Ադրբեջանը կորցնում է ինքնուրույն քաղաքականություն վարելու իր հնարավորությունը ու դառնում գործիք Թուրքիայի ձեռքին. Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների հետ կապված վերջին օրերին շրջանառվում են ամենատարբեր վարկածներ, ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում իրականում։

– Իրականությունն այն է, որ այդ մարդն իսկապես ունի առողջական խնդիրներ, տեսանք, որ հեռավար ձևաչափով մասնակցեց պլանավորված միջոցառմանը, այսինքն՝ կարծես թե լուրջ բան չէ։ Այսօր էլ ինֆորմացիա եղավ, որ չնայած նախապես հայտարարվել էր, որ մինչև մայիսի 3-ը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին, վաղը մասնակցելու է Իզմիրում նախատեսված միջոցառմանը, բայց ձևաչափը հստակ չէ: Ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ այն, ինչ գրում էին, թե ինֆարկտ է, վիճակը ծանր է և այլն, իրականությանը չի համապատասխանում։ Հավանական է, որ հոգնածությունն իր դերը խաղաց, որովհետև Էրդողանի գրաֆիկն իսկապես շատ հագեցած է։

– Բացառո՞ւմ եք, որ սա PR-ի կամ քարոզչական նպատակների համար է արվել։

– Իհարկե բացառված է, որ նման բան լինի, որովհետև նախ՝ նման բան ընդունված չէ Թուրքիայում, երկրորդ՝ նրան պետք չէ դա անել, դրա կարիքն ուղղակի չկա։

– Պարո՛ն Սաֆրաստյան, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ հստակ որևէ բան ասելը դժվար է, բայց ընդդիմությունը կարծես թե հաղթանակի հասնելու ավելի մեծ շանսեր ուներ, ինչ-որ բան փոխվե՞լ է այդ պատկերում։

– Իմ ընկալմամբ՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանին հաջողվեց ավերիչ երկրաշարժի թեման երկրորդ պլան մղել թուրքական ԶԼՄ-ների էջերից, ու դա, իհարկե, իր ճարպկության, խորամանկության, փորձառության արդյունք է, իսկ դա կարևոր էր, որովհետև երկրաշարժն իսկապես ցույց տվեց, որ իշխանությունները ոչ միայն ապիկար են գտնվել, այլ նաև հստակ էր, որ հանցանքի տարրեր պարունակող շատ գործողություններ են արվել: 

Կոռուպցիոն համակարգերը որ կան՝ շինարարության հետ կապված, ենթակառուցվածքները չեն կառուցվել, որ օգնությունը հատուկ ուղղորդված է եղել այն տարածքներ, որտեղ իշխանությունը տեղական կառավարման մարմիններում իր ներկայացուցիչներն է ունեցել և այլն։ 

Այս բացահայտումները, իհարկե, ծանր ու լուրջ հարված էին իշխանությունների համար, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանը կարողացավ այդ ավերիչ երկրաշարժի թեման երկրորդ պլան մղել՝ օգտագործելով ամենատարբեր հնարքներ։ Փաստորեն Էրդողանին հաջողվեց ընդդիմությանը զրկել կարևոր հաղթաթղթից, որով կարող էին քննադատել իշխանություններին։ 

– Հաղթանակի մասով հստակ կանխատեսումներ կարո՞ղ եք անել, թե՞ դեռ վաղ է։

– Իհարկե դեռ վաղ է, հարցումները, որ հրապարակվում են, քաղաքականապես շատ կապված են կա՛մ ընդդիմության, կա՛մ իշխանության հետ։ Դեռ վաղ է որևէ բան ասել, բայց ինձ մոտ կա տպավորություն, որ իշխանությունները Էրդողանի խարիզմայի ու ճարպկության շնորհիվ կարծես թե կարողանում են ավելի առաջ անցնել ընդդիմությունից։ 

Կոնկրետ Էրդողանն էլ գնալով իր ձայները կավելացնի, ես համոզված եմ։ Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի կարող մրցակցել Էրդողանի հետ, նա չի անցկացնում նույն թվով հանդիպումներ, ինչ Էրդողանը, նրա հանդիպումներին այդքան շատ մարդ ներկա չի լինում։ 

Այնպես որ, իշխանությունն առաջ է անցնում ընդդիմությունից այս պահին, թե ի՛նչ կլինի հետագայում, դժվար է ասել, իհարկե շատ բան կախված կլինի Էրդողանի առողջական վիճակից: Եթե Էրդողանը կարողանա մոտ օրերս վերադառնալ նախընտրական պայքար, ապա իշխանությունները հաղթելու ավելի լավ շանսեր կունենան, եթե իսկապես լուրջ բան լինի Էրդողանին, ու նա երկար ժամանակով դուրս մնա նախընտրական պայքարից, դա հարված կլինի իշխանություններին, որից ընդդիմությունը կարող է օգտվել։

– Եթե իրադարձությունները նման սցենարով զարգանան, հնարավո՞ր է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները հետաձգվեն։

– Դժվար է ասել, չեմ կարծում, որ այդ պայմաններով հնարավոր լինի ընտրությունները հետաձգել։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, չնայած այդ ծանրաբեռնված օրակարգին, որի մասին ասացիք, Էրդողանը շարունակո՞ւմ է Ադրբեջանին ուղղորդել Արցախի ու Հայաստանի վերաբերյալ հարցերում։ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը, օրինակ՝ ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։

– Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ինչ անում է, անում է ոչ միայն Թուրքիայի հետ համաձայնեցված, այլ նաև շատ դեպքերում հետևում է Թուրքիայի հորդորներին, խորհուրդներին։ Այդ երկու երկրների ինտեգրումը շատ ավելի խորն է գնացել, քան, ասենք, մինչև պատերազմն էր։ Ադրբեջանը աստիճանաբար կորցնում է ինքնուրույն քաղաքականություն վարելու իր հնարավորությունը ու դառնում գործիք Թուրքիայի ձեռքին։ 

Ինչ վերաբերում է արձագանքներին, այդ թեման Թուրքիայում առանձնապես ուշադրության կենտրոնում չի հայտնվում, որովհետև թուրքական հասարակության մոտ ընկալումն այնպիսին է, որ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, խնդիրը լուծվել է։ Միջին վիճակագրական թուրքին այդ հարցերը չեն հետաքրքրում, այնպես որ, սա Էրդողանի համար նախընտրական պայքարում առանձնապես միավորներ բերող բան չէ, իհարկե դրական է, բայց Էրդողանը նախընտրական պայքարում շատ ավելի մեծ իրողությունների վրա է շեշտը դնում, օրինակ՝ նախորդ օրը «Ակկույու» ատոմակայանի բացումը։ Այսպիսի բաներ նրանց ավելի շատ են հետաքրքրում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am