Ադրբեջանի նավթային հարստությունը շարքային աշխատողների համար չէ

Ադրբեջանի նավթային հարստությունը շարքային աշխատողների համար չէ
Ադրբեջանի նավթային հարստությունը շարքային աշխատողների համար չէ

«Բոլորն ասում են, որ եթե մենք նավթագործներ ենք, ուրեմն ամեն ինչ հիանալի է մեզ մոտ, բայց իրականում այդպես չէ», – ասում է Նայիբա Մեհդիեւան:
Մեհդիեւայի ամուսինն աշխատում է նավթային արդյունաբերության ոլորտում, որը հսկայական եկամուտներ է բերում այս փոքրիկ երկրին:

Սակայն նավթի եւ գազի արտադրության ամենավտանգավոր փուլին`անմիջապես արդյունահանմանը մասնակցող բանվորները այս հսկայական եկամուտների չնչին մասն են տեսնում:

Մեհդիեւների ընտանիքը շատերի նման բնակվում է Բաքվի ծայրամասերից մեկում գտնվող հանրակացարաններից մեկում: Իրենց չափահաս դստերը մի փոքր անձնական տարածք տրամադրելու համար, Մեհդիեւները ստիպված են եղել պարզապես վարագույրով առանձնացնել իրենց սենյակի կեսը:

«Ո՞վ կուզենա ամուսնանալ հանրակացարանում բնակվող մեկի հետ», – դժգոհում է Մեհդիեւան:

Բաքվի ծայրամասերից մեկում`Բակիխանովում գտնվող այս հանրակացարանում նավթագործների 104 ընտանիքներ են բնակվում:

Յուրաքանչյուր ընտանիքին, անկախ անդամների թվից, հանրակացարանում մեկ սենյակ է հատկացված: Նեղլիկ սենյակներում տեղ ու դադար չկա կահույքից, եւ մարդիկ հազիվ են այստեղ տեղաշարժվում:

Աբբաս Շիրինովի`7 անդամներից բաղկացած ընտանիքն այսպիսի մի սենյակ է զբաղեցնում:

Շիրինովը նավթագործ է դարձել 1988-ին եւ այժմ ամսական 400 մանաթ է վաստակում (շուրջ 500 դոլար): Նա, շատ այլ նավթագործների նման, սպասում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության`«SOCAR»-ի կողմից խոստացած բնակարաններին:

«Երկար ժամանակ է, ինչ բնակարանային հերթում եմ: Ես նամակ գրեցի «SOCAR» ընկերությանը, բայց պատասխան նամակում նրանք առաջարկեցին, որպեսզի ես տուն գնեմ բնակշինարարական կոոպերատիվում: Այս չնչին աշխատավարձով հազիվ եմ ընտանիքիս հոգսը հոգում, ինչպե՞ս կարող եմ կոոպերատիվին միանալ: Սա վիրավորական է», – ասում է նա:

Ադրբեջանական գազի եւ նավթի վաճառքից ստացվող շահույթի ծավալը ենթադրում է, որ ենթակառուցվածքային մեծ նախագծերի համար գումար հատկացնելն իրականում խնդիր չէ: Այս արդյունաբերությունից ստացվող եկամուտները փոխանցվում են Պետական նավթային հիմնադրամին, որը նպատակ ունի բաժանել այս գումարը ներկայիս եւ հետագա սերունդների միջեւ: Այս հիմնադրամի ունեցած 65 միլիարդ դոլարի չափով պաշարների կեսից ավելին է միայն ծախսվել, սակայն նավթագործները, որոնց շնորհիվ էլ գոյացել է այս գումարը, ասում են, որ այս հիմնադրամի շահառուների ցուցակի վերջում են գտնվում:

«Ադրբեջանում որոշ զարգացում կա, բայց սա չի վերաբերում նավթագործներին, նույնիսկ չնայած այն փաստին, որ երկրի ողջ տնտեսությունը կախված է նավթից: Մենք`նավթագործներս, սարսափելի պայմաններում ենք ապրում: Մեզանից շատերը հանրակացարանում են բնակվում», – ասում է նավթային արդյունաբերության ոլորտում 27 տարի շարունակ աշխատող Ալովսաթ Գուրբանովը:

«Նավթագործ դարձա դեռեւս Խորհրդային կարգերի ժամանակ: Այն ժամանակ աշխատողներին գնահատում էին, հատկապես`նավթագործներին: Ամսական աշխատավարձս կազմում էր 400-500 ռուբլի, եւ այդ գումարով զարմանալիորեն լավ էինք ապրում: Եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ես վաղուց արդեն երեք կամ չորս սենյականոց բնակարան կունենայի», – վերհիշում է Գուրբանովը:

«Ադրբեջանցի նավթագործը միլիոնատեր հոր աղքատ զավակն է», – ասում է Նավթագործների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միրվարի Ղահրամանլին:

«Նրանք [բանվորները] նավթ են արդյունահանում եւ իրենց ուսերի վրա կրում այս ծանր աշխատանքի բեռը, սակայն նրանց աշխատավարձը չնչին գումար է կազմում, իսկ աշխատանքային պայմանները վատն են», – ասում է Ղահրամանլին`հավելելով, որ «SOCAR»-ը պարտավոր էր իր աշխատողներին բնակարաններով ապահովել, ինչպես նախատեսված է նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում:

Պետական նավթային ընկերությունն իր հերթին պնդում է, որ վաղուց է զբաղվում հատուկ սուբսիդավորված բնակարանների ապահովման գործընթացով: «SOCAR» ընկերության մամլո խոսնակ Նիյամեդդին Գուլիեւի խոսքերով`բնակարանների որոշ մասն արդեն պատրաստ է, մնում են միայն վերջնական մի քանի շտկումներ, որպեսզի մարդիկ կարողանան այնտեղ տեղափոխվել 2012-ի առաջին կեսին:

«Տուն ստանալու իրենց հերթին սպասող նավթագործները կարող են գնել այս բնակարանները. նրանք կվճարեն բնակարանների արժեքի կեսը, իսկ մյուս կեսը կվճարի «SOCAR»-ը», – ասում է Գուլիեւը:

Տարեսկզբի տվյալներով`բնակարանային հերթում «SOCAR»-ի 6 200-ից ավել աշխատողներ են գրանցված, որոնցից 5 700 գտնվում են Բաքվում:

Բաքվում գործող Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանն այն կարծիքին է, որ «SOCAR»-ը կարող է իր աշխատողներին վճարվող աշխատավարձը բարձրացնել եւ բարելավել նրանց աշխատանքային պայմանները միայն իր 79 000-անոց անձնակազմում կրճատումներ անելու միջոցով:

«Ասում են`Արեւմուտքում մեկ միլիոն տոննա նավթ արդյունահանելու համար 1 000 աշխատող է անհրաժեշտ: Հետեւաբար, Ադրբեջանում պետք է 10 հազար աշխատողներ լինեն SOCAR-ի`7 միլիոն տոննայի չափով տարեկան արտադրանքի ծավալներն ապահովելու համար: «SOCAR»-ի մատյաններում բազմաթիվ ավելորդ աշխատողներ կան… Այստեղ միջին աշխատավարձը կազմում է 600 մանաթ, սակայն եթե աշխատողների քանակը կրճատվի`հասնելով 10 հազարի, ապա միջին աշխատավարձի չափը կարող է հասնել 1 600 մանաթի, իսկ նավթագործների կենսապայմանները կբարելավվեն», – ասում է նա:

Նենսի Թալիբովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):