Փաշինյանը, տիրապետելով պետական ահռելի ռեսուրսներին, վերարտադրվում է, ու ավելի աբսուրդային իրավիճակներ ենք տեսնելու․ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարել է, թե խնդրահարույց ոչինչ չկա այն բանում, որ ԱԱԾ աշխատակիցն իր վերահսկողության տակ գտնվող ինչ-որ նյութ հրապարակային դարձնի: Հիշեցնեմ, որ օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքից արված տեսագրություն էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս լքել Հայաստանը: Փաշինյանի հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Մանր հանցագործություն է արել ու փորձում է արդարացնել, ինչը բնական է, սովորաբար մարդն իր մեղավորությունը չի ընդունում ու փորձում է արդարանալ, նույնը Փաշինյանի պարագայում է: ԱԱԾ-ն իրավունք չունի նման բան անելու, Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ մարդու անձնական ու այլ իրավունքներ պաշտպանված են, գոյություն ունեն տեղեկություններ, որոնք գաղտնի են, բայց երկրի վարչապետն ասում է, որ ԱԱԾ-ն իրավունք ունի հանրայնացնելու, ի՛նչ խնդիր կա: 

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը բոլոր ինստիտուտների գործառույթները սկսում է յուրացնել, հենց հիմա իշխանության ուզուրպացիա է տեղի ունենում: Հիմա ԱԱԾ-ի գործառույթներն է յուրացնում, ինքն է որոշում՝ ինչ է կարելի, ինչ չէ՝ անկախ նրանից, թե օրենքում ինչ է գրված: Ընտրությունների հաջորդ գիշերն էլ ԿԸՀ-ի գործառույթը յուրացրեց՝ հայտարարելով, թե հաղթել է, մինչդեռ քվեարկության ամբողջ պատկերը դեռ պարզ չէր: Հիշում ենք, թե դատարանների ու դատավորների մասով ինչ արեց, Կառավարության, Ազգային ժողովի մասով էլ ասելու բան չկա՝ որոշումները միանձնյա ինքն է կայացնում: Ամբողջությամբ իշխանության ուզուրպացիա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ դա հանցագործություն է: 

– Պետության համար հնարավոր ի՞նչ հետևանքներ են առաջացնելու նման հայտարարությունները, գործողությունները:

– Նայած, թե ինչ պետություն ենք մենք ուզում: Եթե ուզում ենք նորմալ, իրավական պետություն, ապա այս քայլերը ոչ միայն չեն նպաստում դրան, այլ նաև ամբողջությամբ ձախողման են տանում: Եթե արևելյան-ամբողջատիրական պետություն՝ շատ գծած, իդեալական գնում է ամեն ինչ, դառնում ենք Ադրբեջան կամ Ռուսաստան: Նիկոլ Փաշինյանն էլ մոտավորապես նման պետություն է սարքում, որտեղ ինքը ճիշտ է, մյուս բոլոր մարդիկ՝ սխալ: 

Նիկոլ Փաշինյանը, տիրապետելով պետական ահռելի ռեսուրսների, վերարտադրվում է, ու գնալով էլ ավելի աբսուրդային հայտարարություններ ու իրավիճակներ ենք տեսնելու: Այս ամենի դեմն առնել է պետք, իսկ դա կարող է անել Հայաստանի քաղաքացին, բայց դա լինելու է, ցավոք սրտի, ոչ ընտրությունների միջոցով, որովհետև Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, դա մեր ընտրական ու քաղաքական համակարգի մեծագույն թերությունն է: Մենք հիմա ավտորիտար ռեժիմում ենք գտնվում: 

– Պարո՛ն Սահակյան, իսկ նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ հանրությունը կարող է իրավիճակը փոխել:

– Այո՛, իհարկե, որովհետև Հայաստանի տերը հայ ժողովուրդն է: Մենք պետք է որոշում կայացնենք՝ կա՛մ Փաշինյանին թողնում ենք անի այն, ինչ ուզում է, կա՛մ՝ ձեռքից վերցնում ենք իշխանությունը: Հիմա կատարվողն էլ նրա համար է, որ հանրությունը իր ուժերը չկենտրոնացնի, բայց ամեն բան սահման ունի, մի տեղից դա պայթելու է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am