Ծննդատուն գնալուց առաջ կարևորը խավիծը չէ կամ՝ տողի ընդլայնված տարբերակը

Ծննդատուն գնալուց առաջ կարևորը խավիծը չէ կամ՝ տողի ընդլայնված տարբերակը
Ծննդատուն գնալուց առաջ կարևորը խավիծը չէ կամ՝ տողի ընդլայնված տարբերակը

Մեր ազգային լարերի մեջ մի քանի լար կա, որոնց զգայնության շեմը մյուսների համեմատ շատ ցածր է, այսինք՝ շատ զգայուն ենք։ Այդ լարերից մեկը երեխաներն են։

Ինչը, իհարկե, չի նշանակում, որ երեխաների ձևավորման ու կայացման հարցում մենք ճիշտ ենք ապրում, բայցևայնպես, ունենք երեխաների հանդեպ հոգատարության մի հաստատված կանոնադրություն, որի մի կետն ազդարարում է՝ «ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում»։

Այս արտահայտությունը հումորի, հեգնանքի, ինքնաքննադատության տեսքով արդեն շատ վաղուց հնչում է գրականության, մանրապատումների տեսքով։ Մենք, իհարկե, շարունակում ենք ամեն ինչի հիմքում դնել երեխաների բարեկեցության «հանուն»-ը։ Բայց երեկ հնչած լուրի առաջին րոպեների ծանր ու միանշանակ ցնցող ընկալումից հետո ճյուղավորվում է «եթե-ապա»- ների շարքը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «…սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն…»:

Քանի որ իրավական մասով որևէ տվյալ ունենալ չեմ կարող և առհասարակ հերքել կամ ապացուցել որևէ բան իրավասու չեմ և չունեմ դրա համար որևէ փաստ, ուստի որպես հանրապետության խնդիրները, հասարակության խնդիրներն իմացող մարդ ու լրագրող ուզում եմ տեսնել տողի ընդլայնված տարբերակը։

Սոցիալական խնդիրը ենթադրում է, որ չկա փող, չկա բնակարանային պայման երեխային խնամելու համար։ Անձնական խնդիրը ենթադրում է՝ ամուսինը համաձայն չէ երեխա ունենալու մտքի հետ, կամ տղամարդը՝ երեխայի կենսաբանական հայրը, կնոջ ամուսինը չէ, և շրջապատի համար անընդունելի իրավիճակ է, և կինը եկել է ընդհատելու հղիությունը։

Նրան «առաջարկել» են չընդհատել, հասցնել ծննդաբերության, ապա տալ որդեգրման համաձայնություն։ Սրա դիմաց, ըստ տրամաբանության՝ հավանաբար առաջարկվել է գումար։ Կինը տվել է համաձայնություն։ Որդեգրման հաջորդ քայլերում տեղի ունեցած օրենքի խախտումները այս դեպքում իրենց մեջ կրում են միայն որդեգրման օրենքի խախտում և կոռուպցիոն մեղադրանքներ։

Մենք, համացանցում լուրը տարածելիս մեկնաբանություններ անելով, սրա մեջ առաջին հերթին դնում ենք բարոյական ծանր մեղադրանք ու սոսկում տեղի ունեցածի բարոյական կողմից։

Կինը կարող է հետագայում զղջալ իր տված համաձայնության համար, վախենալ հասարակության մեղադրանքից, շրջապատի կողմից քարկոծվելուց, խղճի խայթից, անգամ մղձավանջային երազներից։ Բայց հրաժարում ու որդեգրման համաձայնություն տվող կանայք ամենայն հավանականությամբ սեռահասուն են եղել, որովհետև այդ մասին որևէ տվյալ հաղորդագրության մեջ չի նշվում, դա այլ, ծանր հոդված է։

Եթե կինը ստորագրել է երեխայից հրաժարման ու որդեգրման իրավունքի համաձայնություն, ուրեմն այն, ինչից մենք սոսկում ենք՝ երեխաների գողություն, այս դեպքում չկա։

