«Անհանգիստ էի, գնացի եկեղեցի, աղոթեցի, բայց չէի սպասում, որ նման լուր կլսեմ»․ մայրն ասում է՝ որդուց մնացել են նկարները և հիշողությունները

49-ամյա Մելանյա Հովհաննիսյանը չէր կարող պատկերացնել, որ կյանքը կրկին մեծ ցավ ու դժվարություն կբերի։ Տարիներ առաջ կորցնելով ամուսնուն՝ մենակ էր մեծացրել երկու որդիներին։ Ասում է՝ կյանքն արդեն կարգավորվում էր ու նորից շրջվեց 180 աստիճանով։

«Փոքր տղաս՝ Կարենս, գնաց պատերազմ ու չեկավ»,- ասում է ու հուզվում Մելանյան։

Մելանյայի որդին՝ 25-ամյա Կարեն Հովհաննիսյանը, պատերազմն սկսվելուն պես ծանուցագիր է ստացել և միանգամից մեկնել առաջնագիծ։ Մայրն ասում է՝ որդին սկզբում Հադրութ է գնացել, սեպտեմբերի 30-ին իմացել են, որ Ջրականում է, որից հետո այլևս կապ չեն ունեցել Կարենի հետ։

«Ամսի 2-ին էլ իրա լուրն էկավ… Տղայիս ընկերները հայտնեցին, որ իմացել են՝ ընկել են ռմբակոծության տակ, տղես ԱԹՍ-ի բեկորային վնասվածքից ա զոհվել»,- ասում է մայրը ու հուզվում։

Մելանյան ասում է՝ այդ օրն առավոտից սիրտն անհանգիստ էր, ինքնազգացողությունը՝ վատ, զգում էր, որ ինչ-որ բան է կատարվել որդու հետ: 

«Գնացի եկեղեցի, աղոթեցի, բայց չէի սպասում, որ նման լուր կլսեմ»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։

Մելանյան ասում է՝ որդին շատ հայրենասեր էր, այդ պատճառով էլ ծանուցագիրը ստանալով՝ առանց երկմտելու միանգամից մեկնել է դիրքեր։

Կարենը մշտապես հետաքրքրված էր Հայաստանով, սիրում էր կարդալ հայոց պատմությանն առնչվող գրքեր, հոդվածներ, ինչպես նաև ուսումնասիրել ազգային հերոսների կյանքը․ «Հերոսների մասին ամեն ինչ գիտեր, ինչ հարցնեիք՝ կպատասխաներ»,- ասում է մայրը։

Կարենը սովորել է ազգային ճարտարագիտական քոլեջում, ավարտելուց հետո մեկնել է ծառայության՝ սկզբում Արմավիր, ապա տեղափոխվել է Վայքի N զորամաս: 

Ծառայությունն ավարտելուց հետո հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնել։ Մայրն ասում է՝ կյանքը հունի մեջ էր մտել, մեծ տղան ամուսնացել էր, մտածում էին՝ Կարենն էլ կամուսնանա, ընտանիք կկազմի։

«Բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը, ու մեր կյանքը 180 աստիճանով փոխվեց»,- ասում է Մելանյան։

Կարենը բնավորությամբ լուրջ էր, զուսպ, կոկիկ՝ պատմում է մայրն ու ասում՝ որդուց մնացել են հիշողություններն ու նկարները։

«Հիշողություններով ենք ապրում, կարելի ա ասել՝ չենք ապրում, ուղղակի շնչում ենք»,- արցունքների միջից ասում է մայրը։

Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Հուղարկավորված է Շահումյանի գերեզմանատանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am