«Որքանո՞վ է ճիշտ հղում անել օրենքի այդ հոդվածին և դրանով արդարացնել բավական ցոփ ու շվայտ քայլը». Զարուհի Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, համացանցում քննարկվում է վարչապետի դստեր համար բյուջեից գնված 27.000 դոլար արժողությամբ մեքենան։ Մարդիկ նշում են, որ վարչապետը մեզ բոլորիս կոչ է անում առողջ ապրելակերպով ապրել, հեծանիվ վարել, իսկ ինքը դստեր համար մեծ շռայլություն է թույլ տվել և մեքենա է վերցրել բյուջեի հաշվին։ Հիմնավորվում է, որ դա արվում է օրենքով սահմանված կարգով։ Համոզի՞չ է պարզաբանումը մեքենայի ձեռքբերման հետ կապված։

– Այդ օրենքն ընդունվել է 2003-ի դեկտեմբերին և 6.1 հոդված չի ունեցել, իսկ 6-րդ հոդվածը վերաբերել է ՀՀ նախագահի պետական պաշտպանությանը։ 

6.1 հոդվածը ավելացվել է 2018-ի մայիսին, երբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը փոփոխվել, լրացվել է։ Մենք շատ լավ գիտենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն ուղղված օրենքներ էին մշակվում, և այդ նախապատրաստությունն ազդել է նաև այդ օրենքի վրա, որում ավելացվել է 6.1 հոդվածը, որն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի պետական պաշտպանությանը, այն դեպքում, երբ 2003-ին ընդունված օրենքում դա չի եղել։ 

Այն, որ հեղափոխությունը հասունացավ նաև նմանատիպ օրենսդրական փոփոխությունների պատճառով, փաստ է, որովհետև մերժվել է Սերժ Սարգսյանն իր այդ ամբողջ համակարգով։ 

Հիմա որքանո՞վ է ճիշտ հղում անել օրենքի այդ հոդվածին և դրանով արդարացնել բավական ցոփ ու շվայտ քայլը։ 

Միգուցե երբ վարչապետն իրեն համեմատում է այլ երկրների ղեկավարների հետ, հնարավոր է, որ այդպես է, բայց երկրի տնտեսությունը պետք է թելադրի, թե ի՛նչ է անում վարչապետը կամ ումի՛ց է պաշտպանում իր ընտանիքի անդամներին։

Այս օրենքով հստակ սահմանված չէ, թե ինչ է ներկայացնում վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պաշտպանության տրամադրումը։ Արդյոք դա առանձնատուն է, արդյոք դա թիկնազոր է։ Այսինքն՝ շատ լայն մեկնաբանության տեղ է տալիս։ 

– Մարիամ Փաշինյանը ևս անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ իր համար էլ դժվար էր նման որոշման գալը, այնուամենայնիվ, դա իր անվտանգության համար է, և որ սա իրենը չի լինելու, պետությանն է պատկանում մեքենան։

– Դե, կներեք, Սերժ Սարգսյանին էլ առանձնատունը չի մնացել, այլ այնտեղ է տեղափոխվել Նիկոլ Փաշինյանը, ինչից, ի դեպ, կարող էր նաև հրաժարվել, օրենքի դրույթով դա սահմանափակել։ 

Այստեղ խնդիրն այն չէ, թե ի՛նչ է կարելի օրենքով, ի՛նչ՝ չի կարելի։ Խնդիրն այն է, թե ի՛նչ է մարդ իրեն թույլ տալիս, և արդյոք դա համապատասխանո՞ւմ է այն կոչերին, այն արժեհամակարգին, որով եկել է իշխանության։ Դա՛ է խնդիրը։ Դա՛ պետք է կարողանան բացատրել, և դա նաև երեխաների համար է վատ։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, հիմա, երբ իշխանության յուրաքանչյուր քայլ վերահսկվում է հասարակության կողմից, ինչո՞ւ է իշխանությունը նման քայլի դիմում։ Այդ հաշվարկները չե՞ն արվում, թե՞ մտածում են՝ քանի որ մենք կոռուպցիայի մեջ չկանք, չենք թալանում երկիրը, մեզ կարող ենք այսպիսի բան թույլ տալ։

– Ես հաշվարկների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև երբ մարդը ընդդիմադրից դառնում է իշխանություն, միգուցե հայացքները ևս փոխվում են։ Այն, ինչ անձը կարող էր քննադատել և մերժել, հիմա չի ցանկանում մերժել, հակառակը՝ կհամարի, որ դա իշխանության ատրիբուտ է և պետք է կիրառվի։ 

Բայց ես կարծում եմ, որ հարցը պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ ամեն պահ այդ մարդիկ պետք է իրենց հարց տան, թե ի՛նչ կոչերով և ինչպիսի հռետորաբանությամբ են եկել այս դիրքին։ Ի՛նչն են մերժել, և ինչի՛ համար էին այս բոլոր փոփոխությունները։ 

Կոռուպցիան միայն ծածուկ գումար վերցնելը չէ, կոռուպցիան նաև տարբեր լծակներ օգտագործելն է, նաև տարբեր բացերից օգտվելն է, բյուջեի առաջնահերթությունները չդիտարկելն է։ 

Հիմա ի՛նչն ենք մենք առաջնահերթ դիտարկում՝ սահմանամերձ գոտում ապրող երեխաների անվտանգությո՞ւնը, թե՞ քեզ համար մտացածին քո երեխայի անվտանգությունը, որը, կարծում եմ՝ հայաստանյան համատեքստում այնքան էլ ակտուալ չէ, որևէ բան չի հուշում, որ անվտանգության խնդիր կարող է լինել։

Մանե Հարությունյան

MediaLab.am