Իշխանությանը բոլոր պաշտոններում յուրայիններ են անհրաժեշտ, որ իրենց արդարացնեն, սատարեն. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը ինչպե՞ս եք գնահատում։ Ինչո՞ւ իշխող ուժը հավանություն չտվեց նրա թեկնածությանը։

– Մեծ դժվարությամբ՝ երկրորդ օրն է՝ հետևում եմ այդ քննարկումներին, միակ բանը, որ մտքովս անցնում էր, հարցնելն էր. էրեխե՛ք ջան, տանը մեծերից ո՞վ կա, կանչեք հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև այն վարքագիծը, որ դրսևորվեց, ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական գործչի պահվածք չէր, դա իշխանություն ստացած անչափահասների վարքագիծ է։ 

Ինչո՞ւ դեմարշ արեցին, որովհետև, ամենայն հավանականությամբ, տիկին Հարությունյանը տոտալ լոյալ չէր իշխանությունների նկատմամբ, այն վերջնական պատկերը, որ ուզում էին ստանալ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նկարը պատին կախել ու նկարի հետ խորհրդակցել որոշումներ կայացնելիս, ինչպես անում էին տարբեր այլ պաշտոնյաներ, կամ շատ ագրեսիվ վարք դրսևորել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են իրեն ընտրած ՔՊ-ին քննադատել, մի խոսքով՝ այլ վարքագիծ էին սպասում, քան դրսևորվեց՝ առավելապես երբ հայտնի դարձավ, որ նաև որոշ ՔՊ-ականների վերաբերյալ քննված գործեր են եղել: Կային մարդիկ, որ շատ խոր վիրավորվել էին դրանից, մի խոսքով՝ տոտալ լոյալություն էին ակնկալում, որը չեն ստացել։

– Իսկ ինչպիսի՞ թեկնածուի օգտին կքվեարկեն։

– Նրանք փնտրում են այնպիսի մարդկանց, որոնք պատրաստ են ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն օրենքի, այլ իրենց խմբին ու ղեկավարին հավատարմության երդում տալ, ուրիշ որևէ մեկին նրանք չեն պատկերացնում: Ամենայն հավանականությամբ, իրենց նեղ շրջապատից մեկին կգտնեն, չեմ բացառում, որ նաև կարող են քաղհասարակության ներկայացուցիչներ լինեն, որոնք շարունակաբար ջատագովում են ու զբաղվում են իշխանությունների փաստաբանությամբ։ Ամեն դեպքում, շատ հետաքրքիր է, թե ում են ընտրելու։ Այս ձևը, կարելի է ասել՝ զոռբայությամբ, որով ձգտում են բոլոր տեղերում ունենալ իրենց հավատարմության երդում տված մարդկանց՝ սկսած ЖЭК-ի պետից մինչև դպրոցի տնօրեն, ուղղակի ակնհայտ է։ 

– Այդ պարագայում, տիկի՛ն Կարապետյանց, այդ կառույցների բովանդակությունն ի՞նչ է լինելու։

– Ցանկացած ինստիտուտի կայացման համար բացառիկ դերակատարություն ունի անհատը, այն մարդիկ, որոնք համալրում են այդ համակարգը, հատկապես նոր կառույցների պարագայում։ Իհարկե, ոչ ոք ցմահ չի պաշտոնավարում, բայց կառույցի կայացման հարցում շատ կարևոր է, թե ովքեր են այդ համակարգը կազմում։ Դրա վառ օրինակը Ոստիկանությունն է, այն պահից, երբ համակարգը հայտնվեց վահե ղազարյանների նման մարդկանց ձեռքին, ինքն այլևս դարձավ այն նույն գործիքը, որը եղել է Ոստիկանությունը տասնամյակներ շարունակ։ 

– Այսինքն՝ իշխանությանը նման ինստիտուտնե՞ր են պետք։

– Ես վստահ էլ չեմ, որ իշխանություններին ինստիտուտներ են պետք, ես վստահ եմ, որ իրենց բոլոր պաշտոններում յուրայիններ են անհրաժեշտ, ու իրենք պատրաստ են այդ յուրայիններին արդարացնել, սատարել, այդ սատարողների բառացիորեն հանցագործությունները կոծկել։ 

Ու երբ համեմատության մեջ ենք դնում Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելու արարքն արդարացնող վարչապետին կամ ՄԻՊ-ի թեկնածուի քննարկման ժամանակ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի լկտի պահվածքին գնահատական չտվողը, հայհոյանքներին ու բռնությանը, շիշ շպրտելուն ու մնացած նմանատիպ արարքներին գնահատական չտվող մարդուց ակնկալել, որ իրենք ցանկանում են ինստիտուտներ ունենալ, ես, անկեղծ ասած, նման տպավորություն չունեմ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am