Քաղցկեղը՝ պատերազմի դատավճիռ. Գորիսի նույն թաղամասում ապրող չորս երեխաներին պատերազմից բաժին հասավ նույն ճակատագիրը

Քաղցկեղը՝ պատերազմի դատավճիռ. Գորիսի նույն թաղամասում ապրող չորս երեխաներին պատերազմից բաժին հասավ նույն ճակատագիրը
Քաղցկեղը՝ պատերազմի դատավճիռ. Գորիսի նույն թաղամասում ապրող չորս երեխաներին պատերազմից բաժին հասավ նույն ճակատագիրը

Նրանք Գորիսի Գետափնյա թաղամասի հարևան 4 շենքերից էին:
Արցախյան պատերազմի, հրետակոծության շրջանում ծնված կամ վաղ մանկություն ունեցած չորս ընկերներ էին` Ռոբերտ Մաթևոսյանը, Էդիկ Օհանյանը և համադասարանցիներ Նարե Խաչատրյանն ու Լիլիթ Գրիգորյանը:

Նույնն էր և նրանց մահվան պատճառը… դատավճիռը՝ քաղցկեղ…

Իսկ նրանց թաղամասը հրետակոծության թիրախներից էր՝ մինչ այսօր շենքերի պատերին պահպանված բազում ակոսներով…

Սկզբում Նարեն էր… Այդ ժամանակ նա 7-րդ դասարանում էր, հիվանդ էր արդեն 2 տարի:

«Այդքա~ն քնքշանք, այդքա~ն նրբություն, այդքա~ն հմայք մի փոքրամարմին, փխրուն աղջնա՞կի մեջ… Նրա սովորելը, նրա ասմունքը, նրա շարադրությունները, նրա ձեռքի աշխատանքները,- հիշում է դրկից հարևանուհին` բուժաշխատող Եկատերինա Հայրապետյանը: – Նա ծաղիկների սիրահար էր: Տեսնել էր պետք նրա հրճվանքը, երբ խոտերի արանքում մի պստլիկ ծաղիկ էր գտնում ու կանչում. «Մա~մ, պուճուր ծաղիկը»:

«Սիրտս նորից է ճմլվում, երբ հիշում եմ, թե նա ինչպես էր ողջ մարմնով տենդագին դողում, երբ սկսվում էր հրետակոծությունը: Ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու նրա երևակայությամբ լեցուն գլխում, հենց ուղեղիկում բույն դրեց այդ հիվանդությունը, բայց չեմ կարծում նաև, թե այդ սթրեսը հենց այնպես կշրջանցեր այդ զգայուն արարածին»:

Լիլիթը«Ես Նարեի ու Լիլիթի առաջին ուսուցչուհին էի,- պատմում է Անահիտ Վարդևանյանը: – Նարեն տարիքին անհամեմատ զուսպ, խոսուն աչքերով, գերշնորհալի երեխա էր: Լիլիթը` ժպտերես, կյանքով լի, վարդագույն այտերով աղջնակ: Ես չեմ կարող ասել, թե որտեղից սկիզբ առան նրանց աղետալի հիվանդությունները, բայց որ պատերազմը խորշակեց նրանց մանկության դալար մարմին-հոգիները, փաստ է»:

Նարեն«Քանի~-քանի անգամ մեր քաղաքն ապրեց այդ դժոխային սարսափը: Իսկ արկերի տարափը մեր դպրոցի վրա: Ի~նչ կատարվեց այդ օրը. դպրոցը զինվորական հոսպիտալ էր հիշեցնում՝ երեխաներին փնտրող ծնողների, հարազատների վայնասունով, դպրոցն օղակած շտապ օգնության մեքենաներով: Դաս էր, ու հենց դասասենյակների միջով անցան անտերները…»

