Քրքրված տանձիկներ, գորգեր, մաշված փայտե հատակ. Ազարյանի անվան մարզադպրոցը՝ պաթոսի և իրականության արանքում

Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բակում օրերս մեծ շուքով ու տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ բացվել էր օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Բացմանը ներկա էր նաև 92-ամյա Ազարյանը, որն ասել էր, թե հուզված է նման վերաբերմունքից: Կիսանդրու շուրջը բարեկարգ է, տեղադրված են նստարաններ:

Սակայն սա սպորտի վարպետի անվան մարզադպրոցի ամենաբարեկարգ հատվածն է. դպրոցի դռներից այն կողմ այցելուներին դիմավորում են հնամաշ, տեղ-տեղ ժանգոտած գույքով, անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճները:

Մարզադպրոց հաճախող շուրջ 300 երեխաների համար նախատեսված հանդերձարանները կահավորված չեն. մեկ ընդհանուր սենյակում տեղադրված են երկար նստարաններ, որոնց վրա երեխաները տեղավորում են իրենց վերնահագուստը կամ կախում կախիչներից:

«Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները»,-տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի մամլո հաղորդագրությունը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մեթոդիստ, մարզիչ Սահակ Անտոնյանը «Մեդիալաբին» ասում է, որ 1969 թվականին հիմնադրված այս դպրոցում կոսմետիկ նորոգումեր են կատարվել 2002-2003 թվականներին: 

Հենց այդ ժամանակ էլ, նրա խոսքով, անցկացվել է ջեռուցում, որոշակիորեն փոփոխվել է գույքը: Դրանից հետո մարզադպրոցը կարողացել է գույք ձեռք բերել հավաքականի մարզիկների տարբեր հաղթանակների շնորհիվ: 

«Մեր հավաքականի տղաների, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ջանքերի շնորհիվ մենք Միջազգային ֆեդերացիայից ստացել ենք նվեր գործիքներ՝ նժույգ, պտտաձող, օղակներ»,- ներկայացնում է Անտոնյանը:

Երևան քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, այսինքն՝ դպրոցի ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեից: Անտոնյանն ասում է՝ ինչի կարիք ունենում են, դիմում են, եթե բյուջեն բավականացնում է, ստանում են: Առաջիկայում սպասում են նոր գործիքների:

Մարզադպրոցի երկու դահլիճներում կահավորանքը նախորդ դարն է հիշեցնում. տանձիկների, գորգերի պաստառները քրքրված են, փայտե հատակը՝ մաշված, օղակների ու ձողերի իրական գույնը անորոշ է: Թեպետ մարզադահլիճները ջեռուցվում են, բայց լուսամուտներից սառը հոսանքն զգալի է: 

Հավաքականի մարզիկները, որոնցից Արթուր Դավթյանը վերջերս դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր, հենց այս պայմաններում են մարզվում: Մարզադպրոցում մասնագետներն ասում են՝ նույնիսկ անթույլատրելի է նման պայմաններում մարզվելը:

Այս մասին դեռևս 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է նաեւ Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը, շեշտելով, որ   շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու:

Սահակ Անտոնյանն ասում է՝ փորձում են այնպես անել, որ երեխաների թիվը չպակասի: Առօրյան այսպիսին է՝ առավոտյան մինչև ժամը 14:00-ն այստեղ մարզվում է մարմնամարզության մեծահասակների հավաքականը, այնուհետև արդեն այցելում են փոքր տարիքի երեխաները: 

Այստեղ ասում են՝ այս իրավիճակը ժամանակավոր է. 2025-ին սպասում են, որ կունենան նոր ու թարմ գույքով մարզադպրոց:

Նոր մարզադպրոցի մասին օրերս տեղեկացրել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 

«Ուզում եմ ընդգծել, որ հիմա Կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին և կհամալրվեն ժամանակակից, չօգտագործված գույքով»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am