«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
– Պարո՛ն Պարսյան, ադրբեջանական կողմի տվյալներով այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ինչը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։ Թվային այս տվյալներն ինչի՞ մասին են խոսում:
– Անցած տարվա դեկտեմբերից սկսվեց Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառության գործընթացը, ու կարող ենք արձանագրել, որ դա արհեստականորեն խթանվեց հայկական կողմի նախաձեռնությամբ, որովհետև ադրբեջանական կողմը հիմնականում խոսում էր տարանցման մասին, իսկ հայկական կողմը փորձում էր ցույց տալ, թե մենք ունենք նաև փոխադարձ առևտուր, ու նույնիսկ մի քանի գործարքներ այդպես իրականացրին՝ դիզվառելիքի ներկրումն ապահովեցին, ցույց տալով, թե մենք առևտուր ենք սկսել ու արդեն խաղաղության ժամանակաշրջանում ենք ապրում: Այսինքն՝ սրանք ավելի շատ քաղաքական ակցիաներ էին, որոնց նպատակն էր հանրությանը այդ ազդակը փոխանցել:
Այս տարվա ընթացքում ևս այդ գործարքները շարունակվեցին, որովհետև նախընտրական տարի էր, ու այս տարի մոտ 17 միլիոն դոլարի չափով ապրանք է ներկրվել Հայաստան, դա հիմնականում եղել է դիզելային վառելիք: Այս գործարքների հիմքում եղել է հանրային վստահության հանգամանքը ու այն, որ ցույց տրվի, թե Ադրբեջանի հետ առևտուր ու խաղաղություն են լինելու: Սա, անշուշտ, իր ազդեցությունը թողել է հանրության վրա, նույնիսկ կարծիքներ էին առաջացել, որ Ադրբեջանից դիզվառելիքի ներկրման շնորհիվ Հայաստանում բենզինի գինն է նվազել, ինչը քիչ հավանական էր՝ հաշվի առնելով փոքր քանակությամբ ներկրումը, ինչը չէր կարող այդ ազդեցությունը թողնել այդ կարճ ժամանակում:
Պետք է նշեմ, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանրային դաշտում այդ ազդակների կարիքը չուներ, նրա համար տարանցումը կամ առևտուրը հիմնականում հետապնդում է արտաքին նպատակ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի 907 բանաձևի մասով: Այս գործարքներով ադրբեջանական կողմը, ըստ էության, մեկ տարով կասեցրեց այդ բանաձևի կիրառումն իր նկատմամբ ու նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական փաստաթղթեր կնքեց:
Իսկ ներքին դաշտում նրանք որևէ խնդիր չունեին լուծելու, որ Հայաստանից ներկրում իրականացնեին, հաշվի առնելով վերջին 30 տարիների նրանց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նրանց համար դժվար էլ կլինի Հայաստանից ինչ-որ բան ներկրել ու սպառել ներքին շուկայում: Հայկական կողմը փորձել էր այս ընթացքում տարբեր ապրանքներ առաջարկել ադրբեջանական կողմին, բայց ադրբեջանական կողմը որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերել:
– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հույսը, թե շուտով Հայաստանից արտահանում կիրականացվի Ադրբեջան, մոտ ապագայում գոնե իրատեսական չէ՞:
– Դա կախված է Ադրբեջանի արտաքին քաղաքականության դասավորվածությունից ու նաև Հայաստանի ներքին քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը խնդիր չունենա այդ քայլով դրսում որևէ հարց լուծելու, ապա այդ քայլն անելու կարիք ընդհանրապես չի ունենա: Իր ներքին լսարանում նա պետք է փորձի նաև բացատրել դա, ինչը Ադրբեջանի համար անցանկալի է:
Հայկական կողմն առաջարկել էր էլեկտրաէներգիա մատակարարել, նրանք անգամ դրանից էին հրաժարվել, այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ առևտրի, սերտ տնտեսական կապեր հաստատելու մեծ ցանկություն չունի այս պահին, նրանք կասկածամտությամբ են այս հարցին մոտենում ու այս ամենի հիմքում քաղաքական հաշվարկներ են դնում: Մենք փորձում ենք սա ներկայացնել իբրև տնտեսական գործընթաց, բայց Ադրբեջանի համար դա երկարաժամկետ քաղաքական նպատակ է հետապնդում:
– «Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պարո՛ն Պարսյան: Ձեր մասնագիտական մեկնաբանությունը կխնդրեմ այս հայտարարության վերաբերյալ:
– Նրա հայտարարություններն այս մասով մի փոքր չափազանցված են, որովհետև նույն Ադրբեջանն ինքը չի կարողանում իր վառելիքի պահանջարկն ամբողջ ծավալով ապահովել՝ մասնավորապես բենզինի ու հեղուկ գազի մասով, ներկրում է Ռուսաստանից, արաբական և այլ երկրներից: Դիզելի մասով Ադրբեջանի արտադրական կարողությունները բավականին հզոր են ու տարեկան մոտավորապես 700 000 տոննա արտահանում է, այս մասով կարող է Հայաստանին այլընտրանք առաջարկել, բայց ընդհանուր վառելիքի մասով նա այդ կարողությունները չունի:
Հիշեցնեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում ու դրանից առաջ Հայաստանը վառելիքը ստացել է հենց Բաքվից, բայց հիմա իրավիճակն այլ է՝ նավթի պաշարների հետ կապված խնդիր կա, Ադրբեջանում սպառման ծավալներն են աճել և այլն:
Հայաստանի պարագայում մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը ընդհանրապես անտրամաբանական կլինի, այսինքն՝ հայկական կողմը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր ներկրումները, ոչ թե ամբողջությամբ հրաժարվել ռուսականից ու ամբողջությամբ սկսի ներկրել, օրինակ՝ ադրբեջանական դիզվառելիք: Հայաստանի համար ճիշտ ու արդյունավետ կլինի դիվերսիֆիկացումը, այլ ոչ թե ամեն գնով ցույց տան, թե Ադրբեջանի հետ առևտուր են անում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab

