«Լիլիթի մոտ ամեն ինչ կայծակի պես սկսվեց,- պատմում է մայրը՝ Սաթենիկը: – Նա սկսեց գանգատվել ազդրից դեպի աճուկային շրջան տարածվող ցավերից: Ում հարցնում էի` ասում էին, որ հասունացման հետ կապված երևույթներ են… Ախտորոշումից խենթացած` առաջինն աչքիս առաջ եկավ այն պահը, թե ոնց էր մեր պատուհանից 10 մ հեռու ընկած գրադի ալիքը տան մեջ շպրտել Լիլիթին, թե հետո ո~նց էր նա ամեն մի ձայնից վեր թռչում ու ճչում…»

Երկու քույրերի միակ եղբայրը` Էդիկը (հրետակոծություններից մեկի ժամանակ արկը, 3 պանել ծակելով, մտել-անցել էր նաև նրանց բնակարանով), էլի հասունացման տարիքի շեմին, Երևանում բուժման տևական կուրս էր անցել: Ու ասել էին, որ հիվանդությունը տեղի է տվել՝ նա ապաքինվել է: Էդիկի մայրը՝ Անահիտը, ամբողջ թաղամասին մատաղ էր բաժանել:

Էդիկի հետ կապված ուրախությունը դեռ չմարսած` Ռոբերտի ռենտգենաբանական հետազոտությունից նորից ջուր մաղվեց թաղամասի վրա. պարզվեց, որ ոտքի ու աճուկային շրջանի ցավերի սրացումը մրսածության, աճման շրջանի հետ կապված փոփոխությունների հետ կապ չուներ: Էլի նույն ախտորոշումով՝ Երևան, էլի տևական կուրսեր, էլի աներևակայելի ծախսեր…

«Ախր, ես այնպես էի ուզում ապրել, ես ո՞ւմ էի ինչ արել, որ…»- սա էր Ռոբերտի տված վերջին… հարցը:

Իսկ Ռոբերտի մայրը՝ Ալվարդը, հայացքը որդու պատից կախ լուսանկարին սառած, նրա ծննդյան օրն է հիշում. «1993 թվականի հունվարի 26-ն էր: Ցուրտ, գորիսյան մառախլապատ օր էր: Առավոտ շուտ զգացի, որ շտապ պիտի հիվանդանոց հասնեմ: Իմ երրորդ հղիությունն էր: Ես երկու աղջիկ ունեի: Գորիսի բանտի կողքով անցնելիս հրետակոծություն սկսվեց: Սարսափից համարյա անգիտակից ինձ հասցրին ապաստարանում տեղավորված հիվանդանոց: Երեխաս ծնվեց մոմի լույսի, հրետակոծության դղրդյունի տակ»:

Ռոբերտին հաջորդեց արդեն… «բուժված» Էդիկը…

…Էդիկի մայրը, որդու լուսանկարը տրամադրելու մասին լսելիս, խորը մտածմունքի մեջ էր ընկել. «Թող որդուս լուսանկարը մնա միայն մեր ալբոմում, լա՞վ»:

«Եթե առաջ ընդամենը կասկածում էին, ապա հեղինակավոր ամենատարբեր կառույցների ու գիտնականների վերջին տարիների հիմնարար հետազոտությունները հաստատեցին, որ սթրեսն իրոք քաղցկեղածին լուրջ գործոն է,- ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը: – Այլևս անհերքելի գործոններից են քիմիական քաղցկեղածին նյութերի առկայությունը մթնոլորտում, միջավայրում, սննդում, ծնողների, առանձնապես` մոր օրգանիզմում»:

«Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ի՞նչ ասեմ, մի՞թե կարող է լինել ավելի զարհուրելի սթրես թե´ վերարտադրողական տարիքի, թե´ հղի կնոջ, թե´ մանկան համար: Իսկ զենքե՞րը, տարածքի աղտոտվածությո՞ւնը անհայտ քիմիական նյութերով…»

Պատերազմն այդպես էլ հիշողություն չդարձավ, եկավ, խոշտանգեց ու ծանր-ծանր մնաց…

Լենա Հովսեփյան

Գորիս

© Medialab.am


Սույն նախագիծը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Հոդվածի բովանդակության համար պատասխանատու են հոդվածի հեղինակները: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ Մեծ Բրիտանիայի կառավարության տեսակետներին: