«Հակառուսական ճամբարի երկրներից գալիս են ավելի լուրջ առաջարկներ,բայց դեռ անորոշ է վիճակը». Գինու ազգային կենտրոնի նախագահ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը

-Պարո՛ն Հարությունյան, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ ալկոհոլոյին խմիչքների արտահանման ոլորտում, մեղմ ասած այնքան էլ լավ վիճակ չէ, ինչը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով: Այս առումով որևէ փոփոխություն, դրական նդինամիկա կա՞:

-Էական փոփոխություն չկա, գրեթե նույն վիճակն է: 20-30%-ով է միայն դրությունը շտկվել, բայց լուրջ փոփոխություններ դեռ չունենք: Շուկայում այսքան տոկոսն է հայկական արտադրանքն ապահովում,մնացած բացը լրացնում է ռուսական արտադրանքը:

 -Իսկ արտահանման 20-30% արձանագրված ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված:

-Ռուսական ռուբլու փոխարժեքի մասնակի կայունացմամբ, ուրիշ որևէ պատճառ չկա:

-Իսկ արտահանված խմիչքների վճարումները կատարվեցի՞ն ամբողջությամբ, որովհետև նախորդ անգամ այդ մասով էլ ասացիք, որ վճարումները չեն իրականացվել, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը:

-Այդ մասով ունենք փոփոխություն: Աստիճանաբար վճարումները կատարվում են:

-Իսկ վիճակը կարգավորելու ուղղությամբ ինչ-որ քայլեր արվո՞ւմ են, թեկուզ կառավարության հետ համատեղ, պարո՛ն Հարությունյան:

 -Դե կառավարությունը ի՞նչ պետք է անի. Խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան է շարունակվելու: Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը քաղաքական գործընթացների հետևանք է, տնտեսական գործընթացներով պայմանավորված չէ: Եվ, քանի որ արտահանվող արտադրանքի համար վճարումները մինագամից չեն արվում, այլ, սահմանված պայմանագրի համաձայն դա կատարվում է 60-90 օրվա ընթացքում, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 60 կամ 90 օր հետո: Սրան գումարած ուկրաինական շուկան անվերադարձ կորցրեցինք բելառուսականը՝ վերականգնման միտումներ է ցույց տալիս:

Հիմա Ռուսաստանը ազատականացնում է ռեգիոնների տնտեսական քաղաքականությունը, որոնք՝ մասնավորապես ալկոհոլի մասով խիստ կախվածություն ունեին կենտրոնական իշխանություններից, հիմա թե՛ տնտեսական, թե՛ ալկոհոլային մասով նկատելի է մասնակի ազատականացումներ կամ անկախացումներ: Այս համատեքստում շատ առաջարկներ ունենք ռեգիոնների մակարդակով, յուրաքանչյուր ռեգիոն փորձում է իր դեֆիցիտը լուծել ինքնուրույն՝ չնայելով պետական հիմնական քաղաքականությանը: Անընդհատ առաջարկներ ենք ստանում արտահանելու, համատեղ բիզնեսների: Հիմա շատ մեծ սպասողական վիճակում ենք, բայց այդ վիճակը շատ չի կարող տևել, որովհետև վաղ թե ուշ կհստակեցվի ամեն բան՝ կախված պատերազմի ելքից: Ամիսների հարց է սա ու այդ անորոշության ավարտից հետո կպարզվի, թե ուր է գնում աշխարհը ու նաև մենք:

-Իսկ ոլորտի համար այդ ազատականացումը լա՞վ է:

-Ազատականացումը որոշ չափով նպաստելու է խնդիրների լուծմանը, իհարկե,  գլոբալ առումով ենթարկվում են պետական քաղաքականությանը, բայց տրված են սահմաններ, որոնց շրջանակներում թույլատրվում է այս կամ այն շեղումը, դա արդեն երկրոդ ամիսն է, ինչ կա:

-Ռուսական տարբեր տարածքներից ստացվող այդ առաջարկները  ընդունո՞ւմ եք, կա՞ արդեն համագործակցություն:

-Հիմա դեռ բանակցությունների փուլում ենք , որը կավարտվի մեկ-երկու ամսից, որովհետև դիմացը արդեն սեզոնն է մթերման ու երկու կողմն էլ խիստ շահագրգռված են, որ բանակցություններն ավարտվեն հուլիսի կեսերին:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպես հասկացա, նաև արտահանման շուկայի փոփոխություն չի եղել, չէ՞, հիմնականը շարունակում է մնալ ռուսականը:

-Հիմա տեսեք ինչ է կատարվում. Հակառուսական ճամբարը մի կողմից մեզ ընդունում է ռուսական ճամբարի մաս, մյուս կողմից ընդունում է, որ մենք այդպիսինն ենք, որովհետև այլ ճար չունենք: Այս երկրորդ համատեքստում ակտիվացել է հակառուսական ճամբարի երկրների հետ առևտուրը, այսինքն՝ առաջարկներ ու ավելի լուրջ առաջարկներ գալիս են նաև այդտեղից: Դուրսը հիմա փորձում է Հայստանին, այն երկրներին դիվերսիֆիկացնել, որոնց արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: Բայց այս ամենի վերջնարդյունքը պարզ կլինի երկու-երեք ամսից:

-Պարզ կլինի թե ո՞ր շուկան եք ընտրում:

-Այո՛, թե որ ճանապարհով կգնանք: Կընտրենք Ռուսաստանը, թե Եվրոմիության երկրները: Դրական ևս մեկ բան կա, որ մեր ընկերություններն ասստիճանաբար մարում են իրենց պարտքերը ներսի գործընկերների հետ, այսինքն՝ կա որոշակի շարժ, նախնական գումարների վճարումներ, ավանսների ստացում:

-Պարո՛ն Հարությունյան, իսկ ընդհանուր վնասի չափ կարո՞ղ եք ասել:

-Չեմ կարող ասել, բայց կոնյակի արտահանումն ավելի է տուժել քան գինու: Այդ վնասները հայտնի կդառնան, երբ կփակենք կիսամյակը: Ռուսական շուկան հիմա մեկ միլիարդ շիշ ընդհանուր ալկոհոլի պակաս ունի, որից կեսը գինին է:

-Եթե Եվրոմիության երկրների կողմից ևս կան այդ առաջարկները՝ նշանակում է, որ հայկական ալկոհոլային խմիչքները նաև եվրոպական շուկայի համա՞ր են մրցունակ:

-Հա՛-հա՛, այդ մասին կարիք էլ չկա խոսելու, որովհետև մրցունակության հարցը մենք վաղուց լուծել ենք: Հիմա շատ քիչ են ընկերությունները, որոնք անորակ ապրանք են արտադրում, որովհետև շատ խիստ են պայմաններն ու պահանջները: Ամբողջ հարցը քաղաքական տիրույթում է գտնվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am