ՀՀ Քաղաքացի Լուսինե Հովհաննիսյան

Երկու հարյուր հիսուն հազար դոլարը լավ գումար է։ Հայաստանում հազար հազարավոր մարդու համար երկու հարյուր հիսուն հազար դոլարը կամ հարյուր քսանչորս միլիոն դրամը չտեսնված գումար է։

Իսկ Հայաստանն ունի մի երկար գոտի, որը կոչվում է սահմանամերձ։ Այդ գոտում մարդիկ, ինչպես մերժված նախորդ նախագահի օրոք, այնպես էլ հիմա՝ անհանգիստ են ապրում։

Հարևան հանրապետության դիրքերից հաճախ կրակում են այդ գոտու բնակիչների վրա, վնասում են տանիքները, հոգեկան աշխարհը, վահանագեղձերը։ Այդ սահմանամերձ գոտում, ինչպես մերժված նախագահի օրոք, այնպես էլ հիմա՝ կանայք ու երեխաները շորի, կոշիկի, լավ կրթության, վառելիքի, աշխատավարձի, ամուսիններին արտագնա աշխատանքի չուղարկելու կարիք ունեն։

Հայաստանում մի գոտի էլ կա, կոչվում է՝ աղետի։ Թեև աղետից անցել է երեսունմեկ տարի, բայց գոտում անտուն մարդ կա ու անանցանելի ցեխոտ փոսեր։

Հայաստանում կա արյունաբանության ինստիտուտ, որի փոքրիկ հիվանդների անմազ գլուխները տեսնելուց հետո չես կարողանում մոռանալ, բայց փողդ էլ այնքան չէ, որ օգնես բուժվի։

Հայաստանում կան զինվորականներ, որոնց վստահված է քաղաքացու ամենօրյա կյանքը՝ ներառյալ Քաղաքացու օրվա։

Այդ մարդիկ երբեք չեն կարողանում ամռանը գնալ, ասենք՝ Բարսելոնա։ Բարսելոնան ուրիշ մարդկանց համար է, իսկ սահմանը պահող հոգնած տղամարդիկ իրենց կանանց ու երեխաներին այդպիսի բաներով ուրախացնել չեն կարող՝ քիչ են ստանում։

Հայաստանում կան տղաներ, որոնց անունը դրել ենք «հերոս», բայց իրենք հերոսին վայել կենցաղով չեն ապրում, ես տեսել եմ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների տները, ապրելու միջոցները։

Հայաստանում թոշակառուներ կան միայնակ, որոնց կարելի է ավելի հաճախ տեսնել «Հայփոստի» բաժանմունքներում, եթե պատահաբար հայտնվեք այնտեղ, երբ գալիս են կոմունալ ծախսերը վճարելու, ու խունացած վերարկուների գրպաններից հանում են մի բուռ ճմռթած փող, ու երբ պարզվում է՝ իրենց սպասածից 350 դրամ ավելի է՝ հուզվում են, լաց են լինում, որովհետև խնդիր է։ Հայաստանում մարդկանց կենսամակարդակը չի փոխվել, նույնն է, ինչ մերժվածի ժամանակ։ Ոչ մի բանական մարդ չի սպասել, որ մի տարում բոլորս սպիտակ տաբատներ ենք հագնելու ու գնանք Ռիո դե Ժանեյրո։

Բայց երբ Քաղաքացու օրվա տոնակատարությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 250 հազար դոլար, գոտիները մնում են զարմացած։ Բոլորը չէ, որ տեղյակ են այս թվից, բայց իմացողները կամ խեղճացած, կամ կատաղած հարց կտան․ «Բա մեր էրեխեն, բա մեր մարդը, բա իմ վարձը, բա էն տան պատը, բա էս դոմիկը, բա էն կրակոցից փլված կռիշը»։

Քաղաքացու օրվա խորհուրդն իհարկե լավ է։ Մեզնից շատերը, մեծ մասը վաղուց այդպես չէր ուրախացել, մենք հասանք հրաժարականին, ինչն այդքան ժամանակ անհավանական էր թվում արդեն։ Ուրախացանք, տոնեցինք, դուրս եկանք փողոց, անծանոթ մարդկանց հետ գրկախառնվեցինք, վաղուց նման բան չէր եղել։

