«Պետք է սկսել ամենասկզբից՝ միջնակարգ կրթությունից, կիրթ մարդը Հայաստանում պետք է համարվի արժեք, հարգանքի արժանի». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, բուհերի ընդունելության քննությունների այս տարվա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է, բազմաթիվ ֆակուլտետներ կան, որոնք ուսանողներ չունեն, բուհերում շատ են թափուր տեղերը, դիմորդների առարկայական գիտելիքների արդյունքները ևս մտահոգիչ են։ Ձեր կարծիքով՝ այս պատկերն ինչի՞ հետևանք է։

– Պատճառները մի քանիսն են. նախևառաջ դա արհամարհանքն է բուն կրթության նկատմամբ, կրթությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում մեզանում։ Բուհերի վրա դրված է ոչ այնքան կրթական խնդիրը, որքան՝ գոյատևման, հավաքեք ավելի շատ ուսանողներ, որպեսզի շատ գումար ապահովեք։ Երկրորդ խնդիրը կրթության որակն է․ պետք է խոստովանենք, որ որակյալ կրթություն ստանալ ցանկացող մարդիկ հիմնականում փորձում են սովորել արտերկրում։

Պետք է սկսել ամենասկզբից՝ միջնակարգ կրթությունից, կիրթ մարդը Հայաստանի Հանրապետությունում պետք է համարվի արժեք, հարգանքի արժանի։ Ուսուցչի կարգավիճակը պետք է բարձրացվի, ես նկատի ունեմ, որ ուսուցիչը պետք է համար մեկ անձնավորությունը դառնա հանրապետությունում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն պետության ու հասարակության մոտեցման մասին է, այլ նաև հենց իր՝ ուսուցչի: Նա ինքը պետք է իրեն այդպես համարի, մշտապես կրթվի, ժամանակին համընթաց շարժվի, հասկանա, որ մշտապես պետք է հետաքրքիր լինի իր աշակերտներին։

Սա լրջագույն խնդիր է, որն ամեն ինչի հիմքն է․ մենք հիմա կարող ենք խոսել տարբեր ոլորտների զարգացման մասին, բայց եթե ունենք անկիրթ հասարակություն, որևէ հաջողության չենք կարող հասնել։ Բուհերի կրթությունը պետք է փորձենք կապել հանրապետության պահանջարկի հետ, որովհետև դիմորդների այն թիվը, որ ընդունում ենք, չեմ ասի, թե հիմնավորված է պահանջարկով, որը կա, ու դրա համար է, որ մարդիկ հաճախ ստանում են դիպլոմ ու մնում են առանց աշխատանքի։

Պետք է դուրս գալ սովետական կարծրատիպից, որ կարևոր է դիպլոմ ունենալը, ո՛չ, կարևորը կրթություն ստանալն է, դիպլոմը ոչինչ չի նշանակում, եթե դու համապատասխան կրթություն չունես։ Բուհերը պետք է մտահոգված լինեն այն որակով, որ իրենք տալիս են, ոչ թե գումար աշխատելով, թեև բուհերի ղեկավարությանը չեմ կարող մեղադրել, որովհետև նրանք էլ իսկապես անելանելի վիճակում են, որովհետև տրվող գումարը շատ չնչին է, ու միակ հույսը մնում են ուսանողները։

Սա լրջագույն խնդիր է, որը պահանջում է մեծ բարեփոխումներ ու, ամենակարևորը՝ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը կրթված մարդու հանդեպ։

– Հայաստանում երբվանի՞ց է կիրթ մարդը դադարել արժեք լինելուց. երբևէ եղե՞լ է արժեք։

– Դժվարանում եմ ասել․ ինքս սովորել եմ սովետական տարիներին ու հիշում եմ, որ ավելի շատ արժևորվում էր դիպլոմ ստանալը, քան գիտելիքները, ցուցանիշը դիպլոմն էր։ Հետո եկավ, կոպիտ ասած, վայրի կապիտալիզմը, երբ հասարակությունը տեսավ, որ հարստանում են ոչ թե կրթված մարդիկ, այլ՝ լրիվ հակառակը։ Այսինքն՝ կյանքի բարեկեցիկ վիճակի վայելումը բացարձակապես կապված չէր քո կրթվածության հետ, հակառակը՝ ինչքան ավելի անկիրթ, կոպիտ, գռեհիկ, այնքան ավելի բարձր էր հեղինակությունդ հասարակության մեջ։

Սա, իհարկե, միայն մեզ մոտ չէ․ Վրաստանում մինչև Սաակաշվիլու իշխանության գալն արված հարցումներից պարզվում է, որ Վրաստանում դպրոցահասակ տղաների 80%-ը երազում էր դառնալ «օրենքով գող»: Բայց նրանք կարողացան այդ վիճակը կոտրել, ու հիմա լրիվ հակառակ պատկերն է․ մարդիկ ուզում են դառնալ գիտնական, բժիշկ, ուսուցիչ, դերասան և այլն։ Այսինքն՝ կարևոր է նաև կողմնորոշումը, թե ի վերջո ինչպիսի՞ կողմնորոշում ես դու ընտրում, կողմնորոշումը ներքին որակի պահանջ է։ Խոսքս հասարակության մասին է, ոչ թե քաղաքական ուժերի, որովհետև նրանք բոլոր դեպքերում սպասարկում են ներկայացվող պահանջները, հասարակությունն ինքը պետք է մերժի նման մոտեցումները, ինքը պետք է որոշի՝ ի՛նչն է մեզ համար արժեք։

