«Երևանն արդեն անթաքույց իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանի քաղաքականությունից». Տիգրան Գրիգորյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար չէ Հայաստանում անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորակազմի զորավարժությունները: Նրա հայտարարությանն արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:

– Գնահատականներ չէի ցանկանա հնչեցնել, բայց պետք է արձանագրել, որ սա մի գործընթացի շարունակություն է, որը սկսվել է դեռևս սեպտեմբերյան էսկալացիայից հետո, երբ Հայաստանի իշխանություններն արդեն բացեիբաց քննադատում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի: Հետևաբար այնքան էլ զարմանալի չէ այս հայտարարությունը, Հայաստանը, դե յուրե լինելով ՀԱՊԿ-ի անդամ, փաստացիորեն այս պահին սառեցնում է ակտիվ մասնակցությունը այդ կառույցի գործունեությանը:

– Ի՞նչ նպատակով:

– Սա կարելի է համարել դիվանագիտական դեմարշ, այսինքն՝ պարզ է, որ Երևանը բավարարված չէ այն արձագանքով, որն ավելի շատ չկար, քան կար վերջին երկու ամիսների ընթացքում: Հայաստանը դժգոհ է Ռուսաստանի պահվածքից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում ու այսպիսի դեմարշի միջոցով է արտահայտում իր բողոքը:

– Եթե ձեր ասած դիվանագիտական դեմարշն է, ինչո՞ւ այդ մասին բաց չի խոսվում, կամ երբ ուղիղ հարցնում են՝ Հայաստանը պատրա՞ստ է լքելու ՀԱՊԿ-ը, իշխանությունը պատասխանում է, թե գուցե ՀԱ՞ՊԿ-ն է ուզում լքել Հայաստանը: Ի դեպ, այս պատասխանն այսօր էլ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:

– Նման հայտարարությունները ես դեմագոգիա եմ համարում: Պարզ է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև հաշվարկում են հնարավոր հետևանքները, որոնք կարող են լինել, ու պարզապես զբաղվում են ներքին լսարանի համար հայտարարություններ անելով:

– Իշխանության որդեգրած այս քաղաքականությունը ավելի շատ օգո՞ւտ, թե՞ վնաս կտա պետությանը, պարո՛ն Գրիգորյան:

– Ընդհանուր առմամբ՝ չարժի միայն այս դրվագը վերցնել ու առանձին դիտարկել վերջին տարիներին վարվող քաղաքականությունից, պետք է նշել, որ այս կառավարությունը այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ է ուզում շարժվել: Այս փուլում Հայաստանի իշխանություններից դժգոհ են թե՛ ռուսները՝ հրապարակայնորեն, թե՛ եվրոպացիները՝ փակ դռների հետևում, այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի պակասը բարդացնում է Հայաստանի առանց այն էլ բարդ վիճակը:

– Զորավարժությունների անցկացումից հրաժարվելու գաղափարը, այնուամենայնիվ, ճի՞շտ էր, թե՞ ոչ: Ի՞նչ կտար դա պետությանը, եթե դրանք Հայաստանի տարածքում անցկացվեին:

– Զորավարժությունները ոչինչ չէին տա, այսինքն՝ այդ առումով ոչինչ չենք կորցրել: Պետք է հասկանալ, թե դա ինչքանով է ազդելու կողմերի առանց այն էլ լարված հարաբերությունների վրա: Երևանն արդեն անթաքույց իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանի քաղաքականությունից, բայց ես չգիտեմ, թե ո՛րն է այն կարմիր գիծը, որը չի հատի Երևանը: Պետք է հասկանալ, թե Ռուսաստանն ինչ պահից կարող է ինչ-որ գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, ու զգույշ լինել, որպեսզի այդ կետերը չհատվեն:

– Հիմա Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են:

– Դե, կարելի է ասել, որ Փաշինյանի իշխանության տարիներին ամենացածր մակարդակի վրա են, քան երբևէ եղել են: Ես նման լարված հարաբերություններ չեմ հիշում անգամ հեղափոխությունից հետո, երբ հստակ չէր նոր իշխանության արտաքին քաղաքականության կողմնորոշումը:

– Պարո՛ն Գրիգորյան, իշխանության այս հայտարարությունները միտվա՞ծ են արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելուն, թե՞ ինքնանպատակ են արվում:

– Չեմ կարծում, թե արտաքին քաղաքական վեկտորի որևէ լուրջ փոփոխություն են ուզում անել: Հայաստանը գուցե փորձում է այս կերպ սուբյեկտայնության ինչ-որ նշաններ ցույց տալ, Ռուսաստանին ցույց տալ, որ, այնուամենայնիվ, պետք է Երևանի կարծիքն էլ հաշվի առնել:

Հայաստանը կարծես թե նաև վախեցած Է Ռուսաստանի կողմից արվող ճնշումներից, ու նման հայտարարություններով փորձում է դիմակայել նաև դրանց, բայց միայն հայտարարություններով դժվար է դիմակայել աշխարհաքաղաքական ճնշումներին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am