«Այս իշխանություններին շատ բնորոշ է իրենց հավատարմություն հայտնած անձանց դիրքավորել տարբեր տեղերում, այդ թվում՝ ԲԴԽ-ում». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ երկու անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունները: Սա, ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում:

– Այս անգամ գոնե քիչ թե շատ անվիճելի առաջարկ են արել, բայց ես չեմ կարողանում տրամաբանությունը հասկանալ՝ եթե մինչև այժմ հայտարարում էին, որ արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածությունը հաջողված է, տեղափոխման իմաստը ո՞րն է: Մարդիկ աշխատում էին և գոնե փորձում էին ինչ-որ բաներ անել:

Ի՞նչ ասեմ: Առհասարակ դադարել եմ տրամաբանություն փնտրել ՔՊ-ի գործողությունների մեջ: Ուրախ եմ, որ գոնե ջհանգիրյանների ու մնացած տեսակներին չեն փորձում տեղափոխել ԲԴԽ: Նախկին առաջարկները շատ ավելի ծանր էին ու, մեղմ ասած՝ անընդունելի:

Համենայնդեպս, այս երկու թեկնածուներն էլ, հաշվի առնելով նրանց ելույթները, գործունեությունը, հավատարմություն են հայտնել իշխող ուժին: Եթե հիշում եք, Կարեն Անդրեասյանը անգամ Փաշինյանի լուսանկարն էր փակցրել իր աշխատասենյակում, հետո էլ անորոշ տեքստերով փորձում էր բացատրել՝ ինչու է լուսանկարը փակցրել:

Այս իշխանություններին շատ բնորոշ է իրենց հավատարմություն հայտնած անձանց դիրքավորել տարբեր դիրքերում, տեղերում:

– Ասացիք՝ անվիճելի առաջարկ է, այսինքն՝ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը հարցեր չի՞ առաջացնում:

– Անձի հետ կապված խնդիր չեմ տեսնում, բայց տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ. եթե որպես նախարար նորմալ աշխատում է, գործ է անում, անհասկանալի է՝ ո՛րն է նրան այդ պաշտոնից հանելու տրամաբանությունը: Երկար ժամանակ է՝ աշխատում էր այդ պաշտոնում, կապի մեջ էր ոլորտի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ոլորտում ներդրում ուներ, ինչո՞ւ տեղափոխել:

Այս տրամաբանությունը, երևի թե, հասկանալի կլինի, եթե հայտարարվի՝ ով է նախարարի թեկնածուն:

– Մամուլը գրել էր, որ նախարարի պաշտոնում նշանակվելու է նրա առաջին տեղակալը՝ Գրիգոր Մինասյանը:

(Ծիծաղում է – հեղ.) Դե, ի՞նչ ասեմ, ոչ այդքան անվիճելի կերպար: Նրան անգամ փոխնախարար նշանակելը խնդրահարույց էր՝ հաշվի առնելով նրա ազգակցական կապերը (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է – հեղ.):

Հիմա առաջարկել Մինասյանին որպես նախարար… ամենալավ թեկնածությունը չէ:

– Ի դեպ, Կարեն Անդրեասյանը նաև ՔՊ կուսակցության անդամ է:

– Իսկ դա ինչպե՞ս է խանգարում, չէ՞ որ Հայաստանում ավանդույթ է՝ արդարադատության նախկին նախարարը ՀՀԿ-ից էր, ՍԴ նախագահը՝ նույնպես: Այդ հանգամանքը ո՞ր իշխանությանն է խանգարել: Ինչո՞ւ պետք է այս իշխանությունները կաշկանդված լինեն իրենց համար լոյալ մարդկանց նշանակել ցանկալի պաշտոններում:

Իհարկե անընդունելի է, որ կուսակցական անձը լինի ԲԴԽ անդամ, առավել ևս՝ նախագահ: Նույնիսկ այդ անձը չպետք է դիմում ներկայացներ: Հենց դրա համար էինք ասում, որ կուսակցության անդամ լինելը նախարարի համար բոլորովին պարտադիր պայման չէ: Քանի որ այս իշխանություններն անհեռատես են, իրավիճակային լուծումներ են առաջարկում, հետևաբար նրանցից ավելին սպասել հնարավոր չէ:

– Հաշվի առնելով Ջհանգիրյանի փորձը, հիմա էլ՝ Կառավարության անդամ թեկնածուների առաջադրումը, կարծում եք՝ ԲԴԽ-ի անկախ գործունեությունը կասկածի տա՞կ է դրվում:

– Սա նշանակում է, որ գործում է նախկին տրամաբանությունը՝ բոլոր դիրքերում, բոլոր պաշտոններում յուրայիններ ունենալ: Ու ամենևին էլ կարևոր չէ, որ դրանից կտուժի համակարգը, որ դա կխանգարի համակարգի կայացմանը: Համակարգի նկատմամբ վստահությունը կարևոր չէ, կարևորը՝ լինեն յուրայիններ:

Մի պահ պատկերացնենք՝ ՔՊ-ականներին հավատարմություն հայտնած անձինք հայտնվեն ԲԴԽ-ում, ինչպե՞ս են պատկերացնում՝ արդյոք իրենց ելույթները, խոսքը, որոշումները կասկածի տակ չե՞ն դրվելու: Վստահ եմ՝ խնդիր է առաջանալու: Մենք ունենք մեծ թվով իրավաբաններ, ուզում եմ հասկանալ՝ չկա՞ մեկ կադր, որին հնարավոր լիներ առաջադրել ու կասկածներ չառաջացնել կառույցի գործունեության հարցում:

Պարզ է՝ իրենք կա՛մ թեկնածուներ են փնտրում անվերապահ հավատարմություն հայտնած յուրայինների շարքում, կա՛մ ճամբարափոխների, ի հետևանք՝ օբյեկտիվ մասնագետներ չեն կարողանում գտնել: Եթե այս խնդիրները չեն հասկանում, կա՛մ անձեռնհաս են, կա՛մ պարզապես չեն ցանկանում որևէ փոփոխություն անել:

– Մյուս կողմից՝ Ազգային ժողովում այս թեկնածուների ընտրությունը խնդրահարույց չե՞ք համարում, քանի որ ընտրությանը մասնակցում է միայն ՔՊ-ն, իսկ ընդդիմությունը չի մասնակցում այդ քննարկումներին: Ստացվում է՝ իրենց թեկնածուներին իշխանություններն իրենք են ընտրում:

– Սա, իհարկե, ժողովրդավարության կանոններից չի բխում, բայց ես էլի պետք է ասեմ՝ ժողովրդավարության կրողը ժողովուրդն է, որն այս պահին ապրում է մոլորության ու թշնամու հարձակումների ֆոնին վախի մթնոլորտում: Ես մեր միջազգային գործընկերներին խնդրել ու էլի շարունակելու եմ խնդրել՝ երբ Հայաստանին աջակցելու հարց է առաջանում, ու դրա հիմքում դրվում է ժողովրդավարությունը, միշտ հիշել, որ ժողովրդավարության կրողը ժողովուրդն է և ոչ թե գործող իշխանությունը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am