Վտանգավոր գոտի. Ադրբեջանում աբորտներն արգելող օրենքի ընդունման դեպքում, երկրում կարող է կոռուպցիոն ընդհատակյա համակարգ ձեւավորվել

Կանանց իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագիծը, ըստ էության, հետամնաց է եւ կարող է միայն նպաստել խիստ վտանգավոր ընդհատակյա աբորտների թվաքանակի աճին:
Օրինագծի հեղինակը Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ եւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Հադի Ռաջաբլին է:
«Աշխարհի բազում երկրներում, այդ թվում`Չինաստանում, Իրանում եւ իսլամական պետություններում, հղիության արհեստական ընդհատումը մարդասպանություն է համարվում: Չծնված երեխային մոր արգանդում սպանելը չի արդարացվում հումանիտար եւ կրոնական հիմունքների տեսանկյունից: Հետեւաբար, կարծում ենք, որ նման արգելք պետք է սահմանվի Ադրբեջանում», – ասում է Ռաջաբլին:
Հղիության արհեստական ընդհատումն արգելելու վերաբերյալ օրինագիծը մշակվեց, երբ նույն գաղափարը սկսեց արծարծվել հարեւան Թուրքիայում, որը նույնպես մահմեդական աշխարհիկ պետություն է եւ սերտ մշակութային կապեր ունի Ադրբեջանի հետ:
Այսպես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է արգելել հղիության 4-րդ շաբաթից հետո արհեստական վիժեցումը:
Ադրբեջանում գործող օրենքների համաձայն`աբորտը համարվում է օրինական մինչեւ հղիության 12-րդ շաբաթը, իսկ բացառիկ հանգամանքներում, այդ թվում`աղքատության կամ ապահարզանի դեպքում, մինչեւ 22-րդ շաբաթը:

Խորհրդային տարիներին հակաբեղմնավորիչները ոչ բոլորին էին հասանելի, եւ աբորտը ծնելիության վերահսկման ամենատարածված մեթոդն էր: Ակտիվիստների պնդմամբ`իրադրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի կանանցից շատերը հակաբեղմնավորման այլ մեթոդներին շարունակում են անծանոթ մնալ:

Ադրբեջանում գործող Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան մատնանշում է մի շարք սոցիալական գործոններ, որոնք նպաստում են երկրում հղիության արհեստական ընդհատման բարձր ցուցանիշների գրանցմանը`«գործազրկություն, ցածր աշխատավարձ, աշխատանքից զրկվելու վախ, առողջապահության համակարգում տիրող կաշառակերություն, բնակարանային խնդիրներ եւ այլն»:

Ազիզովայի կարծիքով, ներկայացված օրինագիծը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ:

«Ապօրինի աբորտի դեպքեր կլինեն, որոնք կբերեն մահվան, անպտղության, զանազան հիվանդությունների եւ այլն: Այն նաեւ կնպաստի կաշառակերության աճին. հղի կանայք կկարողանան վճարել բժիշկներին, որպեսզի վերջիններս նրանց փաստաթուղթ տրամադրեն, որի համաձայն`աբորտ կատարելն անհրաժեշտ է առողջական խնդիրների պատճառով»:

Նրա խոսքերով, հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելելու դեպքում, բռնաբարությունների զոհերը եւ չամուսնացած կանայք ստիպված կլինեն բժիշկներին այնպիսի տեղեկատվություն տրամադրել, որն այլ դեպքում չէին բացահայտի:

Ադրբեջանում աբորտները հաճախ կատարվում են նաեւ երեխայի սեռի նախածննդյան ընտրության սկզբունքով, երբ ծնողները փորձում են ազատվել իգական սեռի պտղից: Այս պահին երկրում ընտրովի աբորտների պատճառով գենդերային անհավասարակշռությունը անհանգստացնող մակարադակի է հասել`112 տղայի դիմաց ընդամենը 100 աղջիկ է ծնվում (տե´ս «Հարավային Կովկաս. ընտրովի աբորտները`գենդերային անհավասարակշռության պատճառ» հոդվածը, որը լույս է տեսել 2011թ. սեպտեմբերին):

Ազիզովան նշում է, որ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի ընդունումը չի կարող նպաստել այս խնդրի լուծմանը:

«Միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանին զբաղվել ընտրովի աբորտների խնդրով, որը, ցավոք սրտի, առկա է այստեղ: Սակայն իշխանությունները որոշեցին, որ հարցը կարգավորելու ամենահեշտ ուղին արգելք սահմանելն է, որպեսզի ստիպված չլինեն այս ամենի մասին մտածել», – կարծիք է հայտնել նա:

Ադրբեջանի Կանանց իրավունքների կրթական ինստիտուտի գիտաշխատող եւ հայտնի ակտիվիստ Ուլվիյա Մամեդովան նույնպես նշում է, որ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագիծը արդյունավետ չի լինելու:

«Իրականում, այն միայն նոր խնդիրներ կառաջացնի`հաշվի առնելով կանանց սոցիալական պաշտպանության մեխանիզմների բացակայությունը եւ երիտասարդ մայրերի ցածր աշխատավարձը: Կոռուպցիան եւ առողջապահության արդյունավետ համակարգի բացակայությունը կհանգեցնեն սարսափելի բարձր գներով աբորտների կատարմանը, իսկ բժիշկներին հնարավոր չի լինի պատասխանատվության ենթարկել: Լքված երեխաների թիվը կավելանա, իսկ մայրերի մահացության ցուցանիշը կաճի», – համոզված է Մամեդովան:

Քանի որ Ադրբեջանի խորհրդարանի 135 պատգամավորներից միայն 20-ն են կանայք, իրավապաշտպան ակտիվիստներն անհանգստանում են, որ եթե Ռաջաբլիի առաջարկն արդեն օրինագծի տեսք է ստացել, ապա կանանց մտահոգող խնդիրները կարող են այդպես էլ անտեսված մնալ:

Մամեդովան կանխագուշակում է, որ խորհրդարանում օրինագծի քննարկումները դժգոհություն կառաջացնեն հասարակության շրջանում, սակայն միաժամանակ, նրա կարծիքով, բողոքի ալիքը կմարի զանազան գործոնների շնորհիվ. «այդ թվում են ինչպես բողոքի ցանկացած դրսեւորման դեմ իշխանությունների օգտագործած բյուրոկրատական մեթոդները, այնպես էլ կանանց խիստ սահմանափակ ակտիվիզմը նման հայրիշխանական հասարակությունում. կանանցից շատերն անգամ չգիտեն էլ, որ աբորտներն արգելող օրենք կարող է ընդունվել»:

Այնուամենայնիվ, աբորտն արգելող օրենքի ընդունման դեմ պայքարը կարող է չափազանց ծանր լինել`դատելով ադրբեջանական հասարակության որոշ շերտերում տիրող տրամադրություններից: Ջամիլա Մամեդովան 20-ամյա ուսանողուհի է եւ կտրականապես դեմ է աբորտներին:

«Հղիության արհեստական ընդհատումը սարսափելի մեղք է: Չեմ կարծում, թե այս օրենքը որեւէ կերպ հակասում է մեր ավանդույթներին ու սովորույթներին», – ասում է նա:

Ադրբեջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականություն է դավանում, կրոնական սկզբունքները նույնպես ազդում են մարդկանց աշխարհայացքի ձեւավորման վրա:

Բաքվի «Ուրբաթ» մզկիթի իմամ եւ Խղճի ու դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Հաջի Իլգար Իբրահիմօղլուն նշում է, որ Իսլամն արգելում է հղիության արհեստական ընդհատումը, սակայն նա կարծում է, որ խնդիրը պետք է լուծել ոչ օրենսդրական փոփոխությունների, այլ համապատասխան կրթության եւ առավել բարձր մակարդակի սոցիալական ապահովության միջոցով:

«Մեր երկրի նման պետություններում, արգելքներն անարդյունավետ են եւ հաճախ ճիշտ հակառակ արդյունքն են ունենում: Սա կնպաստի կոռուպցիայի նկատմամբ առավել մեծ հանդուրժողականությանը, հղիության արհեստական ընդհատման տարրական մեթոդների կիրառման դեպքերի աճին, եւ դրամաշորթությամբ ուղեկցվող աբորտների ընդհատակյա համակարգի ձեւավորմանը», – նշում է Հաջի Իլգար Իբրահիմօղլուն:

Ալիյա Հախվերդի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net