«Հաճելի է լսել ԵՄ անդամ դառնալու մասին, բայց ԵՄ-ին միանալու որևէ գործընթաց չկա, ընդամենը կենացներ են». Մեսրոպ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, վերջին օրերին հատկապես շատ են Ռուսաստանից հնչող հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ասում են, որ որևէ խնդիր չկա, որ տնտեսապես մենք վնասներ չենք կրի: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տնտեսական ռիսկեր են սպասելու Հայաստանին, եթե բանը հասնի նրան, որ Հայաստանի իշխանությունները որոշեն լքել ԵԱՏՄ-ն:

– Սա Հայաստանի իշխանությունների հերթական հեքիաթն է «Կիկոսի մահի» տրամաբանությամբ. որևէ քննարկում, հեռանկար Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով չկան, ու տեսանելի ապագայում չեմ էլ պատկերացնում, որ կարող են լինել: Այս ֆոնին անընդհատ քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵՄ մտնելու հարցն ուղղակի անլուրջ է, դա ընդամենը կարող է լինել փորձագիտական կամ սիրողական մակարդակի քննարկում կամ վերլուծություն, բայց երբ սա դարձնում են պետական մակարդակով քննարկում, ուղղակի զարմանք է առաջացնում: 

Ֆիքսենք, որ, օրինակ՝ Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք անդամակցել են ԵՄ-ին, այդ գործընթացն անցել են 20 տարում, ու Հայաստանն այս պահին՝ մոտ 10 տարուց ավելի է, ունի ստորագրված ասոցացման համաձայնագիր, որի կետերը որ Հայաստանը պարտավորվել է անել, դրանց մեծ մասը կատարված չէ, այսինքն՝ խոսել ԵՄ անդամակցության մասին ուղղակի անլուրջ է: 

Ես դեռ խոսում եմ միայն ֆորմալ գործընթացի մասին, աշխարհաքաղաքական ներկայիս վիճակներին չեմ էլ անդրադառնում, այսինք՝ ստանդարտ պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում ԵՄ անդամ դառնալու որևիցե շանս չունի: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ ԵՄ անդամակցությունը ենթադրում է նաև տարածքային ընդլայնում, այսինքն՝ հնարավոր չէ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ու ԵՄ-ի և Հայաստանի արանքի երկրները, այսպես ասած, չգան, մասնավորապես Թուրքիան է տասնամյակներով սպասում, Վրաստանը, վերջին տարիներին տեսանք, որ ամբողջովին այդ ընկալումը փոխվեց, Ուկրաինան, որը վերջին տարիներին ոգևորված գնում էր, էլի այդ գործընթացը կանգնել է: 

Հետևաբար Հայաստանը նաև տարածքային առումով ԵՄ անդամ դառնալու ամենավերջին շանսը ունի: 

Այս տեսանկյունից այս պահին դնել ու քննարկել, որ ԵԱՏՄ-ից դուրս կգանք, ուղղակի անհասկանալի քաղաքական վարքագիծ է: Այսինքն՝ որևէ խնդիր չլինելու դեպքում էլ Հայաստանի իշխանությունները մեր գլխին խնդիրներ են ստեղծում: 

Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, քանի որ ես նշեցի ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ժամկետները, այս պահին անշնորհակալ գործ է տնտեսական տեսանկյունից քննարկել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, ու ԵԱՏՄ-ից դուրս գալը ի՛նչ ռիսկեր է պարունակում: Իսկ եթե տեսականորեն ասենք, որ Հայաստանը կարող է հաջորդ տարի դառնալ ԵՄ անդամ, բնական է, որ ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունները հաշվի առնելով, մեր տնտեսությունը էական փոփոխությունների կենթարկվի, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ արտահանումն ու նաև ներմուծումը Ռուսաստանից, արտաքին առևտրի մասով, այդտեղ գործում է առանց լրացուցիչ մաքսերի ռեժիմի՝ ի տարբերություն երրորդ երկրների, ու փաստացի այդ ժամանակ մենք ոչ միայն գազի մասին պետք է խոսենք, այլև ցանկացած ապրանքի, պարենամթերքի ներմուծումը թանկանալու է, ինչը հիմա տեղի է ունենում երրորդ երկրներից ներմուծման պարագայում: 

Այս պարագայում էլ, երբ մենք ԵԱՏՄ անդամ ենք, նույն ԵՄ-ից կամ ասիական երկրներից երբ ապրանք ենք ներմուծում, բավականին թանկ է դարձել, այսինքն՝ երբ դու մեկ մաքսային միության անդամ ես, այդտեղ ներմուծումն ու արտահանումը զրոյական դրույքաչափով են, իսկ արդեն երրորդ երկրներից ներմուծումը դառնում է բավականին թանկ: Էլ չեմ ասում բազմաթիվ ստանդարտների մասին, որոնց փոփոխությանը Հայաստանի տնտեսությունը այսօր պատրաստ չէ: 

Ավելի կարճ եթե ասեմ, ապա եթե Հայաստանը տեսականորեն դառնա ԵՄ անդամ, այդ պահին Հայաստանը բոլորովին այլ երկիր է լինելու, այսինքն՝ մենք մինչև ԵՄ անդամ դառնալը բոլորովին այլ տնտեսություն պետք է ունենանք, իսկ նման տնտեսություն ունենալու դեպքում մեր հնարավորություններն արդեն ևս ավելանալու են: 

Այսօրվա Հայաստանի մասին եթե խոսում ենք, այո՛, ռիսկերը բավականին մեծ են, բայց այսօրվա Հայաստանը որևէ առնչություն չունի ԵՄ-ի հետ, հետևաբար շատ դժվար է այսօրվա տնտեսական ռիսկերը պրոյեկտել տեսականորեն ԵՄ անդամ Հայաստանի հետ:

– Եթե ասում եք, որ ԵՄ անդամ դառնալը նվազագույնը տասնամյակների խնդիր է, ապա ի՞նչ նպատակով են հիմա նման քննարկումներ դաշտ նետվում:

– Բացառապես քաղաքական նպատակ ունի, իհարկե շատ հաճելի է լսել ԵՄ անդամ դառնալու մասին, ու այս վերջին տարիներին նաև Եվրոպայի հակառուսական քաղաքականության շրջանակներում Հայաստանի իշխանությունները նաև այդ գիծն են տանում՝ փորձելով հաճոյանալ ԵՄ-ին: Կրկնում եմ՝ ԵՄ-ին միանալու որևէ գործընթաց չկա, ընդամենը կենացներ են: Այն, որ Հայաստանը ԵՄ ընտանիքի մաս է կազմում, ակնհայտ է, մենք Եվրոպայի հետ զարգացման բազմաթիվ հնարավորություններ ունենք առկա այս պահին ու որպես պետություն կարիք կա դեռ դրանց ուղղությամբ աշխատանք տանել, ապա նոր մտածել անդամակցության մասին: 

– Պարո՛ն Առաքելյան, «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման վերաբերյալ էլ են խոսում, որ կարող է Ռուսաստանը չլինի, տրվի երրորդ երկրի, այս խոսակցությունը և՞ս ժամանակավրեպ եք համարում:

– Այս պահին ես արդեն մշուշոտ եմ տեսնում նույն այդ ԹՐԻՓ-ի կառուցումը, որովհետև ԱՄՆ-Իրան հակամարտությունը բոլորովին այլ տարածաշրջան է ստեղծել, ու անկախ պատերազմի ելքից՝ կարճաժամկետ հատվածում ԹՐԻՓ-ը նույնպես մեծ ռիսկեր է պարունակում, ու սրա շրջանակում նաև այդ երկաթուղու ընդլայնումը ևս բավականին խնդրահարույց է ու անհասկանալի, թե ո՛ր ուղղությամբ է գնալու: 

Այսօր երկաթուղու կառավարման փոփոխության համար որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ երկաթուղին զարգացման մեծ պոտենցիալ ու անհրաժեշտություն ունի, ակնհայտ է, ու շատ կարևոր է, որ ռուս գործընկերների հետ շատ քննարկեն առկա իրավիճակի բարելավման ու զարգացման հարցերը, քան քննարկման նյութ դարձնեն անիրատեսական ու անհեռանկար որոշումները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am