ դուրս գալուց հետո մոռանում են»,- մեկնաբանում է Տարոն Սիմոնյանը:

Ասում է՝ մի քանի տեսանյութեր է դիտել, որոնցում ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ուժ են կիրառել: «Դա դատապարտելի է, ոստիկանությունն այս տարիների ընթացքում այդպես էլ չսովորեց ճիշտ վարքագիծ դրսևորել իր քաղաքացիների նկատմամբ: Ուժ կիրառելու իրավունք ունեն, բայց դա պետք է համաչափ լինի: Չի կարելի խփել քաղաքացու գլխին, չի կարելի քաշքշել նրան, ամեն դեպքում մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է:

Դու կարող ես մարդուն բերման ենթարկել, բայց դրա համար ուժը պետք է համաչափ լինի: Այսինքն՝ եթե դու կարող ես մարդուն ձեռքերը ոլորելով մտցնել մեքենան, ի՞նչ կարիք կա գլխին խփել, կամ եթե մարդը իր ոտքով գալիս է դեպի մեքենան, ի՞նչ կարիք կա նրան ծեծելու: Յուրաքանչյուր գործողություն պետք է առանձին դիտարկվի»,- նշում է իրավաբանը:

Արա Ղազարյանը ևս պնդում է՝ որոշ դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել: Սակայն մասնագետը մեկ այլ խնդիր է մատնանշում. «Երբ ոստիկանները կատարում են ոստիկանական գործողություններ, լրագրողները չպետք է միջամտեն: Մասնավորապես, լարված իրավիճակում մոտենալ և ոստիկանից հարցազրույց ուզել, դա կարող է որոշակի սադրանքի տեղիք տալ: Լրագրողը պետք է կողքից չեզոք այդ ամենն արձանագրի»:

Նա մատնանշում է ՄԻԵԴ-ի նախադեպերից մեկը, որի համաձայն՝ եթե լրագրողը որոշում է մնալ թեժ կետում, ապա հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: «Իմ դիտարկումներով՝ անհամաչափ ուժ է կիրառվել: Բայց բոլոր դեպքերում, երբ լրագրողները տեսնում են՝ լարված միջավայր է, և ոստիկանները գործողություն են իրականացնում, չպետք է միջամտեն, չպետք է մոտենան, ասեն՝ հարցազրույց ենք ուզում: Ես էթիկայի խնդիրներ եմ տեսնում լրագրողների մոտ»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am