Հակամարտություն. ի տարբերություն համանախագահների, Ղարաբաղում ակնկալիքներ չունեն Կազանից

Հակամարտություն. ի տարբերություն համանախագահների, Ղարաբաղում ակնկալիքներ չունեն Կազանից
Հակամարտություն. ի տարբերություն համանախագահների, Ղարաբաղում ակնկալիքներ չունեն Կազանից

Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղ կատարած իրենց այցելության ժամանակ հունիսի 8–ին հրավիրված մամլո ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե ակնկալիքներ ունեն Կազանում` հունիսի 25-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպումից, Ղարաբաղում այդ տեսակետը չեն կիսում:
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, թե Կազանից ակնկալիքները շատ չնչին են:
«Կազանում չի կարող որեւէ բեկում լինել, կամ վերջնական որեւէ փաստաթուղթ ստորագրել, դա ընդհանուր, ընդհանրակական ինչ-որ պայմանավորվածություն կարող է լինել: Ինչի հավանականությունն էլ ըստ իս` շատ քիչ է»,- «Մեդիալաբին» ասում է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքից Ղարաբաղ մեկնած համանախագահները` հունիսի ութին հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ նախագահը համանախագահներին ասել է, թե «առանց բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ-ի մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում»:

Այդ հանդիպումից հետո, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում»:

Իր հերթին ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ լրագրողներին ասել է, թե նախագահ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի առաջիկա հանդիպման մասին, որտեղ կքննարկվի հիմնարար սկզբունքների վերջնական տեսքի բերելու հարցը:

«Եթե նրանց հաջողվի համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, ապա դրանք կհստակեցվեն առաջիկայում Կազանում կայանալիք նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ»,- ասել է Պոպովը:

Մեկնաբանելով այս հակասությունը, Դավիթ Բաբայանն ասում է. «Մենք ասում ենք, որ պետք է մասնակցենք բանակցություններին, իսկ մնացածը` թե իրենք ի՞նչ կանեն, ո՞նց կանեն, դա իրենց պրոբլեմն է»:

Միաժամանակ Բաբայանն ասում է, թե միակ ակնկալիքը Կազանից ԼՂ հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում խաղաղ ձեւաչափի պահպանումն է:

«Կարեւորն այն է, որ պահպանվի բանակցությունների խաղաղ ձեւաչափը»,- ասում է նա:

ԱԳՆ մամլո նախկին խոսնակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ ԼՂՀ նախագահի եւ համանախագահների հայտարարությունների մեջ` դիսոնանս կա:

«Ակնհայտ տարբերություն կա, եւ պետք է ներդաշանակցնել այս վիճակը: Իսկ դա կարող է անել միայն ՀՀ ԱԳՆ-ն, ով պետք է նախ գնահատական տա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների Դովիլի հայտարարությանը, ինչպես նաեւ, պետք է համերաշխություն հայտնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշմանը»,- ասում է Կարապետյանը:

Նրա խոսքով, երեք նախագահների, (ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի), Դովիլում հնչեցրած հայտարարության մեջ, որտեղ նրանք խոսում են հիմնարար սկզբունքների համամաձայնեցման անհրաժեշտության մասին, «նախատեսված է երկու երկրների ստորագրությունը` Կազանում կայանալիք հանդիպմանը»:

Այսինքն, ըստ Կարապետյանի, Կազանում եթե փաստաթուղթ ընդունվի, ապա այն պետք է ստորագրեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը, առանց Ղարաբաղի:

«Քանի որ այնտեղ խոսք է գնալու տարածքների մասին, ինչպես նաեւ այլ խնդիրների մասին, իսկ մենք մշտապես ասել ենք, որ այդ տարածքները ԼՂ վերահսկողության տակ են, ապա ինձ համար անհասկանելի է, թե ինչպե՞ս կարող է այդ փաստաթուղթը ստորագրվել առանց ԼՂ մասնակցության եւ համաձայնության»,- ասում է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կազանում հունիսի 25-ին կայանալիք երեք երկրների ղեկավարների հանդիպումից առաջ, պետք է կայանա երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Այդ նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 11-ին հանդիպելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների` Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am