Շնորհակալ ենք այդ փառահեղ օրվա համար մեզ և մեզ առաջնորդողներին։ Բայց տոնն ավարտվեց, կյանքը շարունակվում է, արդեն մեկ տարի։ Մեր գոտիները՝ սահմանամերձ, աղետի, մնացին նույնը, միայն Սերժը գնաց։ Մեր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը չի պակասում, իսկ թունավոր գործարանների ու հանքերի տարածքից ունենք ամենաբարձր թվով քաղցկեղի վիճակագրություն։

Հետո ինչ, որ առանց Սերժի։ Եվ մեր որոտընդոստ ուրախությունից հետո պետք էր ի տարբերություն Սերժի, որին մերժեցինք՝ պահուստային ֆոնդերը խնայողաբար օգտագործել ու բոլոր ֆոնդերը խնայողաբար ու ըստ անհրաժեշտության օգտագործել։ Մենք սկզբում նայեցինք պարգևավճարները, մեզ բացատրեցին, թե բա մարդկանց մի բանով չոգևորե՞նք։ Մարդը դեռ չի հացրել մի տարի աշխատել՝ ոգևորում ենք։

Իսկ հիմա՝ Քաղաքացու օրվա համար Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվում է 250 հազար դոլար, որ փուչիկ փչենք, անհավանական դեցիբել բարձրությամբ հայրենասիրական երգ լսենք, արևածաղիկ չրթենք Երևանի փողոցներում։ Ախր, մենք նույնիսկ հանրային ուրախության նոր մշակույթ չունենք՝ առաջվա կրկնօրինակն է։ Մենք շատ լավ կարողանում ենք ուրախանալ մեր մասնավոր տարածքներում, բայց հանրային ուրախությունը չի ստացվում։

Ստացվել է մի քանի անգամ, վերջին հանրային, անկեղծ ուրախությունը անցյալ տարվա ապրիլի 23-ին էր։ Իսկ այն, ինչ մենք անվանում ենք «տոն», դառնալու է նախորդ բոլոր տարիների անիմաստ կապկումը, որովհետև հանդիսավոր օրվա համար պահած շորերը հագնել ու վերջապես իրար հետ ընտանիքով քաղաք դուրս գալը, ահավոր մարդկային կուտակումները, ուտելով ու չրթելով քաղաքը մաշելը, խմբերով մի տեղից մյուսը տեղափոխվելը ու սրճարանը մի տեսակ սովետական «պռազդնիկների» ավարտված մշակույթ է։

Միգուցե որպես Քաղաքացու օրվա խորհուրդ ստեղծեինք հանրային ուրախության մշակույթի նոր ձև՝ հրապարակի ու օպերայի տարածքի բեմերից նույն մարդկանց նույն երգերը լսելու, նույն լույսերն ու փուչիկները տեսնելու, նույն՝ ոգևորության համար նախատեսված չոգևորող ելույթները ակամա ունկնդրելու փոխարեն։

Ես առաջարկում եմ՝ ուղղակի այդ օրն առավոտից Երևանի փողոցներում հնչի բարձրորակ երաժշտություն՝ բոլոր ժանրերի, չլինի նշվածներից ոչ մի ատրիբուտ։ Հնչի երաժշտություն ամբողջ օրը, ամբողջ քաղաքում ու մարզերում։

Կամ եթե ուզում ենք նշանավորել հեղափոխության օրը որևէ արարքով, առաջարկում եմ ծանր հիվանդ մի երեխայի ընտրել, հատկացնել բուժման գումար, հասնել նրա ապաքինմանը ու այդ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր՝ բուժված քաղաքացու ու բուժմանը օգնած քաղաքացիների։ Կարող ենք նույնիսկ իմանալ այդ երեխայի անունը ու իր անունով նշել մեր նոր գիտակցության օրը։

Իսկ լրագրող Մկրտիչ Կարապետյանը, որին հանգիստ կարելի է հեղափոխության խորհրդանիշներից մեկը համարել, իր ֆեյսբուքյան էջին այսպիսի գրառում է արել․ «Հարգելի կառավարություն, քաղաքացի Մկրտիչ Կարապետյանը խնդրում է իրեն նվիրված օրվա միջոցառումների համար հատկացված փողի իր մասը ստանալ կանխիկ ձևով, «Հայփոստի» մոտակա բաժանմունքից։ Շնորհակալություն»:

Կարելի է միանալ Մկրտիչի առաջարկին։ Կարելի է միանալ իմ առաջարկին։ Միայն չկրկնել նույնը՝ հետո ինչ, որ առանց Սերժի։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am