– Իսկ հասարակությունն ինքնուրույն կարո՞ղ է դա անել, նույն Վրաստանում հասարակությունը միայնա՞կ կոտրեց այդ վիճակը, թե՞ ամեն դեպքում պետական աջակցությունն էլ է պետք։

– Մերժեց, նա արեց համապատասխան հեղափոխություն, որով կողմնորոշվեց, որ ինքը եվրոպացի է, դա հասարակությունը պնդեց, դա չթելադրվեց, սա շատ կարևոր է։ Մի քանի անգամ իշխանություն էլ փոխվեց Վրաստանում, բայց արդեն ոչ ոք չկարողացավ անտեսել հասարակության պահանջը, այն է՝ ինտեգրվել Եվրոպային:

Մեզ մոտ լրիվ հակառակը կատարվեց․ երբ մի գիշերվա ընթացքում փոխվեց Հայաստանի ուղեցույցը, հասարակությունն ընդհանրապես չընդվզեց։ Դրա համար, ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է աշխատանք տանել հասարակության հետ, բացատրել։

– Այդ աշխատանք տանողը պետությո՞ւնը չպետք է լինի, պարո՛ն Բաբայան, ո՞վ լինի։

– Ոչ միայն պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է արժանի տեղ զբաղեցնի աշխարհի զարգացած ու կիրթ երկրների շարքում, պետք է իրենց տեղում անեն անհրաժեշտ քայլերը։ Հիմա մեր այս հարցազրույցն էլ է, չէ՞, այդ աշխատանքի մի մասը․ կարելի է ձեռքերը ծալած նստել ու ասել՝ պետություն, արա, բայց ժողովրդավարական երկրները նրանք են, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն երկրի տեր է զգում, ունի որոշակի պարտականություններ այդ երկրի հանդեպ։

Մենք ճորտ չենք, որ ամեն ինչ հանձնենք իշխանությանը կամ պետությանը ու ասենք՝ դո՛ւք որոշեք, պետք է պահանջներ ներկայացնենք։ Իհարկե իշխանությունն էլ պետք է բարի լինի այդ պահանջները կատարել, որովհետև ուրիշ ճանապարհ մենք չունենք․ կա՛մ մենք կլինենք կիրթ, ժամանակակից հասարակություն, որովհետև պետությունը չի կարող լինել կիրթ ու ժամանակակից, եթե հասարակությունն անկիրթ է, կա՛մ կվերածվենք անկիրթ պետության։

– Ձեր գնահատմամբ՝ մեր հասարակությունը կողմնորոշվե՞լ է, թե որ ուղղությունն է նախընտրում։

– Մեր հասարակությանը տևական ժամանակաշրջան, երևի մոտ 200 տարի, վախեցրել են, որովհետև վախով ավելի հեշտ է կառավարել։ Այդ վախեցնելը շարունակվում է մինչև այսօր, ընդ որում՝ բոլորի կողմից. եթե նկատել եք՝ իշխանությունը վախեցնում է, որ նախկինները կգան, նախկինները վախեցնում են, որ թուրքը կգա։ Իսկ դա շատ վատ է, որովհետև վախեցած հասարակությունը մտածելու ունակ չէ, որպեսզի կարողանաս ճիշտ որոշում կայացնել, պետք է միացնես ուղեղդ, իսկ միացնել ուղեղը նշանակում է անջատել վախը, հաղթահարել վախը։

Առաջին հերթին սա պետք է անել, պետք է դուրս գալ նորմալ ճանապարհ ու մերժել բոլոր նրանց, ովքեր փորձում են վախեցնել հասարակությանը։ Դուրս գալ նորմալ քննարկման՝ առանց վիրավորանքի, առանց լրտեսներ ման գալու, առանց որոշակի ազդեցության ոլորտ ման գալու, պարզապես լուրջ քննարկել՝ մենք ի՛նչ երկիր ենք ուզում կառուցել, ի՛նչ արժեքների վրա հիմնված։ Մենք պետք է կարողանանք ի վերջո երկխոսել՝ նախ՝ ինքներս մեզ հետ, մեր երկրի ներսում, հետո միայն՝ այլոց հետ։ Այս փոքր քայլերով պետք է փորձենք առաջ գնալ։

– Ձեր բնորոշմամբ՝ Հայաստանի այսօրվա հասարակությունը, ես նկատի ունեմ նաև բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև նրանք ևս հասարակության մասն են կազմում, կի՞րթ է։

– Երևի հայելային է վիճակը արտացոլվում․ կան և՛ կիրթ, և՛ ոչ այնքան կիրթ մարդիկ, կան մարդիկ, որոնք իսկապես ունեն նորմալ արժեքային համակարգ, կան մարդիկ, որոնք ձև են անում, թե այդ արժեհամակարգի կրողն են: Ձև անելը, ի դեպ, շատ տարածված է մեզանում։

Տարբեր են, բայց եթե մենք մշտապես փորձենք մեր խնդիրների պատճառը փնտրել մեզնից դուրս, միշտ կլինենք այս վիճակում։ Պատճառները պետք փորձենք գտնել մեր մեջ․ գուցե մենք արհամարհո՞ւմ ենք ժամանակի ընթացքը, ինչը չի կարելի, որովհետև այն պարզապես քեզ կնետի դուրս, որովհետև ժամանակն իրենն է թելադրում։

Կա՛մ մենք կդառնանք ժամանակակից պետություն, իսկ դա նշանակում է զգալ ժամանակի պահանջն ու զարկերակը, կա՛մ կշարունակենք բողոքել ժամանակից՝ ասելով, ինչ լավ ու ճիշտ էր անցյալում, ու կմնանք այդ անցյալում, որտեղ մեզնից բացի ոչ ոք չի լինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am