Հաղորդագրության մյուս տողի՝ «հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով» բառակապակցության ընդլայնված ընթերցումն ասում է, որ հղիություն տանող կինը որպես անձ ունի անձնային աճի որոշակի խնդիր, քանի որ հասուն ու ձևավորված մարդուն հնարավոր չէ սպառնալ հղիության փաստը բարձրաձայնելով, որովհետև գոնե կարելի էր հակադարձել, ասելով բժշկին, որ այսօր ևեթ կդիմի ոստիկանություն ու կհայտնի սպառնալիքի մասին, ինչը բժշկական գաղտնիքի պահպանման ոտնահարում է, նաև երեխայի հրաժարում-որդեգրում առաջարկի մասին։ Բայց այստեղ առաջ է գալիս մի միզանսցեն, որի գոյությունը մենք՝ սոսկումով լուրը տարածողներս ու մեկնաբանողներս, այս մղձավանջի մեջ, մի տեսակ տեղի ունեցածի սրությունը չստվերելու համար անտեսում ենք։

Կինը անպաշտպան էր սոցիալապես, անպաշտպան էր սեփական ընտանիքում՝ հակառակ դեպքում կարող էր աջակցություն ակնկալել ավելի փարձառու ու իմաստնացած մոր կամ հոր կողմից, եղբոր կամ քրոջ, ընկերների կողմից։ Անգամ լուրջ պահին պիտանի ընկեր ունենալը մարդու հասունության ցուցանիշ է, նաև՝ ընկերության հասունության ցուցանիշ։ Չկա այդպիսի բան. հղիությունը անձնական ու սոցիալական խնդիրներով ընդհատելու եկած կինը չի գտել աջակցություն հարազատների միջավայրում։

Մի պատճառով՝ հարազատները վախենում են շրջապատից։ Շրջապատը կարող է լինել, տգետ, տհաս, ագրեսիվ, բայց տհաս, տգետ, ագրեսիվ շրջապատից հղիության ընդհատման գնացող երիտասարդ կնոջ ընտանիքը վախենում է, որովհետև իրենցից մեկն էլ ինքն է։ Պետությունը դեռ չունի այդպիսի իրավիճակում հայտնված կանանց պաշտպանելու մեխանիզմ։

Դեռ նոր են սկսել գործել դրանով զբաղվող հասարակական կազմակերպությունները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը, իհարկե, անում է քայլեր, բայց դեռ ոչ այնքան ու ոչ այնքան վաղուց, որ հեռավոր մարզից եկած անպաշտպան կինն իմանա դրանց գոյության մասին։

Այսպիսով, ազգային անվտանգության ծառայության հաղորդագրոթյան մեջ իհարկե չի կարող լինել կետ այն մասին, թե հղիության ընդհատման եկած ու բժիշկների անօրինական առաջարկների հանդիպած կինը անպաշտպան է եղել հայրական ընտանիքում, ամուսնու ընտանիքում, շրջապատում, ու ինքն էլ, արդեն մեկ այլ երկարատև բաց թողած ոլորտի՝ կրթության բացթողնման պատճառով չունի իր կենսաբանական տարիքին համապատասխան հասունություն և հայտնվել է ծուղակի մեջ, բայց տողի ընդլայնված ընթերցման դեպքում սա կարելի է կարդալ։

Հաջորդ տողը նորածնի հիվանդությունը չափազանցելն էր։ Նշված պատճառներին գումարենք այն, որ անգամ բարձրագույն կրթություն չպահանջող, ֆիզիկական աշխատանքի դեպքում կինը չի կարողանա ապահովել իր ու երեխայի նվազագույն պահանջները, ուր մնաց լուրջ հիվանդություն ունեցող երեխայի, երբ դեղի մեկ սրվակը հազար դոլար կարող է արժենալ կամ՝ թեկուզ 50 հազար դրամ։

Երբ անվասայլակը մեծ շքեղություն կլինի, երբ, ենթադրենք, աուտիկ երեխային հատուկ խնամքի տարածքներում թողնելու հնարավորություն չի ունենա հեռավոր կամ մոտ մարզից եկած կինը կամ թեկուզ Երևանի կենտրոնում ապրողը։ Ուրեմն, տողի ընդլայնված ընթերցման դեպքում այսօր այս հաղորդագրության հետքերով նորից թանկ կոստյումների մեջ ապրող պետական այրերը, երբ ծանր հոգոց հանեցին քննարկվող հաղորդագրության հետ կապված, իրենք ևս մեղքի բաժին ունեցել են նախորդ երեք տասնամյակում և ունեն հիմա, որ կինը վախենում է հիվանդ երեխայից։

