Նպաստավոր իրավիճակ փոփոխությունների համա՞ր. վերլուծաբաններն ասում են, որ ամեն ինչ կախված է ընդդիմության հետագա քայլերից

Մարտիմեկյան արյունալի իրադարձություններից ուղիղ երեք տարի անց Երևանը` ի դեմս ընդդիմության, կրկին թնդում էր բազմահազարանոց հանրահավաքային բացականչություններից:
Թեև առավոտից հաղորդվող` տրանսպորտային խոչընդոտների մասին լուրերին, որոնք ոստիկանությունը համառորեն հերքում էր, մարտիմեկյան հանրահավաքը վերջին երկու տարվա ընթացքում թերևս ամենաբազմամարդն էր: Ընդդիմության գնահատականներով` մասնակիցների թիվը գերազանցում էր 50 հազարը, ոստիկանությունը հաղորդում էր 10 հազարի մասին:
«Այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ,- Մատենադարանի հարթակից հայտարարել է ընդդիմադիր առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի նախագահների լուսանկարների կողքին հանրահավաքի մասնակիցները գլխավերևներում պահում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը. նրանց բոլորի դեմքերին էլ խաչեր էին քաշված ի նշան մերժումի, իսկ պաստառի վերևում նշված էր` «բռնակալներ»:

Քաղաքական վերլուծաբան, տեխնոլոգ Արմեն Բադալյանն ասում է, որ արաբական հեղափոխություններն ուղղակի ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա:

«Հայ ժողովուրդն էմոցիոնալ է, աշխարհում տեղի ունեցածն ուղղակի փիար էֆեկտ է ունեցել»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա ասում է, որ չնայած մարդկանց ակտիվությանը, այնուամենայնիվ, նույն փոփոխությունները չի ակնկալում:

2008-ի նախագահական ընտրությունները, որոնք ի դեմս առաջին նախագահ և թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության առաջնորդի փողոց հանեց հազարավոր մարդկանց, մարտի 1-ին ողբերգական հանգուցալուծում ունեցան` բախումների հետևանքով թողնելով առնվազն տասը զոհ և հարյուրավոր վիրավորներ: Երկրում արտակարգ դրություն մտցվեց, ԶԼՄ-ներին արգելվեց բացի «պաշտոնականից» այլ տեղեկատվություն հրապարակել:

Սակայն ժամանակի ընթացքում նվազեց ընդդիմության հանրահավաքների մասնակիցների թիվը, իսկ ոգևորությունն էլ տեղի տվեց հիասթափության, հանրահավաքները դարձան ավելի ու ավելի սակավաթիվ:

Այնուամենայնիվ, ընդդիմության պասիվությունը, ըստ որոշ վերլուծաբանների, լիցքեր ստացավ «դոմինոյի էֆեկտի» նման բռնկված արաբական աշխարհի հեղափոխական տրամադրություններից` կրկին փողոց հանելով հազարավոր մարդկանց:

Թեև իշխանությունները բացառում են Հայաստանում սոցիալական խռովությունների հավանականությունը, սակայն վերլուծաբանները համոզված են, որ երկրում բարձրացած դժգոհության ալիքը խիստ նպաստավոր է ընդդիմության շարքերի համալրման համար:

Սոցիալական բևեռացման, արտագաղթի, դժգոհ քաղաքացիների, հարկային բեռի, խոսքի ազատության, արտահերթ ընտրությունների և հասարակությանը հուզող այլ հարցերի մասին էր մարտի 1-ին ընդդիմության առաջնորդի 15 կետերից կազմված հայտարարություն-պահանջագիրը իշխանություններին, որը մերթընդմերթ ընդմիջվում էր հանրահավաքի մասնակիցների բացականչություններով:

«Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ` օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` շեշտելով, որ դա վերջին զգուշացումն է իշխանություններին:

Սակայն իշխանական ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը խոսում էր ոչ թե երկխոսության մասին, այլ պահանջներ էր ներկայացնում:

«Իշխանությունները մշտապես խոսել են երկխոսության պատրաստակամության մասին, սակայն արտահերթ ընտրությունները որպես միակ առանցք ունենալը ոչ թե երկխոսություն է, այլ պահանջ»,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը:

Նա ասում է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ` սոցիալական, տնտեսական ճգնաժամի հետևանքները և այլն, սակայն «խնդիրներն այնքան խորը չեն, որ մարդկանց տանեն սոցիալական բունտի»:

Իշխանության ներկայացուցչի հետ համաձայն չէ անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, նա ասում է, որ վերջին ժամանակների սոցիալական բևեռացումը` թռիչքային գնաճը, սոցիալական շերտերի ճնշվածությունը երկրում ստեղծել են պայթյունավտանգ իրավիճակ:

«Հայաստանում չկա մի սոցիալական շերտ, որ գոհ լինի, հազվագյուտ իրավիճակ է ստեղծվել, ինչը ընդդիմության ճիշտ քայլերի դեպքում կարող է հանգեցնել պայթյունի` հեղափոխության, քաոսային իրավիճակի,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը: – Ընդդիմությունը ներկայումս ունի բոլոր խաղաքարերը իրավիճակից օգուտ քաղելու համար, մնում է սպասել այդ քայլերին»:

Դժգոհ տրամադրությունների մասին է խոսում նաև Արմեն Բադալյանը: Նա ասում է, որ նախագահական ընտրություններից գրեթե երկու տարի առաջ աննախադեպ նոր հուշագրի ստորագրումը իշխանական կոալիցիայի ներսում փետրվարի 17-ին, որով կողմերը պարտավորվել են գալիք ընտրություններում աջակցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լիովին թուլացրել է արդեն իսկ մեծ ընտրազանգված ունեցող «Բարգավաճ Հայաստանի» դիրքերը:

Կոալիցիոն համաձայնագիր ստորագրող կողմերը հապշտապ քայլը բացատրել են «երկրի առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով»:

«Մարդիկ սոցիալ-տնտեսական դժգոհությունից բացի նաև կորցրել են հավատը ԲՀԿ-ի հանդեպ, և այս իրավիճակում նրանց մեծաթիվ ձայները կարող են լիովին անցնել ընդդիմադիր ՀԱԿ-ին,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը: – Այս դեպքում մնում է սպասել ՀԱԿ-ի հետագա քայլերին, թե ինչպե´ս կկարողանա օգտագործել իրավիճակը»:

Մարի Ներսեսյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

Ֆոտոպատմությունը`այստեղ

© Medialab.am