Իսկ կինը վախենում է, իհարկե, ոչ միայն գումար չունենալուց, այլ նաև իր հիվանդ ծնվելիք երեխայի հորական պապից, տատից, ամուսնուց, բարեկամներից, առավոտյան իրենց տուն սուրճի եկող հարևանուհիներից։ Այնպես որ, երբ շատ վատ բան արած բժիշկների մասին կարդում եք ու «մեղայաստծու» հնչեցնում, նեղություն քաշեք հիշել, որ դուք նույնպես մեղավոր եք, որ ջահել կինը վախեցել է հիվանդ երեխա ունենալուց ու հրաժարվել է։

Իսկ թե ոնց են քնում գիշերը բժիշկները, որոնք կարող են խաբել ծննդկանին, թե երեխան հիվանդ է, որ մայրը հրաժարվի, ու իրենք փող աշխատեն, դա իրենք կիմանան։

«Հակել որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից» արտահայտությունը մի քանի էջանոց բացատրության կարիք ունի ու շատ ակվարելային աղոտություն ունի իր մեջ։

Այնուհետ՝ արտաքին գործերի նախարարությունը,իտալացիների որդեգրած ու Իտալիա տեղափոխված երեխաների հետագա կեցության որակով որքանո՞վ է հետաքրքրվել, արդյոք պահանջվող պարբերականությամբ հետամո՞ւտ է եղել որդեգրված երեխաների կյանքի մասին տեղեկություններ ունենալու։

Արդյոք եղե՞լ են այցեր, եթե ոչ, ապա՝ ինչո՛ւ, կուզեինք իմանալ, քանի որ բժիշկների միանշանակ որևէ արդարացում չունեցող արարքից հետո գալիս է այս հարցը՝ ո՞ւր են մեր երեխաները, ինչպե՞ս են ապրել, ի՞նչ կյանքով՝ դուք ի պաշտոնե հետևե՞լ եք։

Այսօր թեմային վերաբերող՝ մամուլում հրապարակված նյութերը նայելիս, իրար հետ կապ չունեցող տարբեր մայրեր, որոնք կասկած ունեն, որ իրենց երեխաներն էլ են այդ որդեգրվածների թվում, հիշելով իրենց ծննդաբերության օրը ասում են՝ «չեմ հիշում բժշկի անունը, տղամարդ էր» կամ «անունը չեմ հիշում, ուշ ժամ էր», «ինձ դեղ էին տվել՝ աղոտ եմ հիշում»։

Անկեղծ ասած, որպես ամենաշարքային մայր, երեխաներ ունեցած կին, գիշերվա չորսին ծննդաբերած, դեղերի ազդեցության տակ եղած, քսան տարի անց էլ ես կարող եմ անուններով ասել ծնարանի այդ գիշերվա հերթապահի անուն-ազգանունը, ծնունդն ընդունող բժշկի անունը, մանկաբարձուհու անունը, էխոգրաֆիկ հետազոտությունն անող կնոջ անունը, սանիտարներից երկուսի անունը, նկարագրել ամբողջ ծնարանի տեսքը, սանիտարահիգիենիկ մակարդակը, ինձ ներարկած դեղի անունը, որովհետև հընթացս հարցրել եմ, ու բժիշկը տեսնելով քո՝ գիտակից ծննդկան լինելը, քեզ վերաբերվում է համապատասխանաբար։

Ահա նաև այս։ Բնավ պարտադիր չէ ունենալ որևէ բարձրագույն կրթություն, որ հիշեք ձեր ծնունդն ընդունող բժիշկների անունները, պարտադիր չէ ասել «նեոնատոլոգիա», բավարար է ասել «մանկական բաժանմունք» ու իմանալ՝ կոնկրետ ո՛վ էր օրվա բժիշկը, պարտադիր չէ լինել ֆարմացևտ, բավարար է հարցնել՝ ի՛նչ են քեզ ներարկում, եթե որևէ անվստահություն ունեք, գոնե այդքանը։

Դուք ինքներդ էլ եք պարտավոր ապահովել ձեր ամբողջականությունը, ավելի ճիշտ՝ նախ դուք եք պարտավոր դա անել, հետո նոր նույնը պահանջել հիպոկրատյան ու այլ երդումներ տվածներից։ Երեխա ունենալու օրվա մեջ կարևորեք ձեր հասուն լինելն ու որպես մայր ձեր նվազագույն, պարտադիր, անհրաժեշտ գրագիտությունն ու ուշիմությունը, հետո նոր սկեսրոջ բերած կամ չբերած խավիծի պահը։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am